Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արա Այւազեան. ««Կանխատեսելի» խաղաղութիւն՝ անկանխատեսելի աշխարհում»

«ԱԼԻՔ» – «Այլընտրանքային» նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այւազեանի յօդւածը.

«Հայաստանի հասարակութեանը «խաղաղութեան» նախապատրաստելու համար տեւական ժամանակ իրականացւում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրւած է «մենք չենք ճանաչում աշխարհը, ու աշխարհն էլ չի ճանաչում մեզ» ձեւակերպումը: Իրականում, մեր իմացած աշխարհն արդէն տեւական ժամանակ է՝ գոյութիւն չունի եւ բոլորի համար է դարձել անճանաչելի: Իհարկէ, պէտք է ելնել այն իրողութիւնից, որ աշխարհը կամ, աւելի ճիշտ, աշխարհակարգերը միշտ էլ ունեցել են իրենց սկիզբն ու վերջը: Մեծ, միջին եւ փոքր երկրներն առաջնորդող պետական այրերից հէնց այս՝ հին աշխարհակարգից դէպի նորը տանող անցման անորոշ եւ վտանգաւոր ժամանակաշրջանում պահանջւում է հմտօրէն եւ խոհեմաբար վարել իրենց պետութեան նաւը դէպի ապահով ապաստարան: Այս պատասխանատու առաքելութեան յաջողութիւնը պայմանաւորւած կը լինէր, ի թիւս այլ գործօնների, գիտակցւած ուղեցոյցի առկայութեամբ: Այնուամենայնիւ, նման ուղեցոյց գոյութիւն չունի. այսօր նոյնիսկ աշխարհի «մեծերը» չգիտեն, թէ ինչպէս կաւարտւի գլոբալ շահերի ընթացիկ բախումը: Վերահաս ապագայի եւ մեր ազգային շահերի ապահովագրման ուղիների վրայ որոշակի լոյս կարող են սփռել պատմութիւնը եւ ներկայիս գործընթացներում ներգրաււած դերակատարների վարքագիծը:

 

Ամերիկան` Առաջին համաշխարհայինից մինչեւ «երրորդ եւրոպական»

Առաջին աշխարհամարտի ժամանակ, յատկապէս 1917 թ. յետոյ, Գերմանիան կարող էր հանգիստ ամրապնդել իր նւաճումներն Արեւելքում եւ ընտրել յարմար պահ՝ Արեւմուտքում իր ուժասպառ հակառակորդների դէմ ջախջախիչ յարձակում սկսելու համար, եթէ չլինէր ամերիկեան միջամտութիւնը։ Առանց ամերիկեան օգնութեան Անտանտի դաշնակիցները դժւար թէ պարտւէին Մեծ պատերազմում, բայց առանց ամերիկացիների նրանք չէին էլ յաղթի այդ հսկայական դիմակայութեան ընթացքում: Յետպատերազմեան Վերսալեան կարգաւորմամբ ձեւաւորւած նոր աշխարհակարգն արտացոլում էր ուժերի իրական յարաբերակցութիւնը եւ գործեց այնքան ժամանակ, քանի դեռ Միացեալ Նահանգները մնացին այդ համակարգում: Առանց հակակշռի՝ ի դէմս ԱՄՆ-ի, եւրոպական համակարգը ժամանակի ընթացքում կը լուծւէր գերմանական հեգեմոնիայի ներքոյ, ինչը եւ տեղի ունեցաւ 1930-ակաների վերջին:

