Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան. «Բոլոր բերման ենթարկւած, ձերբակալւածները ենթարկւել են անօրինական բռնութեան ու ծեծի»

«ԱԼԻՔ» – «Մի բան ակնյայտ է՝ բոլոր այն ձերբակալւածները, որոնք ծանր ֆիզիկական բռնութեան են ենթարկւել, Երեւանից հնարաւորինս հեռու ՁՊՎ-ներ են տարւել»: Ֆէյսբուքեան ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով նախօրէին յունիսի 12-ի դէպքերի արդիւնքում ձերբակալւած քաղաքացիների վիճակին:

Նա նշել է, որ երէկւանից իրենց պատգամաւորները փորձում էին տարբեր ոստիկանութիւններում պարզել բերման ենթարկւած 30 քաղաքացիների ճակատագիրը։ Բոլոր տեղերում նոյն պատկերն է եղել, բոլոր բերման ենթարկւած, ձերբակալւածները ենթարկւել են անօրինական բռնութեան ու ծեծի։

Նա պատմել է, որ բերման ենթարկւածներից Կարմէն Աւետիսեանին ոստիկանութիւնը շտապօգնութեամբ տեղափոխել է 1-ին հիւանդանոց, սակայն քանի որ Կարմէնը նաեւ հիւանդանոց այցելած Բագրատ Սրբազանին էր տեսել ու պատմել ոստիկանական բռնութիւնների մասին, ոստիկանները որոշել էին նրան չթողնել հիւանդանոցում, այլ տեղափոխել՝ քննչական, որտեղից էլ տեղափոխել էին Նայիրի ՁՊՎ։

«Իհարկէ, ՁՊՎ-ի ծառայողները փորձել էին թեթեւացնել նրա վիճակը, բայց Կարմէնը արիւն էր թքում, իմ պահանջով շտապօգնութեամբ տեղափոխել են Արմենիա ԲԿ՝ հետազօտութեան։ Մի բան ակնյայտ է՝ բոլոր այն ձերբակալւածները, որոնք ծանր ֆիզիկական բռնութեան են ենթարկւել, երեւացող հարւածներ են ստացել, գլուխները կամ դէմքերն են վնասւել, փորձել են Երեւանից հնարաւորինս հեռու՝ Աշտարակ, Եղվարդի ՁՊՎ-ներ տեղափոխել՝ աչքից հեռու տարբերակով։ Բոլորին էլ հանդիպել ենք, այցելել ենք, եւ Աշտարակի ՁՊՎ-ից երկու մեր հայրենակցի էլ մեր պահանջով տեղափոխեցին հիւանդանոց շտապօգնութեան մեքենայով»,- ասել է նա։

Ըստ Մանուկեանի՝ բոլորի մօտ դէպքերը նոյն կերպ են եղել, կարմիր եւ սեւ բերետաւորները՝ որպէս գիշատիչ գազան, ճանկել են նրանց, քաշել վահանների հետեւը եւ մօտ 30 մետր փայտերով, քացով, ձեռքով հարւածելով հասցրել են մինչեւ ոստիկանական մեքենաներ։ «Բոլոր այդ բերետաւորները, նրանց ղեկավարներն ու անմիջական ղեկավարները, որոնք այսօր Նիկոլին են ծառայում, թող իմանան, որ որեւէ այլ իշխանութիւն սրանց ծառայութեան չեն պահելու, ինչպէս իրենք 30 մետր ծեծելով մեր հարիւրաւոր քաղաքացիների քարշ են տւել ոստիկանական մեքենաներ, մի օր հասարակական անարգանքի 30 մետրն է լինելու, որտեղ քաղաքացիներն իրենց վերաբերմունքը կարտայայտեն, ծեծի մասին չի խօսքը, այլ անարգանգի»,- ասել է Մանուկեանը:

Related Articles

Back to top button