«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան»
Էդւարդ Սիանոսեանն անմահացել է Ջերմուկում, 2022 թւականի սեպտեմբերի 13-ին
Լիանայի եւ եղբօր՝ Էդւարդի տարիքային տարբերութիւնը շատ չէ, ընդամէնը՝ երկու տարի: Քոյրիկն աւագն է եւ յիշում է եղբօր մանկութիւնն ու պատանեկութիւնը, նրա հետ անցկացրած ամէն ակնթարթը: Ասում է՝ եղբայրը շատ մեծ դժւարութեամբ է լոյս աշխարհ եկել: «4,5 կիլոգրամ քաշ է ունեցել Էդւարդը: Անգամ ինչ-որ պահի բժիշկները երկընտրանքի առջեւ են կանգնել եւ դիմել են հայրիկիս՝ կա՛մ մայրիկի կեանքը պիտի փրկէին, կա՛մ երեխայի: Բայց, բարեբախտաբար, ամէն ինչ լաւ աւարտ է ունեցել, եւ ընտրութիւն կատարելու անհրաժեշտութիւն բժիշկները չեն ունեցել»,- «Փաստի» հետ զրոյցում ասում է Լիանան:
Խօսելով եղբօր բնաւորութեան մասին՝ նշում է՝ նա շատ հանգիստ, զուսպ, համեստ երեխայ էր: «Երբեք չի ներքաշւել վէճերի ու կռիւների մէջ: Երբեք որեւէ մէկին նեղութիւն չի տւել որպէս երեխայ, նոյն կերպ էր նաեւ աւելի հասուն տարիքում: Շատ գաղտնապահ էր, եւ իրենից որեւէ բան իմանալ չէիր կարող: Տարիքով փոքրն ինքն էր, բայց միշտ իր հետ հաշւի էի նստում, չէի կարող առանց իր իմացութեան որեւէ բան անել: Անպայման պէտք է իր կարծիքն ասէր: Գուցէ նաեւ այդ հասունութիւնն էր պատճառը, որ սիրում էր շփւել իրենից աւելի մեծերի հետ: Իր տարիքի համեմատ շատ հասուն մտածելակերպ ունէր»: Էդւարդը սովորել է Փոքր Վեդու՝ Մարգար Յովհաննիսեանի անւան միջնակարգ դպրոցում։ 9-ամեայ կրթութիւն ստանալուց յետոյ ընդունւել է Արտաշատի պետական կոլէջի «Փոխադրումների կազմակերպում եւ կառավարում տրանսպորտում» բաժին։ Լիանան ասում է՝ եղբայրը գերազանց չէր սովորում:
«Իր սէրն ու հետաքրքրութիւնն ուղղւած էին մեքենաներին, ուզում էր դրանց վերանորոգման հարցում հմտանալ: Ինձ ու մայրիկին էլ միշտ ասում էր՝ կոլէջն աւարտելուց յետոյ սովորելու եմ «Սեւ շէնքում»: Արդէն ծառայելու շրջանում որոշել էին, որ մի քանի ընկերներով պէտք է գնան Ռուսաստան, միասին բիզնես հիմնելու գաղափար ունէին: Ասում էր՝ զօրացրւեմ, մեկնելու եմ Ռուսաստան, զբաղւենք մեր գաղափարի իրագործմամբ, յետոյ արդէն կանցնեմ մնացեալ հարցերին»: Էդւարդի նպատակները շատ էին, բազմագոյն, ու հետաքրքիր կեանքն առջեւում էր: Էդւարդը պարտադիր զինւորական ծառայութեան է զօրակոչւել 2021 թ. մարտի 11-ին։
