Հայաստան - ԱրցախՔաղաքական

Շուշան Պետրոսեան. «Իրական «խաղաղութեան օրակարգ» թելադրողը յաղթանակած բանակն էր, որը հիւանդ է, բայց կը վերածնւի»

«ԱԼԻՔ» – «Այսօրւայ վիճակը յիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստւածաշունչը հագուստի տակ պահած, ինքնութիւնը չկորցնելու ցանկութեամբ, մահւան դէմ մաքառող հային։ Մեզ համար մեծագոյն արժէք հայոց բանակը դաւաճանաբար կործանեցին։ Այսօր կայ բանակը, բայց այդ բանակում ամենակարեւորը չկայ՝ ոգին։ Այլեւս անհանդուրժելի է որեւէ կորուստ, թէեւ անընդհատ նման լուրեր ենք լսում։ Ու չնայած բանակը հիւանդ է, բայց այն կայ, բանակի օրը պէտք է նշել, այն սպեղանել մեր հաւատքով, յամառութեամբ։ Բանակը պիտի լինի, քանի որ երբ այն կայ, երկիրն էլ կայ, մէջքդ պինդ է, սահմանը՝ պաշտպանւած։ Հիմա աւելի հեշտ է մեր սահմանը պաշտպանել, քանի որ այն փոքրացել է»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել երգչուհի, ՀՀ վաստակաւոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Շուշան Պետրոսեանը:

«Բանակը պիտի վերածնւի։ Այն բանակը, որի տղաները երկաթէ տարաներով կահաւորած դիրքերում կռւում էին, մարտական գործողութիւններում յաղթող էին, մէջքից խփող ու փախնող հրամանատար չկար։ Բանակը բանակ էր, հրամանատարը՝ հրամանատար, զինւորը՝ զինւոր, բոլորն իրենց տեղում էին։ Մեզ պէտք չէ, որ պաշտպանութեան նախարարը քծնանքով նայի գերագոյն հրամանատարին, որը բանակից շատ հեռու է։ Այդ հլու-հնազանդ հայեացքը մարտիկը չպէտք է ունենայ։ Ասում են՝ Սուրէն Պապիկեանը սիրում է, երբ իր շրջապատում իրեն «Սպարապետ» են կոչում։ Յունւարի 28-ը հայոց բանակի օրն է, եւ պէտք է նշել այդ տօնը։ Մենք տեսել ենք հայոց բանակի ծնունդը։ Միեւնոյն է, այն այնքան լաւն ու հզօր էր, որ դեռեւս կայ, պարզապէս հիմա մի քիչ հիւանդ է»,- ասել է արւեստագէտը:

«Ի՞նչ գործօններ է ներառում «խաղաղութեան օրակարգը»՝ քծնանք քեզ կոտորող ազգի ղեկավարի՞ն։ Ո՞րն է այդ «խաղաղութեան օրակարգը»՝ որ ինչքան քծնես, ինչքան քեզ կոտորեն, ստորացնեն, հրապարակաւ ծաղրեն, նսեմացած եւ մի անկիւնում ընկած լինես, այդքան լա՞ւ։ Դա՞ է «խաղաղութեան օրակարգը», թէ՞ այն, երբ դու ուժեղ ես, բանակդ մէջքիդ կանգնած է, երկու անգամ յաղթանակած է, եւ, այո՛, դու ես թելադրում խաղաղութիւնը։ Այդ ի՞նչ մեծ սուտ է, որ այս ժողովրդին կերակրել են, եւ աւաղ, առայսօր դրան հաւատացողներ կան։ Միգուցէ ոմանք իներցիայով չեն ուզում ընդունել իրենց սխալը, չհաշւած ֆէյքերի ՊՈԱԿ-ի՝ երեսուն արծաթով աշխատողներին, որոնք այսօր գերիշխող մաս են կազմում։ Չգիտես ինչու, այս գործընթացի մէջ ակտիւ ներառւած են նաեւ չինացի եւ կորէացի կեղծ օգտատէրեր։ Այդ ինչ էնտուզիազմով են նրանք աշխատում»,- նշել է ՀՀ վաստակաւոր արտիստը:

Շուշան Պետրոսեանի կարծիքով՝ այլեւս անիմաստ է համացանցում գրառումներ անելը, քանի որ մինչեւ փնտրես՝ ով է իրական, ով՝ կեղծ, իզուր ժամանակ կը կորցնես. «Արդէն գիտենք կեղծ օգտատէրերին։ Նոյնիսկ այդ հարցում չեն աշխատում, տեքստերը նոյնն են, յատուկ կլիշեներ են օգտագործում։ Դրանք կարճ տեքստեր են, որ ինչ-որ մէկը գրում է, յետոյ բաժանում մնացածին, բոլորը նոյն տեքստն են գրում՝ անտաղանդ, կետադրական եւ ուղղագրական նոյն սխալներով։ Նոյնիսկ այդտեղ են դիլետանտ։ Ո՛չ երկիր են կարողանում ղեկավարել, ո՛չ կեղծ օգտատէրերին։

Գիտակ եւ զգօն մարդիկ աղաղակում են, որ պէտք չէ տարածել այդ ընտանեկան զոյգի լուսանկարները, որովհետեւ չարիքը տարածւելուց սնւում եւ յարատեւում է։ Պէտք չէ դնել դրանց նկարները, մանաւանդ որ, այդ անձինք զզւանք են յարուցում։ Կնոջ լոբի մաքրելը թեմա՞ է, երբ կործանւում ենք, երկիր ենք կորցնում։ Քառօրեայ պատերազմի օրերին ինչ-որ կանայք խորհուրդներ էին տալիս լուրջ հրամանատարներին, թէ ռազմավարական ինչ հնարքներ օգտագործել այս կամ այն տարածքում, իսկ այսօր հաւանում են այդ զոյգի գրառումները»:

«Ժամանակին զգուշացնում էինք մայրերին, որ չզանգեն իրենց ծառայող երեխաներին։ Չի կարելի այդքան յամառ եւ անմիտ լինել ու թիրախաւորել սեփական երեխային։ Յետոյ՝ «նոր Հայաստանի» բանակում, յայտնւեցին նոր ու յատուկ հեռախօսներ։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Մարդ կարօտում է անգամ պահածոյի երկաթէ տուփերով խրամատները, զինւորի եփած սուրճը»,- ամփոփել է Շուշան Պետրոսեանը:

Related Articles

Back to top button