Գեղամ Մանուկեան. «44-օրեայ պատերազմի Քննիչ յանձնաժողովի նիւթերն Անդրանիկ Քոչարեանը որոշել է դարձնել անձնական սեփականութիւն»
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում 2024 թ. բիւջէի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելոյթում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ «2024 թ. բիւջէով պաշտպանութեան ոլորտի ծախսերը 2018 թ. համեմատ աւելի քան կրկնապատկւում են»: Այսինքն, 2024 թ. բիւջէով Պաշտպանութեան ծախսերը կը կազմեն 555 միլիարդ դրամ՝ 2023 թ. համեմատ 37,7 միլիարդ դրամով աւելի։ Միւս կողմից, իշխանութիւններն ու իշխանամերձ շրջանակները, տեւական ժամանակ է, գլուխ են գովում, որ 2020 թւականի պատերազմի, այսպէս ասած, պայմանական աւարտից կամ սառեցումից 3 տարի յետոյ կարողացել են Հնդկաստանի եւ Ֆրանսիայի հետ սպառազինութեան կամ ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանաւորւածութիւններ ձեռք բերել եւ ինչ-որ բան էլ արդէն Հայաստան հասցնել, սակայն այս հարցում խնդիրներ կան լուծելու, էլ չասենք՝ բանակի դիմադրողականութեան բարձրացման առումով որքան բան կայ անելու:
ՀՀ Զինւած ուժերին, անվտանգային համակարգին եւ 44-օրեայ պատերազմին առնչւող մի շարք հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանի հետ:
– Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում յայտարարել էիք, որ 2023 թւականի 9 ամսւայ ընթացքում ՀՀ բիւջէի պաշտպանութեան ոլորտի կապիտալ ծախսերի կատարումը 55 տոկոս է: Այսինքն, նախատեսւած 226.6 մլրդ. դրամից ծախսւել է միայն 124.6 մլրդ.-ը: ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը ԱԺ-Կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ արձագանգել էր Ձեր պնդումներին եւ նշել, որ այն թւերը, որոնք հնչեցրել էք, արդէն ակտուալ չեն, որովհետեւ այդ թւերում փոփոխութիւններ կան տոկոսային առումով՝ 65 տոկոս կատարողականի է հասել: Աւելին, ըստ նրա, տարւայ աւարտին ընդառաջ՝ պրոցեսները շարունակւում են, մեծամասամբ հարցերը կապւած են լինում շինարարների կատարողականները ներկայացնելու հետ։
– Ես հասկանում եմ բառի ու բառերիս արժէքը, եւ յստակ էի նշել, որ Ֆինանսների նախարարութեան առաջին 9 ամսւայ հաշւետւութեան հիման վրայ է կատարողականը 55 տոկոս։ Անցնող ամսւայ ընթացքում աննշան է եղել փոփոխութիւնը։ Ելոյթումս կապիտալ ծախսերի թերութեան առումով նշել էի մի քանի ոլորտ, մասնաւորապէս՝ այս տարի Պաշտպանութեան նախարարութիւնը մեծ քարոզչութեամբ ու հասարակութեանը մոլորեցնելով ազդարարել էր, որ ՀՀ Զինւած ուժերը 2024 թւականին ունենալու են նոր հանդերձանք։ Աշխարհն էլ փուլ գայ, մինչեւ տարւայ վերջ այդ ծրագիրը չեն կարող իրականացնել, հետեւաբար՝ էլի կատարողականը մնալու է թերի։
