Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Քոչարեան. «Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարութեան գերութիւնը նաեւ հարւածում է ՌԴ հեղինակութեանը»

«ԱԼԻՔ» – «Մեր միակ գործիքը որպէս պետութիւն, իշխանութիւնները եւ բոլորս բոլոր հնարաւոր տեղերում պէտք է բարձրաձայենք այն խայտառակութեան մասին, որը կատարւում է  Ադրբեջանում»: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յունւարի 20-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեանը՝ պատասխանելով Բաքւում հայ գերիների վերադարձի համար ի՞նչ քայլեր պէտք է անել հարցին։

Ըստ նրա՝ հարցի  լուծումը մաքսիմալ ճնշում գործադրելն է. «Այդ միջոցով կարելի է հասնել դրան։ Դրան գումարած այն, որ բանակցութիւններ են վարում Ադրբեջանի հետ։ Բայց չգիտեմ՝ ինչքանով է շօշափւում այդ հարցը բանակցութիւնների ժամանակ։ Խիստ կասկածում եմ»։

Լեւոն Քոչարեանը նշել է, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ խայտառակ պարտութիւն կրած երկրի ղեկավարը չի կարող արդիւնաւէտ բանակցել, ինչի ականտեսն ենք վերջին 4 տարիներին։

Հարցին՝ Ռուսաստանը կարո՞ղ էր այնպէս անել, որ  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գերութեան մէջ չյայտնւէր, նա պատասխանել է. «Ես տարբեր վարկածներ եմ լսել վերջին օրերին տեղի ունեցածի հետ կապւած։ Ես, իհարկէ, չեմ մեկնաբանելու Ռուսաստանի նախագահի գործողութիւնները կամ արդէն հարցը այդ ձեւով հնչեցնելը որքանով է ճիշտ։ Իսկ արդեօ՞ք կարող էին այնպէս անել այդ իրավիճակում, որ այդպէս չլինէր, չգիտեմ։ Իհարկէ, շատ լաւ կը լինէր, որ այդ ամէն ինչը չլինէր, բայց ունենք այս ցաւալի իրավիճակը:

Կարծում եմ՝ եթէ կարողանային, կանէին, որովհետեւ այս ամէն ինչը նաեւ հարւածում է նրանց հեղինակութեանը Հայաստանում, որը, չեմ կարծում, որ իրենք կուզէին լինել։  Տրամաբանական տեսանկիւնից չեմ կարծում, որ սա իրենց համար լաւ իրավիճակ է:

Արցախը կորցնելը եւ այս ամէն ինչը լուրջ հարւած էր Ռուսաստանի հեղինակութեանը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհում, ընդհանրապէս։ Չեմ կարծում՝ սա մի սցենար է, որ իրենք կուզենային, որ լինէր»։

Հարցին՝ յաւակնո՞ւմ է Հայաստանի վարչապետի պաշտօնին, Լեւոն Քոչարեանն ասաց. «Ես նման յաւակնութիւն չունեմ, երբեք յաւակնութիւն չեմ ունեցել քաղաքականութեամբ զբաղւելու։ Բայց մեր երկրում դէպքերն այնպէս զարգացան, եղան գործընթացներ, որոնցից չէի կարող դուրս մնալ։

Ինձ համար, անձնական տեսանկիւնից, շատ աւելի հաճելի ու հեշտ կը լինէր ոչ մի բանի մէջ չլինել, իմ կեանքը ապրել։ Բայց  գործընթացներն այնպէս զարգացան, որ ուղղակի չէի կարող այս ամէնից հեռու մնալ։ Չգիտեմ, հետագայում ինչպէս կը զարգանան, բայց, ամենայն անկեղծութեամբ, ես նման յաւակնութիւն չունեմ»:

Հարցին՝ ինչպէ՞ս է լինում, որ այս իշխանութեան օրօք  շարունակում են պետական կառոյցները գնումներ կատարել իրենց ընտանիքին պատկանող ընկերութիւններից,  օրինակ, ասում են՝ ««Տոյոտան» Քոչարեանենցն է, մի բան կայ, որ համագործակցում են», Լեւոն Քոչարեանը պատասխանեց. «Տոյոտայում եղբայրս ունի 30 տոկոս մասնակցութիւն։ Ինչքան գիտեմ, ուղղակի ոչ մի այլընտրանք չեն ունեցել պարեկային մեքենաների հետ կապւած, ստիպւած են եղել գնալ դրան»։

Related Articles

Back to top button