«Իրական» Հայաստանի հակադրման փոխարէն հանրութեանը պէտք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղւել
ԱՐԱ ԱՅՒԱԶԵԱՆ
ՀՀ նախկին ԱԳ նախարար
Էսկալացիոն ճանապարhով չգնալու հիմնաւորումով՝ Հայաստանի իշխանութիւնները խուսափեցին արձագանգել Ալիեւի՝ վերջերս արած յայտարարութիւններին, որոնցում նա մեր երկիրը որակեց «ֆաշիստական պետութիւն» եւ «սպառնալիք տարածաշրջանի համար», հերթական վերջնագիր ներկայացնելով, որ «Ֆաշիզմը պէտք է ոչնչացւի. այն կը կործանի կա՛մ Հայաստանի ղեկավարութիւնը, կամ՝ մենք, այլ ելք չկայ:
Փոխարէնը նշւեց, թէ պէտք է հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակութիւններում իրար հանդէպ նման կարծիք ձեւաւորւել: Պաշտօնական Երեւանն անդրդւելիօրէն հաւատում է հարեւան երկրի հետ խաղաղութեան հասնելու հնարաւորութեանը, մի կողմ դնելով, թէ ի՛նչ տեսակի պետութեան հետ գործ ունենք եւ, ըստ այդմ, ի՞նչ խաղաղութիւն է ցանկանում Բաքուն եւ ի՞նչ գին պէտք է վճարեն Հայաստանն ու հայ ժողովուրդը:
Որպէս յիշեցում. Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ իր կեանքի առաքելութիւնն է եղել պատերազմում յաղթելը, ոչ թէ՝ քաղաքական կարգաւորումը: Սանձազերծելով պատերազմ եւ յաղթելով ռազմադաշտում՝ նա խուսափեց քաղաքական գին վճարելուց, քանի որ հասկացել էր, որ ուժի գործօնը կրկին որոշիչ է դառնում միջազգային յարաբերութիւններում, հետեւաբար՝ պատերազմն առաջւայ պէս չի որակւելու անբարոյական եւ չի դիտւելու որպէս միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում: 2020 թւականից ի վեր «Երկաթեայ բռունցքը» վերածւել է ադրբեջանցիների ազգային հպարտութեան աղբիւր եւ խորհրդանիշ, ինչն աներկբայօրէն ի ցոյց է դնում, որ ուժն է մնում հարեւան երկրի ռազմավարական նպատակներին հասնելու ամենանախընտրելի միջոցը: Ալիեւի հետեւողական յայտարարութիւններ-պահանջագրերը կասկածի քիչ տեղ են թողնում, որ արդէն իսկ ձեռք բերածը նրան ոգեւորում է՝ բարձրացնել ռազմական եւ պատերազմական խաղադրոյքները:
Պատերազմի նման ֆետիշացումը մեզ յիշեցնում է Չառլզ Դարւինի 1859 թ. էւոլիւցիայի տեսութիւնը, որով նա ներդրեց «ուժեղագոյնների գոյատեւման» հայեցակարգը: Էւոլիւցիայի հիմնական գաղափարից առաջացած ահռելի ոգեւորութեան մէջ անխուսափելի էր, որ «ուժեղագոյնների գոյատեւման» հասկացութիւնը տարածւէր այլ ոլորտներում: Այսպէս զարգացաւ «սոցիալ-դարւինիզմը», որը ենթադրում էր, որ վերապրում են ա՛յն հասարակութիւնները կամ ազգերը, որոնք առաւել պիտանի են գոյատեւելու համար: Իսկ պիտանիութեան աւելի ակնյայտ ի՞նչ չափանիշ կարող է լինել, քան՝ պատերազմներ վարելու եւ յաղթելու՝ ցուցադրւած կարողութիւնը: Սոցիալ-դարւինիզմը յանգեցրեց նոր, տարբերւող եւ վտանգաւոր գաղափարի առաջացմանը, որ ազգային հասարակութիւնները պատերազմում ունեն իրենց իսկական արժէքը ցուցադրելու բացառիկ հնարաւորութիւն: Գերմանական միլիտարիզմի եւ ապա ֆաշիզմի ակունքները գալիս են հէնց այստեղից: Օրինակի համար, դիտարկենք հետեւեալ հաստատումները.
