ԻրանՄիջազգայինՔաղաքական

Խաթիբզադէ. Օրակարգում՝ համաձայնագրի 5 կէտերի անյապաղ իրագործումն է

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը յայտարարել է Թեհրանի պատրաստակամութեան մասին՝ բանակցութիւնների շարունակութեան համար եւ ընդգծել, որ համաձայնագրի հինգ կէտերը պէտք է անյապաղ իրագործւեն։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նա «Ալ-Ջազիրա»-ի հետ հարցազրոյցում, առանց նշելու այդ հինգ կէտերի մանրամասները, շնորհակալութիւն է յայտնել համաձայնագրին հասնելու գործում Կատարի եւ Պակիստանի ստանձնած դերակատարութեան համար։

Խաթիբզադէն ընդգծել է, որ ապագայում սպասւող հնարաւոր համաձայնագիրը պէտք է ներառի Իրանի բոլոր սառեցւած գոյքերի եւ ֆինանսական միջոցների ազատ արձակումը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պէտք է կատարի իր պարտաւորութիւնները համաձայնագրի շրջանակներում եւ չթոյլատրի, որ համաձայնութեան եւ կայունութեան հասնելու գործընթացը խոչընդոտւի։

Խաթիբզադէն նշել է նաեւ, որ եթէ հակառակ կողմը նոյնպէս նման լրջութիւն դրսեւորի, պատրաստ են քայլ առ քայլ շարունակել յուշագրով ամրագրւած առաջընթացը։

Նա նշել է նաեւ, որ Իրանը ձգտում է խաղաղութեան բոլոր ճակատներում, այդ թւում՝ Գազայում, եւ որ Լիբանանի հարցը, պատերազմի զարգացումների հետ ուղղակի կապ ունենալով, ներառւել է համաձայնագրի տեքստում։

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը յայտարարել է նաեւ, որ Իսլամական Հանրապետութիւնը նպատակ չունի տարածաշրջանը տիրապետողի դեր ստանձնել եւ տարածաշրջանի երկրների հետ ունի բազմաթիւ ընդհանուր շահեր։

Նա յայտնել է, որ Հորմոզի նեղուցում նաւագնացութեան հետ կապւած ծառայութիւնները կը մատուցւեն Օմանի հետ համադրւած՝ միջազգային իրաւունքի համաձայն։ Խաթիբզադէն յաւելել է, որ Իրանը Հորմոզի նեղուցում ունի իրաւական իրաւունքներ, սակայն առաջիկայ 60 օրւայ ընթացքում որեւէ վճար կամ տուրք չի գանձւի։

Նա նաեւ յայտարարել է, որ 60-օրեայ ժամկէտի աւարտից յետոյ Հորմոզի նեղուցի կառավարման համար կը գործադրւի նոր մեխանիզմ, եւ այս հարցով տարածաշրջանի երկրներին կը ներկայացւի առանձնայատուկ նախաձեռնութիւն։

Նա վերջում ընդգծել, որ Լիբանանում եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան ու կայունութեան հաստատման համար անհրաժեշտ է օկուպացիայի դադարեցում եւ Իսրայէլի կողմից միջազգային իրաւունքի պահպանում։

Related Articles

Back to top button