Ադրբեջանցիները վերացնում են այն բնակավայրերը, որոնցից նախկին պատերազմի ժամանակ շատ դժգոհ են եղել, օրինակ՝ Քարինտակը
«ԱԼԻՔ» – «Ադրբեջանը կանխամտածւած կերպով Արցախում վերացնում է հայկական հետքը: Օրինակ՝ Ստեփանակերտի Թումանեան փողոցը աւերւում է, մի փողոց, որտեղ ամփոփւած էր նախկին Ստեփանակերտի կերպարը։ Եւ հիմնականում վերացնում են այն բնակավայրերը, որոնցից նախկին պատերազմի ժամանակ իրենք շատ դժգոհ են եղել։ Քարինտակի ճակատամարտի ժամանակ այդքան խօսւում էր, նրանք որոշեցին իսպառ վերացնել Քարինտակը»: Այս մասին ըստ «Առաւօտ»-ի՝ ՀՀ ԱԺ-ում «Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի էկոնոմիկայի նախարարութեան յուշարձանների ուսումնասիրութեան եւ պահպանութեան բաժնի պետ Սլաւա Սարգսեանը։
Նա նշել է, որ նախքան Արցախի շրջափակումը՝ Ադրբեջանը ՄԱԿ-ին է ներկայացրել 4500 բնակավայր՝ լրիւ փոփոխւած, այդ թւում՝ Արցախի 500 բնակավայր ոչ միայն փոփոխւած են, այլ բաժանւած են տարբեր շրջանների վրայ։ Օրինակ՝ Մարտակերտի շրջանի բնակավայրերը ներկայացւում են Քարվաճառի շրջանում։
«Փաստօրէն նրանք կանխամտածւած ոչ միայն յուշարձաններն են վերացնում, այլեւ մարդկանց պատմականօրէն ստեղծած անւանումներն են վերացնում։ Այսինքն՝ պետական մակարդակով քաղաքականութիւն է գնում»,- ասել է նա։
Ըստ Սլաւա Սարգսեանի՝ այսօր Ալիեւն ասում է, որ Արցախում 67 մզկիթներից 64-ը վերացել են։ «Բայց դա սուտ է՝ ես հաշւել եմ այդ բոլոր մզկիթները, այդ ամբողջ տարածքում 67 մզկիթ չկար»,- ասաց նա։