Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինչո՞ւ է Փաշինեանն օրակարգ բերել դարի գործարքի գաղափարը

Նիկոլ Փաշինեանը, ով օրերս ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ նոյնիսկ Ադրբեջանին ու ՀՀ գործընկեր երկրներին բացասական առումով հերթական անգամ զարմացրեց ՀՀ Անկախութեան հռչակագրի վերաբերեալ «մտորումներով»՝ յայտարարելով, թէ այն նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյութիւն ունենալ, զուգահեռաբար խօսեց Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու անհրաժեշտութեան մասին։ Ի դէպ, Փաշինեանի խօսքից ոչ աւել, ոչ պակաս, կարելի է ենթադրել, որ այն պէտք է կարգաւորի Երեւանի ու Բաքւի յարաբերութիւններն առաջիկայ 100 տարւայ կտրւածքով։

ԱԺ-ում նա մասնաւորապէս ասել է. «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցութեան եւ գոյակցութեան համար ունեն ոչ միայն խաղաղութեան պայմանագրի, այլեւ՝ ռազմավարական գործարք կնքելու կարիք»:

Ըստ նրա՝ Կազանում Ալիեւի հետ շփումը կարեւոր էր։ «Ամենակարեւոր հատւածն իմ տեսակէտից այն է, որ միտք է հնչել, եւ ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցութեան ու խաղաղ գոյակցութեան համար ունեն ոչ միայն խաղաղութեան ու տարբեր պայմանագրերի կարիք, այլեւ ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք, այն մասին, թէ ինչ բանաձեւերի շրջանակներում են առաջիկայ 100 տարիներում, որպէս անկախ պետութիւններ, իրար կողք-կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարեւոր հարցն է»,- նշել էր Նիկոլ Փաշինեանը։

Նա նաեւ ասել է, որ անձամբ նշւած ռազմավարական գործարքի վերաբերեալ ունի որոշակի պատկերացումներ, որը յենւում է իրական Հայաստանի հայեցակարգի վրայ։

«Այս տեսանկիւնից այդ խօսակցութիւնը շատ կարեւոր եմ համարում, որը պէտք է ունենայ քաղաքական դրսեւորումներ, բայց պէտք էլ չէ ակնկալել, որ նման խօսակցութիւններն ինքնաբերաբար քաղաքական դրսեւորումներ ունենալու են։ Այն, որ մենք մօտ ենք խաղաղութեան պայմանագրի տեսքի համաձայնեցմանը, Արարատ Միրզոյեանն արդէն ասել է»,- յաւելել է Նիկոլ Փաշինեանը։

Փաշինեանը դեռ փակագծերը չի բացել, թէ ինչ նկատի ունի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք ասելով, սակայն այն արդէն լայնօրէն քննարկւում, քննադատութեան է ենթարկւում ոչ միայն Երեւանում, ՀՀ-ում, այլեւ Ադրբեջանում, որտեղ, թւում է՝ պէտք է առանձնայատուկ ոգեւորւած լինէին Անկախութեան հռչակագրի վերաբերեալ փաշինեանական յայտարարութիւններից։

Նախ՝ բոլոր վերլուծաբանները յիշեցնում են, որ Ալիեւը Փաշինեանի հետ շփումների  ողջ ընթացքում, յատկապէս՝ պատերազմից յետոյ, չի ընդունել նրա որեւէ առաջարկ, որոնցից վերջինները Փաշինեանի իշխանութեան առաջարկներն էին՝ Երեւան-Բաքու համաձայնագիրն  առանց համաձայնեցւած դրոյթների ու ձեւակերպումների ստորագրելու մասին, ինչպէս նաեւ վերահսկողական մեխանիզմներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։

168.am-ի հետ զրոյցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին ասել է, որ նման գործարքի առաջարկը թոյլ է տալիս ենթադրել, որ Երեւանի ու Բաքւի միջեւ, բացի ներկայումս քննարկւող համաձայնագրից, յաւելեալ կարգաւորումների կարիք կայ։

Ըստ նրա՝ բացի դա, խաղաղութեան համաձայնագիրը, որը յաջորդել է նոյեմբերի 9-ի յայտարարութեանը եւ բանակցւել յետպատերազմեան ամենաբարդ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական փուլում, արտացոլել է հիմնականում յետպատերազմեան իրականութիւնը։

«Իսկ նոր գործարքը լաւ բանակցութեան դէպքում ունակ է բալանսաւորել իրավիճակը»,- ընդգծել է նա։

Վերլուծաբանի կարծիքով՝ դա կարող է հասցէագրել նաեւ կողմերի միջեւ առկայ մնացած խնդիրները։

«Սակայն, մենք դեռ չգիտենք, թէ ինչ է նկատի առնւում նման առաջարկի ներքոյ, ուստի հեռուն գնացող վերլուծութիւններ հնարաւոր չէ անել։ Պարզապէս հնարաւոր է ասել, որ ներկայումս՝ աշխարհաքաղաքական այս միջավայրում, իսկապէս հնարաւոր չէ 100 տարւայ համար ծրագրել, յարաբերութիւնների հիմքեր գցել՝ այն դէպքում, երբ չի յաջողւում բանակցութիւն պլանաւորել եւ կանխատեսել անգամ մէկ տարւայ կտրւածքով։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում սա անելը չափազանց բարդ է, քանի որ աշխարհն ամէն օր փոփոխութիւնների փուլում է, շատ հարցեր անորոշ են՝ ինչպէս ներկայի, այնպէս էլ՝ ապագայի վերաբերեալ»,- նկատել է վերլուծաբանը։

Կախա Գոգոլաշւիլիի համոզմամբ՝ դժւար է խօսել մէկ այլ բնոյթի պայմանաւորւածութեան մասին, երբ դեռեւս չի յաջողւում կայացնել սկզբնական պայմանաւորւածութիւնը, կոնսենսուս ձեւաւորել Երեւան-Բաքու բոլոր հարցերում։

«Հնարաւոր է նաեւ, որ սա տակտիկական բնոյթի առաջարկ է՝ միտւած ժամանակաւոր հարցեր լուծելուն, չէ՞ որ բանակցութիւնները բաւականին բարդ ու ծանր են յատկապէս այն փուլում, երբ կողմերը մօտեցել են վերջին ամենաբարդ հարցերին։ Տպաւորութիւն է, որ փորձ է արւում խաղաղութեան համաձայնագրից աւելի կարեւոր փաստաթղթի մասին խօսակցութիւն ներառել հանրային դիսկուրսում՝ գուցէ ստւերելու համար ներկայիս համաձայնագիրը։ Կարծում եմ՝ փակագծերի մի փոքր բացումից յետոյ աւելի պարզորոշ կը դառնայ այս հարցը»,- նշել է վրացի փորձագէտը։

Ինչ վերաբերում է ռեգիոնալ հնարաւոր զարգացումներին՝ Գոգոլաշւիլին ասաց, որ մինչ բոլորի կենտրոնացումը մեծ է Թրամփի վարչակազմի քաղաքականութեան, նրա թիմի, նշանակումների վրայ, զարգացումները թէժ են թէ Թբիլիսիում, թէ Աբխազիայում, ինչը կրկին պայմանաւորւած է աշխարհաքաղաքական զարգացումներով եւ արտաքին հետքով։ «Ընդհանրապէս այսօր գրեթէ բոլոր զարգացումները կապւած են հենց այս՝ ՌԴ-Արեւմուտք, Արեւմուտք-Արեւելք պայքարի հետ»,- ասել է Գոգոլաշւիլին։

Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button