Վարուժան Գեղամեան. «Այլեւս ապացուցւած փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննութիւն»
«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է երէկ՝ յունւարի 20-ին Հայաստանի խորհրդարանից Հայաստանի եւ Արցախի միասնական քարտէզը պոկելու փաստին:
«Մի դէպք յիշեցի։
2021 թ. սեպտեմբերին, կապիտուլեանտների կողմից թուրքերին նւիրւած Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների աւտոբուսը զէնքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ աւտոբուսի վրայից քերել էր Արցախի դրօշն ու զինանշանը։
Այսօր՝ 2025 յունւարին ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների կողմից Հայաստանի խորհրդարանում պոկւեց Արցախի ու Հայաստանի Հանրապետութիւնների միասնական քարտէզը։ Փաստացի, Հայաստանի տարածքում արգելւած է մեր երկրի քարտէզ կպցնել։ Ուրեմն այլեւս ապացուցւած փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննութիւն (ցենզուրա)։
Եթէ դիմադրութիւն ցոյց չտրւի այս ամէնին, շուտով այս թուրքական գրաքննութիւնը տարածւելու է մեր կեանքի բոլոր ոլորտների վրայ ու ոչ միայն քարտէզի տեսքով։ Վառ վկայութիւնը «Արցախ» բառն արտասանելու համար դէ-ֆակտօ վարչապետի խօսնակի ներողութիւն խնդրելը։
Էս ամէնը քաջածանօթ է մեզ՝ մասնագէտներիս։ 19-րդ դարում, օրինակ, օսմանեան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելւած էր «Հայաստան» բառի արտասանումը։
Ենթադրում եմ, որ սուլթանի հոգին փառաւորւում է այս ամէնի նորօրեայ դրսեւորումները տեսնելով։ Եթէ չդիմադրենք, նոր առիթներ էլ կունենայ»,- գրել է նա: