Արթուր Խաչատրեան. «ՀՀ իշխանութիւնը գաղտնի է պահում, թէ ադրբեջանցիք ե՞րբ եւ որքա՞ն տարածք են զաւթել»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը գրում է.
«Հերթական գաղտնիքը սեփական ժողովրդից…
Վերջերս սահմանազատման յանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորեանին հարցում էի ուղարկել, խնդրելով տրամադրել Հայաստանի այն գիւղերի ցանկը, որոնց տարածքներն օկուպացւած են Ադրբեջանի կողմից, ամէն գիւղից օկուպացւած տարածքների մակերեսը եւ երբ են այդ տարածքներն օկուպացւել։ Առաջին հարցիս ի պատասխան պրն․ Գրիգորեանն ուղարկել է Ազատութեան ռ/կ մի յօդւած, իսկ 2-րդ եւ 3-րդ հարցերը թողել է անպատասխան։ Փաստօրէն, Հայաստանի իշխանութիւնները գաղտնի են պահում, թէ ադրբեջանցիք որքան տարածք են զաւթել եւ երբ են զաւթել։ Ումի՞ց է այս տեղեկութիւնը գաղտնի։ Ադրբեջանը, բնականաբար գիտի, թէ երբ է զաւթել ու ինչքան է զաւթել, այլ երկրներ, ում այս հարցը հետաքրքրում է, բնականաբար նոյնպէս գիտեն։ Ո՞վ չգիտի։ Հայ ժողովուրդը։ Այս իշխանութիւնները, որոնք երդում պատռում էին, որ աշխարհի ամենա-ամենա թափանցիկն են, սեփական ժողովրդից գաղտնիք են պահում, թէ իրենց օրօք ոսոխը Հայաստանից որքան տարածք է զաւթել։ Գիւղերի ցանկից դատելով, զաւթւած տարածքների մեծագոյն մասն աւելի մօտ է մեր հարաւային սահմանին, քան հիւսիսային։ Ուրեմն տրամաբանական չէր սահմանազատումը սկսել հարաւից։ Տրամաբանական էր, բայց Ադրբեջանը չի թողել…»։ Լուրը հաղորդում է yerkir.am-ը: