Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան

«Հայաստան» դաշինքն յունիսի 19-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվաւէր ճանաչել յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնները։

Դաշինքի դիմումը ՍԴ են ներկայացրել փաստաբաններ Յովհաննէս Խուդոյեանը, Տաթեւիկ Սողոյեանը, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

Յովհաննէս Խուդոյեանը լրագրողների հետ զրոյցում յայտնել է, որ Սահմանադրական դատարան ներկայացւած դիմումի հիմքում դրւել են այնպիսի էական հանգամանքներ ու փաստարկներ, որոնք իրենց ամբողջութեան մէջ ցոյց են տալիս՝ ընտրութիւնները թափանցիկ չեն եղել եւ ընթացել են համակարգային խախտումներով։

Փաստաբանը չի բացառել որ իրենք եւս, ինչպԷս «Ուժեղ Հայաստան»-ը, Կը միջնորդեն, որ ՍԴ որոշ դատաւորներ չմասնակցեն դիմումների քննութեանը, քանի որ փոխկապակցւած են ՔՊ-ի հետ։

Արծւիկ Մինասեանի խօսքով՝ իշխանութիւնը ինքը ոչ միայն գործադրել է ողջ վարչական ռեսուրսը, հանրութեան պատկանող ֆինանսական միջոցները ոչ միայն ընտրակաշառքի տեսքով տւել է ընտրողներին, նաեւ գործադրել է իր ամբողջ, այսպէս կոչւած, լիազօրութիւնները բռնութեան ենթարկելու քաղաքացիներին։

«Մի մոռացէք, որ այս քարոզարշաւի ընթացքում նաեւ մարդ է մահացել քրէակատարողական հիմնարկում, մի մոռացէք, որ այս իշխանութիւնը Հայաստանում երբեւէ եղած ամենախայտառակ ընտրութիւններն անցկացրած իշխանութիւնն է։ Հիմա իրենք, բնական է, բարձրաձայնում են, թէ իբր ընդդիմադիրները ընտրակաշառքով են ընտրւել։ Աւելին Նիկոլ Փաշինեանը հիմա էլ հրահրում է քաղաքացիական բախումներ, քաղաքացիական բախումների անոնս է անում»,- ասել է Արծւիկ Մինասեանը։

Նշենք, որ Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնները անվաւէր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան»-ը, «Միասնութեան թեւեր»-ը եւ ԲՀԿ-ն։

Related Articles

Back to top button