Ներկայիս գլոբալ հակամարտութիւնը շատ զուգահեռներ ունի Առաջին աշխարհամարտի հետ, յատկապէս այն տեսանկիւնից, որ այն վերածւել է հիւծող պատերազմի, որում կողմերից եւ ոչ մէկն ի վիճակի չէ վերջնական յաղթանակ գրանցելու: Միեւնոյն ժամանակ, ինչպէս եւ նախորդ դարում, Միացեալ Նահանգների դերակատարութիւնը մնում է առանցքային: Այն, որ ԱՄՆ անվտանգային միջավայրն անհամեմատ աւելի բարենպաստ է համաշխարհային ասպարէզում, տարբեր հնարաւորութիւններ է նրան ընձեռում բանակցութիւններում: Այդ իմաստով, նախագահ Թրամփի «ռազմավարական անակնկալները» ցնցում են ողջ աշխարհը: Թրամփի անկանխատեսելիութիւնը նշանակում է, որ նա իրեն առաւելագոյն ճկունութիւն է վերապահել Ռուսաստանի հետ բանակցութիւններում։ Իր նախընտրական քարոզարշաւի ժամանակ յայտարարելով, որ Ուկրաինայում եւրոպական պատերազմ է, այլ ոչ թէ՝ ամերիկեան, Թրամփը Ռուսաստանին ուղերձ էր յղում, որ նա կարող է առանձին գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, ինչը եւ տեղի է ունենում ներկայումս:

 

Հին Եւրոպան եւ նոր Թուրքիան

Եւրոպան, որն իրեն դրսեւորում էր որպէս համաշխարհային դերակատար, յանկարծակիի եկաւ, երբ հասկացաւ, որ առանց ԱՄՆ-ի անվտանգային հովանոցի եւ մայրցամաքային մարտահրաւէրների յաղթահարման գործում նրա ուղղակի ներգրաււածութեան, կարող է կրկին առճակատւել աւանդական խնդիրների հետ, որոնք ժամանակին քայքայեցին Հին Աշխարհը: Հետեւաբար, ԵՄ-ն հիմա խելայեղօրէն փորձում է մի կողմից երաշխաւորել ատլանտեան հովանոցը, իսկ միւս կողմից պատրաստւել Ռուսաստանի դէմ պատերազմի: Ճգնաժամային այս իրավիճակում ակնյայտ են դառնում նաեւ կազմակերպութեան ներքին տարաձայնութիւնները, իսկ երբեմն նաեւ՝ կենտրոնախոյս ձգտումները, որոնք կարող են ժամանակի ընթացքում ուժեղանալ: Այս համատեքստում ուշագրաւ է Էրդողանի յայտարարութիւնը, որ միայն Թուրքիայի անդամակցութիւնը ԵՄ-ին կարող է կասեցնել եւրոպական բլոկի հզօրութեան ու ազդեցութեան շարունակական կորուստը։ Խիստ կասկածելի է, որ Անկարայի առաջարկած «գործարքը» կը պսակւի յաջողութեամբ, բայց անհերքելի է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակութիւնը Եւրոպայի համար մեծապէս աճել է: Բրիւսէլ-Անկարա հեռահար շահերի համադրման այսպիսի պայմաններում միամտութիւն է վարել քաղաքականութիւն՝ յոյս ունենալով, թէ Եւրոպան կը զսպի Թուրքիա-Ադրբեջան ծաւալապաշտական նկրտումները եւ կընդդիմանայ վերջիններիս կողմից Հայաստանի կլանմանը՝ յատկապէս եթէ դա նպաստի Ռուսաստանի դուրս մղմանը Հարաւային Կովկասից:

 