Ծառայել է Ճամբարակում, այնուհետեւ՝ Ջերմուկում։ Լիանան պատմում է՝ հայրիկը 1995 թ.-ին, երբ ժամկէտային զինծառայող է եղել, Այգեպարում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազէնային վիրաւորում է ստացել: «Ընտանիքին նրա մահւան լուրն էին հասցրել: Բայց մինչեւ տատիկս ու պապիկս հասել էին հիւանդանոց, բժիշկների շնորհիւ հայրիկս, կարծես, վերակենդանացել էր: 2020 թ. մարտի 10-ին, երբ դեռ պատերազմ չկար, հօրեղբօրս տղան՝ Զոհրաբ Սիանոսեանը, որը նոր-նոր անցել էր պայմանագրային զինծառայութեան, զոհւեց Երասխում: Թշնամին նրան նշանառութեան տակ էր վերցրել, գլխի շրջանում ստացած վիրաւորումից միանգամից մահացել էր: Իր երկու դասընկերները զոհւեցին 44-օրեայ պատերազմի ժամանակ:
Էդւարդն անասելի ծանր էր տանում նրանց մահը: 44-օրեայ պատերազմում զոհւել է նաեւ մեր քեռու տղան՝ Նարեկ Սահակեանը: Էդւարդը ոչ մի արարողութեան չմասնակցեց, ասում էր՝ չեմ կարող այդ ամէնը տեսնել: Հոգեբանօրէն բաւականին ծանր վիճակում էր: Իր ներսում վրէժ լուծելու միտքը կար: Անընդհատ ասում էր՝ իմացէք, եթէ մի բան լինի, յետ չեմ գալու, մինչեւ վերջ կը գնամ»: Լիանան նշում է՝ եղբօր ծառայութիւնը շատ լաւ է անցել: «Վերջին արձակուրդին, երբ արդէն պէտք է զօրամաս վերադառնար, արագ-արագ հագնւում էր, մայրիկս ասաց՝ Էդօ՛ ջան, ինչի՞ ես շտապում, պատասխանեց՝ մա՛մ ջան, շուտ հագնւեմ, գնամ տուն։ Մամաս արձագանգեց՝ քո տունը սա է: Եղբայրս էլ, թէ. «Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան, մինչեւ զօրացրւեմ ու գամ»: Որքան էլ տուն գար, միեւնոյնն է, իր ուշքն ու միտքն իր ծառայութեան վայրում էր»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լոյս 13-ի գիշերը Ադրբեջանը յարձակում գործեց Հայաստանի վրայ մի քանի ուղղութեամբ: Քոյրիկը յիշում է՝ դրանից առաջ երեք ամիս դիրքերում է եղել եղբայրը:
«Շատ էր յոգնել, ասում էր՝ չեմ դիմանում: Շուտ էր իջել դիրքից, խնդիրներ էին առաջացել հրամանատարութեան հետ, եւ, որպէս պատիժ, իրեն նորից դիրքեր էին բարձրացրել: Իրենց մեղադրում եմ. եթէ այդ ժամանակ իրեն չուղարկէին դիրքեր, հիմա իմ եղբայրը կարող էր կողքիս լինել»: Սեպտեմբերի 12-ին է եղել Էդւարդի հետ վերջին զրոյցը: «Այդ օրը մեռելոց էր, տարբեր տեղեր պիտի գնայինք: Իսկ եղբայրս էլ կարծես անընդհատ ուզենար մեզ հետ խօսել: Այդ օրը երեկոյեան զանգի ժամանակ շատ տարբեր բաներ՝ ուտելիք եւ այլ իրեր ուզեց հայրիկիցս: Նա էլ ամէն ինչ գնել էր, որ առաւօտեան շուտ ուղարկեր եղբօրս: Բայց առաւօտեան ամէն ինչ իրար խառնւեց: Սեպտեմբերի 12-ին ժամը 23:30-ին զանգել էր մեր հօրեղբօր տղային: Նա Կարճաղբիւրում էր ծառայում, երկու ամսւայ զինծառայող էր: Ասել էր՝ Գոքո՛ր, իրավիճակը խառն է, եթէ պատերազմ լինի, յանկարծ չվախենաս, քեզ ձիգ կը պահես: Նաեւ ընկերոջ հետ էր զրուցել:
