Տեղի է ունեցել Մայր Տաճարի վերաօծման արարողութիւնը
Շուրջ 12 տարւայ հիմնանորոգումից յետոյ, Մայր Տաճարը վերաօծւեց եւ դռները բացեց հանրութեան առջեւ
«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 29-ին, Վարագայ Սուրբ Խաչի տօնին, Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Տաճարի վերաօծման արարողութիւնը եւ Հայրապետական Սուրբ Պատարագ: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատւական ծառայութիւնից:
Ըստ արարողակարգի՝ Հայրապետական հանդիսաւոր թափորը Վեհարանից շարժւել է դէպի Մայր Տաճար: Խաչերի եւ խաչվառների առաջնորդութեամբ, ուխտաւորների ուղեկցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը, օրհնելով ներկայ ժողովրդին, ամպհովանու ներքոյ եւ «Հրաշափառ» շարականի կատարումով մուտք են գործել Մայր Տաճար։
Տէրունական աղօթքից յետոյ ձեռամբ Հայոց Հովւապետի վերաօծւել է Աւագ Խորանի Սուրբ Սեղանը, ապա Նորին Սրբութիւնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատւոյ բարձր շքանշանին եւ «Դուստր Սուրբ Էջմիածին» տիտղոսին ու Հայրապետական շքանշանին է արժանացրել Հայ Եկեղեցու ազգային բարերարներին, որոնց ընծայաբերումներով են իրականացւել Մայր Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները։
Այնուհետեւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը մատուցել է Սուրբ եւ Անմահ Պատարագ, որից յետոյ Մայր Տաճարի վերաօծման առիթով Նորին Սրբութիւնն իր Հայրապետական պատգամն է յղել ողջ հայութեանը։
Նշենք, որ Մայր Տաճարի վերաօծման եւ Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ են եղել ՀՀ քաղաքական վերնախաւը, Հայաստանում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ, Նւիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատւիրակութիւններ, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, Քրիստոնէական Եկեղեցիների եւ միջեկեղեցական կառոյցների պատւիրակներն ու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ ազգային բարերարներ, մշակոյթի, գիտութեան եւ հասարակական գործիչներ, Հայաստանից ու Սփիւռքից ժամանած բազմահազար ուխտաւոր հայորդիներ:
Նշենք, նաեւ, որ Մայր Տաճարի վերաօծման մասնակցութեան համար ՀՀ իշխանութիւններին ուղղւած հրաւէրի կապակցութեամբ, լրագրողները Մայր Աթոռի դիւանապետ Արշակ արք. Խաչատրեանից փորձել էին պարզել, թէ ի՞նչ կարող է նշանակել այդ հրաւէրը, եւ Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել իշխանութիւնների հրաժարականը, թէ՞ ոչ:
Արշակ Սրբազանն ի պատասխան նշել է, որ ֆորմալ հրաւէրը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքորոշման մէջ, այն ինչպիսին եղել է, շարունակում է այդպիսին մնալ:
«Մեր դիրքորոշումն ինչպիսին եղել է, շարունակում է այդպիսին մնալ: Մենք բացատրել ենք, թէ ինչով է պայմանաւորւած եղել հրաւէրը»,- ասել է նա: