Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը Հայաստանի իշխանութեանը ստորացնելու հերթական նախաձեռնութիւնն է զարգացնում»
«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է այսպէս կոչւած «Խոջալուի ցեղասպանութեան» մասին Իլհամ Ալիեւի հերթական յայտարարութեանը.
«Իլհամ Ալիեւի՝ օկուպացւած Իւանեան (նախկին Խոջալու) գիւղում հնչեցրած յայտարարութիւնը, այսպէս կոչւած, «Խոջալուի ցեղասպանութեան» մասին, թէ «Հայաստանն ինքը պէտք է ընդունի դա, ինքը պէտք է ներողութիւն խնդրի մեզանից, եթէ դա չանի, ապա, կարծում եմ, Հայաստանը երբեք չի կարողանալու ոտքի կանգնել», խօսում է այն մասին, որ ադրբեջանական պահանջները անվերջանալի են այնքան ժամանակ, քանի Հայաստանը վերջնականապէս չի հպատակւել թուրք-ադրբեջանական տանդեմին։
Ըստ պատգամաւորի՝ ՀՀ իշխանութեան խօսոյթի այն պնդումները, թէ սա էլ տանք, որ հանգիստ ապրենք սկսւեց Արցախից, շարունակւեց ադրբեջանական ագրեսիաներին լռութեամբ արձագանգելով, յետոյ՝ Տաւուշ եւ շարունակւելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանում քաղաքական արմատական փոփոխութիւններ չեն եղել եւ գործող կառավարիչները իրենց աթոռներից չեն պոկւել:
«Իւանեան բնակավայրը 90-ականներին ոչ միայն յայտնի էր որպէս Ստեփանակերտի ու յարակից բնակավայրերի դէմ օգտագործւող կրակակէտի եւ հայկական բնակավայրերից մարդկանց առեւանգելու կենտրոնակայանի, այլ նրանով, որ հետագայում դրա՝ տարբեր տեղերից բերւած բնակիչներն, ադրբեջանական ներքաղաքական պայքարի զոհեր դարձան, ինչը ժամանակին հէնց ադրբեջանցիները գաղտնազերծեցին:
«Ադրբեջանը Հայաստանի իշխանութեանը ստորացնելու հերթական նախաձեռնութիւնն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնւած նաեւ այլ ռիսկեր կան»,- գրել է նա։