Նա նոր էր զօրացրւել, Ռուսաստանում էր: Ընկերն ասել է՝ Էդօ՛, քեզ ձիգ կը պահես, ուշադիր կը լինես: Եղբայրս էլ արձագանգել է՝ չմտածես, քո ախպէրն ուժեղ է, ոչ մի թուրք չի կարա ինձ խփի»:
Էդւարդն իր 9 մարտական ընկերների հետ եղել է Ջերմուկի թիւ N մարտական դիրքում: Երդւել են՝ միասին մինչեւ վերջ մնալու են դիրքում, չեն նահանջելու: Տղաներն անհաւասար մարտ են մղել մի քանի հարիւրի հասնող թշնամու զինուժի դէմ՝ չզիջելով իրենց դիրքը, չնահանջելով: «Իրենց դիրքի առջեւով է ճանապարհը դէպի Ջերմուկ մտնում: Տղէրքը քաջաբար կռւել են ու պահել Ջերմուկը։ Հրամանատարն ասում է՝ թէ հիմա Ջերմուկն ունենք, այդ դիրքի տղէրքին ենք պարտական, որ թոյլ չեն տւել թշնամուն զինտեխնիկան քաղաք իջեցնի»: Տղաներն անմահացել են սեպտեմբերի 13-ին: Իսկ յետոյ ընտանիքը սկսում է Էդւարդին փնտրելու ճանապարհը: «16 օր իրեն ամէն տեղ փնտրել ենք: Երբ նա չզանգահարեց, ու մեր զանգերն անպատասխան մնացին, ես ու հայրիկս կարծես գիտակցէինք՝ եթէ չի զանգում, ուրեմն չկայ:
Մայրիկս սպասում էր, յոյսը չէր կորցնում: Յետոյ սոցիալական ցանցերից մէկում տեսանիւթ գտանք, որտեղ գերիներն էին: Նրանց մէջ մէկին նմանեցնում էին եղբօրս: Այդ ժամանակ ծնողներս որոշեցին Կարմիր խաչին դիմել: Նոյն օրը տուն վերադառնալիս հայրիկս մամայիս ասել էր՝ արի նաեւ անալիզ յանձնենք, որքան էլ մեզ համար դժւար է: Սեպտեմբերի 29-ին զանգ ենք ստացել, որ համընկնում կայ: Հայրիկս ճանաչել էր եղբօրս»: Ապրելու ուժի մասին: «Մինչեւ հիմա չեմ ընդունում իր չլինելը: Մօտ մէկ տարի շատ վատ հոգեվիճակում էի, չէի ուզում որեւէ մէկին տեսնել, որեւէ մէկի հետ խօսել: Յետոյ եկաւ այն գիտակցումը, որ այսօր իմ ծնողների յոյսն ու հաւատը ես եմ: Ոտքի կանգնեցի, որովհետեւ տեսնում էի, որ հակառակ դէպքում ծնողներիս կը կորցնեմ, իրենք անասելի կոտրւած էին, իսկ իմ ընկճւածութիւնն իրենց աւելի վատ հոգեվիճակի մէջ էր դնում: Հիմա ամէն ինչ անում եմ, որ իրենք ուրախ լինեն: Վարորդական իրաւունք ստացայ, մագիստրատուրա ընդունւեցի ու գիտեմ, որ այս ամէնն իրենց համար շատ կարեւոր է, իրենց ուժ է տալիս»:
Յ. Գ. – Էդւարդ Սիանոսեանը յետմահու պարգեւատրւել է «Մարտական ծառայութեան» մեդալով։ Յուղարկաւորւած է Փոքր Վեդու ընտանեկան գերեզմանատանը»:
«Փաստ»