Տեսնեմ՝ տարւայ աւարտին ինչ անակնկալ է պատրաստել Սուրէն Պապիկեանը, որի մասին յայտարարեց։ Ամէն դէպքում մեր պաշտպանութեան ոլորտում ցանկացած դրական բան միայն կարող է ուրախացնել մեր քաղաքացուն։ Բայց իրական, եւ ոչ թէ մանիպուլեատիւ արդիւնքը հանրութեանը մոլորեցնելու ուղղակի անվտանգային իմիտացիա ստեղծելն է։ Անլուրջ է, երբ ֆրանսիական ոչ այդքան պաշտպանւած Bastion զրահամեքենաների փոքր խմբաքանակը, կամ 30 մմ. նռնակների խմբաքանակի գնումը դարձնում են իշխանական բացայայտ եւ ֆէյքային քարոզչութեան նիւթ։ Յատկապէս սպառազինութեան ոլորտում մտահոգութիւնները չեմ կարող բարձրաձայնել, բայց երանի այդ վիճակը չլինէր։
– ՀՀ Զինւած ուժերի նոր հանդերձանքի մասին Ձեր խօսքում անդրադարձաք այն հարցին, որ նախորդ տարւայ բիւջէով նախատեսւած էր՝ ԶՈւ զինծառայողները 2024-ին պէտք է ներկայանան նոր հանդերձանքով, բայց դա չի լինի, քանի որ մրցոյթը չի կայացել: Ձեր այս յայտարարութեանը եւս Սուրէն Պապիկեանն արձագանգել էր եւ ասել, որ զինւորականի հագուստը պէտք է որակապէս լաւը լինի եւ համապատասխանի միջազգային չափանիշերին՝ ապահովելով նաեւ համապատասխան բովանդակութիւն: Իսկ մրցոյթը չի կայացել, որովհետեւ ընկերութիւնները 2-րդ փուլում միայն մէկ ուղղութեան համար են յայտ ներկայացրել, իսկ զինւորականի հագուստը միայն դաշտային չէ: Ի դէպ, նոր զրահաբաճկոններ արդէն կան, բայց հանդերձանքը, այո, նոր չէ:
– Արդարացումներն անտեղի են։ Հանդերձանքը փոխելն ու ԶՈՒ-ին 2024-ին նոր հանդերձանքով ներկայացնելը Պաշտպանութեան նախարարութեան խոստումն էր ու տեւական քարոզչութեան նիւթը։ Նրանց պարտականութիւնն էր այն կազմակերպելը։ Եթէ մրցոյթը չի կայացել, ումի՞ց պատասխան պահանջենք։ Կան պատասխանատուները, պարտաւոր էին այն իրականութիւն դարձնել։ Այսօր զինւորական կօշիկի որակի, անգամ բարձրագոյն հրամկազմում բազմագոյն հանդերձանքի առկայութեան համար կան կոնկրետ պատասխանատուներ, որոնք չեն կատարել իրենց պարտականութիւնները։ Սա է ցաւալի իրականութիւնը։ Մէկ տարւայ ընթացքում բազում օրէնսդրական եւ այլ լծակներ կային, որ արտադրողին շահագրգռէին, անգամ մղէին մասնակցել մրցոյթներին ու հանդերձաւորել մեր բանակը։
– Պարբերաբար յիշեցնում էք, որ Գլխաւոր շտաբում կարեւոր պաշտօնները դեռ թափուր են: Ձեզ համար պա՞րզ է պատճառը: Առհասարակ, Ձեր բարձրացրած հարցերը պաշտպանութեան նախարարի հետ փակ հանդիպումներում քննարկե՞լ էք, որովհետեւ Սուրէն Պապիկեանն իր պատասխան խօսքում ակնարկել էր, որ պատրաստ է քննարկումների:
– Բնականաբար, սա մի ոլորտ է, որին առնչւող կարողանում եմ հրապարակային բարձրաձայնել հարցերի մի փոքր մասը միայն։ Բազում պաշտօնական եւ ոչ-պաշտօնական քննարկումներում այդ խնդիրների մասին խօսում ենք, ահազանգում։ Կադրային բացն այդ հարցերից մէկն է։ Սա ունի խորքային պատճառ, որը պահանջում է համալիր լուծումներ։ Փաստն ակնառու է՝ անդադար ու շատ յաճախ չհիմնաւորւած փոխատեղումները, ազատումները կամ պաշտօնների թափուր մնալն անդառնալի բացասական հետեւանքներ են ունենում։ Կարեւորագոյն պաշտօնների թափուր մնալը թոյլ է տալիս հիմնաւոր կասկածներ ունենալ, որ պատճառը ոչ միայն կադրային սովն է, կամ ոչ այնքան կադրային սովն է, որքան քաղաքական նպատակայարմարութիւնների հարցը։