– «Յաւերժական խաղաղութիւնը երազանք է, ընդորում՝ ոչ գեղեցիկ: Պատերազմում բացայայտւում են մարդու ամենավեհ առաքինութիւնները» (Ականաւոր զօրավար, պրուսական բանակի Գլխաւոր շտաբի պետ ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկէ),
– «Պատերազմն առաջնային կարեւորութեան կենսաբանական անհրաժեշտութիւն է» (պրուսացի գեներալ եւ մինչեւ Առաջին աշխարհամարտն ամենաընթերցւած ռազմական պատմաբան Ֆրիդրիխ ֆոն Բերնհարդի),
– «Մարդկութիւնն ուժեղացել է յաւերժական պայքարներում, եւ նա կը կործանւի միայն յաւերժական խաղաղութեամբ» (Ադոլֆ Հիտլեր):
Վերադառնանք մեր օրեր: Մինչեւ ատամները զինւած Ադրբեջանը, որն օր ու գիշեր թխկթխկացնում է զէնքը, պահանջում է Հայաստանի ամբողջական ապառազմականացում, զրկելով նրան պաշտպանողականութեան եւ դիմադրողականութեան որեւէ իմունիտետից՝ իր գիշատիչ նպատակների կենսագործման համար: Տասնամեակներ շարունակ հայերի նկատմամբ ատելութիւն քարոզող, պատերազմներ եւ ռազմական յանցագործութիւններ իրականացրած, նացիստական Ռէյխի ազգային խտրականութեան «լաւագոյն փորձը» իւրացրած ու էթնիկ զտումներ եւ ցեղասպանական ոճրագործութիւններ իրականացրած Ադրբեջանը պահանջում է Հայաստանի դենացիֆիկացիա, հակառակ պարագայում, եթէ չասենք՝ ցանկացած պարագայում, սպառնում եւ պատրաստւում է նոր պատերազմի: Նման երկիրը, որի բերանն է ընկել հայերի նկատմամբ ռազմական յաղթանակի խենթացնող համը, ամենամեծ վտանգն է տարածաշրջանի կայունութեան համար:
Ուստի, «պատմական» թէ «իրական» Հայաստանի հակադրման փոխարէն հանրութեանը պէտք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղւել: Մինչդեռ գրեթէ ամենօրեայ ռեժիմով տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ հետզհետէ յանգեցնելով մեր ժողովրդի բարոյական-գաղափարական զինաթափմանը: Վերջին դրւագն էր Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ «դատողութիւնների» շրջանառումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ ժխտողականութեան քաղաքականութեան որդեգրումն ու մեր ազգային ողբերգութեան ուրացման մեկնարկը: Մեր հաւաքական ինքնագիտակցութիւնն ու մտածելակերպն արհեստականօրէն փոխակերպելու փոխարէն պէտք է առերեսւել դառը ճշմարտութեանը. այս տեսակ հակառակորդի հետ ոչ մի փաստաթուղթ կամ պայմանաւորւածութիւն չեն բերելու խաղաղութիւն: Ամէն գնով հնարաւոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն հետաձգւած պատերազմի: Այլընտրանքը չի նշանակում հռետորաբանութեան արմատական կոշտացում, ոչ էլ՝ իրավիճակն անկառավարելի հուն տեղափոխելը: Մեր նպատակը պէտք է լինի իրատեսական՝ զսպման արդիւնաւէտ մեխանիզմների ձեւաւորման միջոցով ապահովել տանելի կայունութիւն, որը հիմնւած կը լինի ռազմավարական նոր հաւասարակշռութեան վրայ:
Յաջորդը. անպատժելիութեան հետեւանքներն անդրադառնում են նաեւ այն դերակատարների վրայ, որոնք իրենց նպատակների հետապնդման արդիւնքում աչք են փակել Բաքւի յանցաւոր ինքնահաստատման վրայ եւ այսօր ստանում են իրենց վարած քաղաքականութեան առաջին պտուղները: «Ուժեղագոյնների գոյատեւման» հասկացութեան, ինչպէս նաեւ միլիտարիզմի, նացիզմի եւ ֆաշիզմի թոյնը միշտ կը գտնի պարարտ հող եւ ժամանակի ընթացքում կը դառնայ անվերահսկելի՝ հակազդեցութեան բացակայութեան պայմաններում:
Մի քանի ամսից լրանալու է Մեծ Յաղթանակի 80-ամեակը: Որեւէ մէկը չի կարող ուրանալ այն փաստը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ եւ անհերքելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում: Որեւէ մէկը չի կարող անտեսել, որ այսօր առերեսւում ենք ֆաշիզմի նորանոր դրսեւորումների: Կարող է թւալ, որ ինչպէս անցած դարում Սուդետը եւ ապա Չեխոսլովակիան, այնպէս էլ Արցախն ու Հայաստանն այսօր կարող են զոհաբերւել յանուն ինչ-ինչ նպատակների: Այդուհանդերձ, 1938 թ. Միւնխէնի այսպէս կոչւած «հանդարտեցման» ողբերգական դասերը հէնց մեր ժամանակների համար լաւագոյն յիշեցումն ու նախազգուշացումն են: