ՄիջազգայինՔաղաքական

The Guardian. «COP29-ը Բաքւին յանձնելը նոյնն է, ինչ հաւաբունը վստահել աղւէսին»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ադրբեջանի Հանրապետութեան նաւթային ընկերութեան՝ SOCAR-ի  նախագծերի մասին մանրամասն զեկոյցում արձանագրւած է հանածոյ վառելիքի արտադրութեան քանակը մեծացնելու մասին որոշումը եւ, բնականաբար, դրա վաճառքը Եւրոպային, իհարկէ գազ մատակարարելու պատրւակով, որպէսզի հնարաւոր դառնայ պատժամիջոցներով սահմանափակւած ռուսական գազի բացը լրացնելը: The Guardian-ն այս մասին ակնարկելով՝ անդրադարձել է COP29-ը Բաքւում անցկացնելու փաստին, եւ յիշեցրել, որ Իլհամ Ալիեւը, ով իր ներկայ պաշտօնը ժառանգել է հայրիկից, մինչեւ նոր պաշտօնին անցնելը շուրջ 23 տարի ղեկավարել է շրջակայ միջավայրի ամենաաղէտաբեր ընկերութիւններից մէկի՝ SOCAR-ի տնօրէնների խորհուրդը:

Թերթը գրել է, որ Ադրբեջանի շրջակայ միջավայրի եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւը, ով նախագահելու է  COP29-ը, նախկինում աշխատել է SOCAR-ում (26 տարի), մինչեւ 2018 թւականը։ «Իսկ SOCAR-ի ներկայիս ղեկավար Ռոշան Նաջաֆը Բաքւի Cop29-ի կազմկոմիտէի անդամ է»,-առանց մեկնաբանութեան նշել է յօդւածագիրը:

Յօդւածագիրն իր ծաւալուն նիւթի սկզբում անդրադարձել է  Urgewald-ի (Ուրգեւալդը պայքարում է շրջակայ միջավայրի ոչնչացման եւ արդիւնաբերական շահոյթի հետեւանքով վնասւած մարդկանց իրաւունքների համար) եւ CEE Bankwatch-ի (գնահատում է ԵՄ ֆինանսաւորման աջակցութիւնները)  նոր զեկոյցներին, որոնցում պարզ նշւած է, որ Ադրբեջանը պատրաստւում է առաջիկայ տասնամեակի ընթացքում աւելացնել գազի արդիւնահանումը մէկերրորդով, իսկ կանխատեսումները ցոյց են տալիս, որ 41,4 միլիարդ դոլար (31,9 միլիարդ ֆունտ ստեռլինգ) յաւելեալ ներդրում է սպասւում: Զեկոյցի համաձայն՝ միայն SOCAR-ը՝ 2022-ից 2024 թւականներին ծախսել է շուրջ 300 միլիոն դոլար նաւթի ու գազի նոր հանքավայրերի որոնման վրայ։

SOCAR-ը նաեւ համագործակցում է հանածոյ վառելիքի խոշորագոյն ընկերութիւնների հետ, այդ թւում՝ BP-ի, Total Energies-ի, ռուսական նաւթային հսկայի Tatneft-ի եւ ԱՄԷ պետական ​​Adnoc նաւթային ընկերութեան հետ: Adnoc-ի գործադիր տնօրէն Սուլթան ալ Ջաբերը նախագահում էր COP28-ը Դուբայում, որտեղ չյաջողւեց հանածոյ վառելանիւթերից աստիճանաբար  հրաժարւելու նախագծին հաւանութիւն տալ, ինչպէս ցանկանում էր մեծամասնութիւնը: Փոխարէնը՝ կողմերը կանգ առան «հանածոյ վառելիքից հեռանալու» աւելի թոյլ տարբերակի վրայ:

Թերթը բացայայտելով, որ SOCAR-ը նաեւ զգալի ֆինանսական աջակցութիւն է ստանում միջազգային խոշոր կառոյցներից, նշել է. «Սա այն դէպքում, երբ Banking on Climate Chaos-ի համաձայն՝ աշխարհի 60 խոշորագոյն բանկերը 8 տարւայ  ընթացքում 69 միլիարդ դոլար են յատկացրել հանածոյ վառելիքի արդիւնաբերութեանը՝ առաջացնելով կլիմայական քաոս եւ մահացու ազդեցութիւն տեղական համայնքների ու շրջակայ միջավայրի վրայ»:

 «Միջազգային էներգետիկ գործակալութեան» զեկոյցի համաձայն՝ Ադրբեջանի տնտեսութիւնը մեծապէս կախւած է հանածոյ վառելիքի եկամուտից: Այն կազմում է արտահանման եկամտի 90, իսկ կառավարութեան եկամուտների՝ 60%-ը: «Նրանք, ովքեր հիւրընկալում են COP-29-ի բանակցութիւնները, պէտք է լինեն կլիմայի պահպանման իրական առաջնորդներ, ոչ թէ նրանք, ովքեր շահագրգռւած են աշխարհը հանածոյ վառելիքից կախւածութեան մէջ պահելու հարցում»,- ասւած է զեկոյցում:

The Guardian-ը կարեւորել է նաեւ այն փաստը, որ զեկոյցում արձանագրութիւն կայ Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումների եւ կոռուպցիայի փաստերի մասին։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը պարզել է, որ այս երկիրը 2001 թւականից ցայսօր 263 անգամ խախտել է Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիան, այդ թւում՝ խոշտանգումների երեք եւ անմարդկային ու նւաստացնող վերաբերմունքի 30 (գրանցւած) դէպք։

SOCAR-ը նաեւ Ադրբեջանի Հանրապետութիւնում նաւթարդիւնաբերութեան աշխատողների իրաւունքների պաշտպանութեան կազմակերպութեան կողմից է մեղադրւում  մարդու իրաւունքների խախտման մէջ։

Մանանա Կոչլաձէն (CEE Bankwatch-ի դիտորդ) The Guardian-ին յայտնել է, որ մինչ այլ կառավարութիւններն աշխատում են քաղաքացիական հասարակութեան հետ միասնաբար լուծելու կլիմայական ճգնաժամը, Ալիեւի ռեժիմը համակարգւած սպառնում է շրջակայ միջավայրի եւ մարդու իրաւունքների պաշտպաններին, ինչը վստահութիւն չի ներշնչում Բաքւում կայանալիք COP29-ի նկատմամբ:

«Հաշւի առնելով SOCAR-ի առանցքային դերը Ադրբեջանի Հանրապետութեան տնտեսութեան մէջ եւ նրա սերտ կապերը երկրի քաղաքական վերնախաւի հետ, SOCAR-ի ազդեցութիւնը, կը զգացւի նաեւ Բաքւում կլիմայի շուրջ բանակցութիւնների ընթացքում: Երբ մենք պատրաստւում ենք COP29-ին, չե՞նք կարող ինքներս մեզ հարց տալ՝ աղւէսին ենք նշանակե՞լ որպէս հաւանոցի պատասխանատու»,- եզրափակել է The Guardian-ը:

Related Articles

Back to top button