– Ի դէպ, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանն իր հերթին՝ բիւջէի նախագծի քննարկումների օրերին ԱԺ ամբիոնից յայտարարել էր՝ այն աշխատանքը, որն արւել է առաջնագծի տարբեր հատւածներում՝ իր ծաւալով ու որակով, եթէ ունենայինք շատ աւելի վաղ, ապա 44-օրեայ պատերազմի բաժանարար գիծը լրիւ այլ տարածքով կանցնէր: Նա նաեւ պնդել էր, որ Հայաստանն այլեւս օգտագործւած սպառազինութիւն ձեռք չի բերելու: Դուք ի՞նչ յաճախականութեամբ էք լինում դիրքերում, կը խնդրէինք թոյլատրելիի սահմանում նշել՝ ինչ պատկեր ունենք այսօր առաջնագծում եւ 2-րդ գծում:
– Նախ՝ Անդրանիկ Քոչարեանն ազնիւ չի իր յայտարարութիւններում։ Երկրորդ գծում շինարարական աշխատանքներ կատարելը չի նշանակում առաջնագծում լայնածաւալ շինարարութիւն իրականացնել։ Իրենց սովորութեան համաձայն՝ ուրանում են նախկինում արւածը, ուրանում են տասնամեակների աշխատանքը, որի մասին անգամ թշնամին է պատերազմից յետոյ բարձրաձայն խօսել: Թէկուզ Արցախի Հանրապետութեան ողջ արեւելեան սահմանի երկայնքով ամրաշինական կառոյցների համակարգերը թշնամու կողմից ակնածանքի էին արժանացել, որոնք Ադրբեջանին յանձնւել էին առանց մի կրակոցի, Նիկոլ Փաշինեանի ստորագրած կապիտուլիացիոն յայտարարութեամբ։
Ինչ վերաբերում է այսօրւայ վիճակին, ցաւալի է, որ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով եւ իշխանութեան գործողութիւնների՝ մեր կողմից բացայայտւած 2020 թւականի դեկտեմբերի 17-ի այդ ժամանակւայ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի ստորագրած փաստաթղթի պատճառով յատկապէս հարաւային հատւածում մեր զինւած ուժերը ստիպւած անհաւասար պայմաններում պարտադրւած էին նոր առաջնագիծ ձեւաւորել, եւ հիմա էլ գտնւում են կահաւորման փուլում։ Ինչ վերաբերում է չօգտագործւած զէնք գնելու մասին պնդումներին, աւելի շատ պոռոտախօսութիւն ու հանրութեանը մոլորեցնելու միտում կայ, քան իրականութիւն։
– Մի փոքր շեղւենք թեմայից. 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարեանը յայտնել էր, որ մէկ ամսով երկարաձգւել է Քննիչ յանձնաժողովի լիազօրութիւնների ժամկէտը մինչեւ դեկտեմբերի 3-ը, քանի որ ԱԺ-ն մէկ ամիս արձակուրդում է եղել: Բայց նոյեմբերի 3-ից յետոյ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի ժամանակ պաշտօնավարած որեւէ անձ չի հարցաքննւել դեռ: Ի դէպ, դարձեալ մեզ Անդրանիկ Քոչարեանն իր գրաւոր պատասխանում ասել էր, որ Ջալալ Յարութիւնեանը կը կանչւի, եթէ քրէական գործը նրա նկատմամբ փակւի: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրոյցում իշխանական պատգամաւորը գրեթէ նոյն բանն էր ասել՝ «իրաւական մի փոքր խնդիր կայ, եթէ դա լուծւում է», ապա Ջալալ Յարութիւնեանին կը լսենք Քննիչ յանձնաժողովում: Նման բան, մինչդեռ, նախկինում չի ասւել, թէպէտ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրէնքի 23-րդ յօդւածը սահմանում է, որ «Քննիչ յանձնաժողովի քննութեան առարկայ չեն կարող հանդիսանալ նախնական քննութեան կամ դատավարութեան որեւէ այլ փուլում գտնւող հարցերը, ինչպէս նաեւ այն հարցերը, որոնք հաստատւել կամ հերքւել են օրինական ուժի մէջ մտած դատական ակտով»:
