Հայաստանի Ժուռնալիստների միութիւն. Վերջին 8 տարիներին ԶԼՄ-ները, առանձին լրագրողներ ենթարկւում են իշխանութիւնների կողմից կազմակերպւող յարձակումների

Հայաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների եւ առանձին լրագրողների հետ բարձրաստիճան պաշտօնեաների, պատգամաւորների կողմից դրսեւորւող սանձարձակ պահւածքի ինդուլգենցիան տւել է գործող քաղաքական ղեկավարութիւնը։ Այսօր Մամուլի ազատութեան օրւայ առիթով հրաւիրւած մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի Ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանը։
«Միայն 2025 թ. ընթացքում աւելի քան 17 լրատւամիջոցի դէմ 37 հայցադիմում է ներկայացւել, վիրաւորանք կամ զրպարտութիւն համարւող տեղեկութիւնները հերքելուց զատ նաեւ ահռելի գումարային պահանջ է ներկայացւել է ԶԼՄ-ներին։
Այդ գործերով 17 լրատւամիջոցից պահանջում են աւելի քան 66 միլիոն 700 հազար դրամ փոխհատուցում, որը չի ներառում դատական ծախսերը»,- նշել է Հայաստանի Ժուռնալիստների միութեան նախագահը՝ ընդգծելով, որ բազմաթիւ դէպքեր են գրանցւել, երբ պաշտօնեաներն անձամբ կամ իրենց թիկնապահների միջոցով բռնութիւն են գործադրել լրագրողների նկատմամբ, մի շարք լրագրողների ապօրինի կերպով արգելւել է լուսաբանել պետական հաստատութիւնների աշխատանքները՝ պաշտօնեաների կամայական որոշումներով դադարեցնելով նրանց հաւատարմագրումը։
«Այս ամէնն իշխանութիւնների կողմից վարւող հետեւողական արշաւ է, քանի որ օրէցօր աւտորիտար դարձող քաղաքական իշխանութիւնը, փաստացի չունենալով հակակշիռ եւ զսպող որեւէ կենսունակ մեխանիզմ, վտանգ է զգում միայն մամուլից։ Յաճախ հէնց լրագրողների աշխատանքի շնորհիւ է հասարակութիւնը տեղեկանում իշխանութիւնների սանձարձակ քայլերի, ապօրինութիւնների եւ ամենաթողութեան մասին։ Սէյրանեանի ձեւակերպմամբ՝ մամուլը դարձել է գործող իշխանութեան դասակարգային թշնամին։
Իշխանութիւնների նմանօրինակ գործողութիւնները յաճախ որեւէ հակազդեցութեան չեն արժանանում միջազգային համապատասխան կազմակերպութիւնների կողմից»,-ասել է Սէյրանեանը՝ յիշեցնելով, որ թէեւ ՀՀ-ում մամուլի եւ խօսքի ազատութեան ոլորտում խնդիրներ եղել են միշտ, որեւէ տեղ եւ որեւէ իշխանութիւն չի սիրում լրատւամիջոցներին եւ լրագրողներին, բայց յատկապէս վերջին 8 տարիներին Հայաստանում ԶԼՄ-ները, մեծ թւով առանձին լրագրողներ ենթարկւում են իշխանութիւնների կողմից կազմակերպւող հետեւողական, համակարգային յարձակումների։