Ռուսաստանի վերաիմաստաւորումները

Ռուսաստանը գտնւում է մնացած աշխարհի հետ յարաբերութիւնների վերաիմաստաւորման շարունակական գործընթացում՝ միեւնոյն ժամանակ առճակատւելով առողջ եւ արդիական տնտեսութիւն կառուցելու եւ արտաքին ազդեցութիւնն ընդլայնելու դժւարագոյն մարտահրաւէրների հետ: Նախորդ տարիների փորձն ի ցոյց դրեց, թէ որքան էին արդարացւած Մոսկւայի իրավիճակային լուծումները եւ որքանով դրանք նպաստեցին նրա դիրքերի ամրապնդմանը: Վերջին 1,5 տասնամեակում Ռուսաստանի աշխարհընկալման փոփոխութիւնը (եւրասիականութիւնը) կոչւած էր սպասարկելու իր արտաքին եւ անվտանգային առաջնահերթութիւնները: Այդ գաղափարախօսութեան կենսագործումը որոշ չափով չէզոքացրեց հնարաւոր սպառնալիքները եւ թեթեւացրեց Մոսկւայի տնտեսական բեռը կարճաժամկէտ փուլում, բայց նաեւ նորովի ընդգծեց ռազմավարական դաշնակիցների անհրաժեշտութիւնը: Ուկրաինայի ճգնաժամի հետեւանքով Մոսկւան զիջեց իր աւանդական դիրքերը մերձաւոր արտասահմանում (Հարաւային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա) եւ Մերձաւոր Արեւելքում (Սիրիա): Նոր պայմաններում, երբ ուրւագծւում են ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների վերալիցքաւորման հեռանկարները, պէտք է հասկանալ՝ որտեղո՞վ են անցնում Ռուսաստանի կենսական շահերի սահմանները, եւ որքանո՞վ է պահանջւած հայ-ռուսական ռազմավարական գործընկերութիւնը, որը նոր իրավիճակում, անշուշտ, պէտք է բովանդակային արդիականացման ենթարկւի փոխշահաւէտութեան հիմունքների վրայ: Այս պայմաններում պաշտօնական Երեւանը յայտարարում է Բաքւի հետ «խաղաղութեան համաձայնագրի» շուրջ բանակցութիւնների աւարտի մասին: Այս համաձայնութիւնները, նոյնիսկ եթէ ստորագրւեն ինչ-որ պահի, մեռելածին են, քանի որ մեր հարեւանը չի պատրաստւում խաղաղ համակեցութեանը եւ նորանոր ու անվերջանալի պահանջներով, որոնք ի վերջոյ բաւարարւում են, դարձնելու է Հայաստանը ոչ կենսունակ պետութիւն, որի գոյութիւնն ամբողջովին կախւած կը լինի Բաքւի եւ Անկարայի կամքից:

 

Մեզ արդէն չեն ճանաչում

Ինչ վերաբերում է նրան, որ աշխարհը մեզ չի ճանաչում, ապա հարկ է նշել, որ այդ պնդումը ճիշտ է. մենք դարձել ենք անճանաչելի: Աշխարհը մեզ ճանաչում ու յարգում էր, քանի դեռ մենք հանդէս էինք գալիս միջազգային ասպարէզում՝ որպէս Հայկական աշխարհ, որը կարեւոր ռազմավարական եւ քաղաքակրթական գործառոյթ էր իրականացնում: Այսօր Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը մնացել է անցեալում: Մենք լքեցինք Արցախը՝ իրականում լքելով ինքներս մեզ: Պատերազմի տագնապից փախչելով՝ մենք խորասուզւեցինք անվերջանալի մղձաւանջի մէջ: Արդիւնքում մենք կորցրինք յարգանքը մեր ազգի նկատմամբ, յարգանքը միմեանց նկատմամբ, յարգանքը մեր հանդէպ: Այն, ինչը կատարւեց եւ շարունակում է կատարւել, մեր մասին չէ: Պետութիւնների եւ ազգերի սեփական «ԵՍ»-ի վերագտնումը ծանր պարտութիւններից յետոյ յետպատերազմեան էլիտաների խնդիրն է, որոնց ներսում պէտք է իշխեն հեռատեսութիւնը, սեփական առաքելութեան պատասխանատւութիւնը եւ վերկուսակցական պատկերացումները։ Հասունացել է ժամանակը, որ վերագտնենք մեզ, մեր ներքին ուժը, մեր հաւատն ու արժանապատւութիւնը: Այդ ժամանակ աշխարհը նորից կը ճանաչի մեզ:

Related Articles

Back to top button