– Այս հարցի շուրջ Արծւիկ Մինասեանը բաւականին հանգամանալից խօսել է։ Անդրանիկ Քոչարեանն արդարանում է, թէ Քննիչ յանձնաժողովի ժամկէտի հաշւարկում երկու տարւայ արձակուրդային ամիսները չեն հանւել։ Նոյն տրամաբանութեամբ, պատկերացրէք, որ խորհրդարանի պատգամաւորներն էլ ասեն, թէ իրենց օրէնքով սահմանւած 5 տարւայ պաշտօնավարման ժամկէտից պէտք է հանւեն 5 տարւայ արձակուրդային ամիսները եւ լիազօրութիւններն աւարտւեն 5 տարի եւ 5 ամիս յետոյ։ Սակայն անգամ այս անօրինական երկարաձգումը չի փրկի վիճակը։ Ինչպէս եւ կանխատեսել էինք, այս յանձնաժողովը տապալել է իր աշխատանքը եւ չի ունենալու հանրային վստահութիւն։
– Ի դէպ, եթէ օրէնքը թոյլ տար կամ հնարաւոր լինէր լսել ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանին, նա կը համաձայնէ՞ր մասնակցել Քննիչ յանձնաժողովի նիստին, Դուք տեսակցել էք նրան վերջերս:
– Այդ հարցում Միքայէլ Արզումանեանի կարծիքը չեմ հարցրել, թէեւ օրերս երկարատեւ տեսակցութիւն եմ ունեցել նրա հետ։ Բայց Արզումանեանի հաւանական դիրքորոշման մէջ պէտք է հաշւի առնէք այն հանգամանքը, որ ողջ կեանքը Արցախին նւիրած մարտական գեներալին անհիմն պահում են անազատութեան մէջ, եւ քաղաքական իշխանութիւնն իր ինքնապաշտպանութեան համար տարատեսակ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։
– Հնարաւորութիւն ունեցե՞լ էք ծանօթանալ Քննիչ յանձնաժողովում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օննիկ Գասպարեանի 2 օրւայ փակ հարցաքննութիւններին եւ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանի դռնփակ մէկ օրւայ հարցաքննութեանը: Անդրանիկ Քոչարեանն ասում է՝ չէք գնում նիստերին, բայց արդիւնքներին ցանկանում էք ծանօթանալ:
– Դա մեր սահմանադրական իրաւունքն էր, որը խախտւում է։ Ի դէպ, խախտւել է նաեւ գաղտնիութեան ողջ ռեժիմը։ Քննիչ յանձնաժողովի ողջ նիւթերի պահպանման համար ԱԺ աշխատակազմում կայ յատուկ բաժին, սակայն, որքան էլ տարօրինակ է, Անդրանիկ Քոչարեանը որոշել է այն դարձնել անձնական սեփականութիւն։
– Իսկ ընդդիմութիւնը հետաքրքրւա՞ծ է 44-օրեայ պատերազմի հանգամանքների բացայայտմամբ: Նիկոլ Փաշինեանը մի առիթով ասել է, որ ընդդիմութեան օգնութիւնն է ակնկալում իր մեղադրական եզրակացութիւնը գրելու հարցում, քանի որ, երբ ինքը փորձում է գրել այն, փակուղու առաջ է կանգնում: Ինչո՞ւ ընդդիմութիւնը չի օգնում Փաշինեանին այս հարցում:
– Նիկոլ Փաշինեանը օգնութեան մի հնար եւ միջոց ունի, այն էլ իր ձեռքում է։