Հայաստան - Արցախ

Ոստիկանութեան նռնակներից տուժածի կին. «Գլխից մինչեւ ոտքերը բեկորային վնասւածքներ են, այրւածքներ»

«ԱԼԻՔ» – Յունիսի 12-ին ոստիկանութեան կողմից նետած նռնակներից ձեռքի դաստակը գրեթէ կորցրած տղամարդու՝ Եսայիի կինը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Եսայու վիճակի մասին.

Վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասւել է, բժիշկները սկզբից մտածել են ամբողջութեամբ ամպուտացնել դաստակը, բայց յետոյ փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հաւաքել։ Որքանով ֆունկցիան կը վերականգնւի, դեռ պարզ չի։

Ձախ ձեռքը եւս վնասւած է, ափի հատւածում։ Վէրքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալութեան վրայ պէտք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատւածներում՝ գլխից մինչեւ ոտքեր բեկորային վնասւածներ են, այրւածքներ։ Կրծքի եւ թեւի հատւածում համեմատաբար խորն են, վրաները կարեր են դրւած։

Անկախ ամէն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է եւ առանց աջ ձեռքի էլ կապրի ու կը ստեղծի։

Ինչու է վերցրել նռնակը

Կողքին մի քանի նռնակներ են պայթել, այդ պահին մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։ Կադրերը նայած կը լինէք, ակնյայտ երեւում է, որ չի շտապում։

Իշխանութեան որոշ խեղկատակների պնդումները, թէ ոստիկանների կողմն էր նետում, ուղղակի զազրելի են։ Ի վերջոյ մի մոռացէք, որ այդ նռնակը ով է գցել։ Նռնակը նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանութեան հրամանով ու քաջալերանքով։

Արժէր որ վերցնէր, իհարկէ ոչ։ Աւելի զգոյշ էր պէտք լինել։ Բայց դէ երբ կողքդ քաոս է, նռնակներ են պայթում, այդ պահին սառը դատելը դժւար է։

Ինչ կամենում էք ամուսնուս ու իմ ընտանիքին, տասնապատիկը ստանաք։ Լաւը կը կամենաք, լաւը ստացէք, վատը կը կամենաք, վատը։

Բնականաբար չեմ անդրադառնում նիկոլական խաժամուժի գրածներին ու հայհոյանքներին։ Մարդիկ այնքան են ուղեղները լւացած ու զոմբիացած, որ մի տեղ անգամ կոչ էին անում ցուցարար վիրաւորներին բժշկական օգնութիւն ցոյց չտալ։ Սրան անդրադառնալն էլ ժամանակի անիմաստ կորուստ է։

Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի որեւէ արձագանգ, այց չի եղել։ Չէինք էլ ակնկալում որովհետեւ այսօրւայ ՄԻՊ-ը, իրականում ՆԻՊ է՝ Նիկոլի իրաւունքների պաշտպան։ Այնպէս ինչպէս ոստիկանութիւնը զինւել ու ուժեղացւել է մի նպատակով պահել ներկայիս իշխանութեանը, այդ նոյն տրամաբանութեան մէջ էլ աշխատում է իշխանութեան ՄԻՊ-ը։

Երկրորդն օրն է անցել, անգամ դատաբժիշկ չի եկել։

Ինչու են կառչած աթոռին։ Այս իշխանութիւնը վերջին վեց տարիների ընթացքում աւելի շատ կեղտ է կուտակել իր տակ, քան նախկին երեքը երեսուն տարում։ Պարզ է, որ իրենց համար աթոռին կառչելը գոյութեան կռիւ է։

Բայց դէ պարզ է, չէ, որ երկար չեն ձգելու։ Անգամ եթէ այս շարժումը չյաջողի, էներգիան որ կուտակւում է, մի օր պայթելու է։ Իրենք էլ են անցողիկ։ Մնում է մինչեւ երկրի ամբողջական կործանումը, կամ էլ ոստիկանական բռնատիրութիւն ստեղծելը հեռացւեն։

Յ. Գ. – Եսային բանակում ծառայած է։ 44-օրեայի սկսւելու երկրորդ օրը կամաւորագրւել է եւ մասնակցել պատերազմին առաջնագծում։ Թշնամու դէմ կռւում անփորձանք եկաւ, որ Երեւանի կենտրոնում սրանց ձեռքով այս օրը գցեն»։

Related Articles

Back to top button