Արման Աբովեան. «Ահա իրականում առասպելական «խաղաղութեան գինը», որը մեզանից պահանջում է Ադրբեջանը»
Իրավիճակը, որը զարգանում է հայ-ադրբեջանական բանակցային ուղղութեամբ, հասել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Հայաստանից երաշխիքներ է պահանջում, որ «ռեւանշ» չի լինի։ Ընդորում, ռեւանշ չի լինի՝ ոչ հիմա, ոչ ապագայում։
Նախքան հասկանալը, թէ իրականում ինչ է մեզանից պահանջում թուրք-ադրբեջանական տանդեմը, պէտք է նշել, որ հայկական եւ ադրբեջանական իշխանութիւնների դիրքորոշումն՝ անխուսափելի ռեւանշի վերաբերեալ լիովին համընկնում է։
Այսինքն՝ ռեւանշն անընդունելի է ոչ միայն ադրբեջանական կողմի համար (դէ, այստեղ ամէն ինչ պարզ է), այլեւ հայկական կողմի համար, ինչը խօսում է այն մասին, որ կողմերի գործողութիւններն այս համատեքստում լիովին համընկնում են։
Սակայն մի կողմ թողնենք Հայաստանի թաւշեայ իշխանութիւններին, քանի որ հայկական իշխանութիւնների սկզբունքային դիրքորոշումը թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պայմանների կատարումն է։
Ի՞նչ նկատի ունի սանիտարական թուրք-ադրբեջանական տանդեմը «ռեւանշի» անւան տակ։
Առաջին հերթին դա երաշխիքների ստացումն է կամ ստեղծումը, որի դէպքում հայկական կողմը չի կարող ֆիզիկապէս (ոչ հիմա, ոչ միջնաժամկէտ հեռանկարում) յաւակնել Հայաստանի Հանրապետութեան քաղաքական, ռազմական եւ պետական բաղադրիչի վերականգնմանը։
Ադրբեջանը հասկանում է, որ հայերը, ըստ էութեան, երբեք չեն համակերպւի Հայաստանի ինքնիշխան տարածքների օտարման, Արցախի հայ բնակչութեան էթնիկ զտման եւ բուն Արցախի օկուպացիայի հետ։
Ի՞նչ է ուզում ստանալ Ադրբեջանը՝ որպէս հայկական կողմից «ռեւանշի» անհնարինութեան երաշխիք։
1. Փաստաթղթային համաձայնութիւն ամբողջ Արցախի օկուպացիային եւ Հայաստանի Հանրապետութեան այժմ օկուպացւած ինքնիշխան տարածքների՝ Ադրբեջանի իրաւասութեան ներքոյ անցմանը:
2. Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող հիմնական լոգիստիկ միջպետական ճանապարհների յանձնումն Ադրբեջանի վերահսկողութեանը (անկլաւներ):
3. Հայաստանի Զինւած ուժերի կտրուկ կրճատում՝ Ադրբեջանի վերահսկողութեան իրաւունքով, սպառազինութեան անւանացանկի, քանակի եւ ՀՀ ԶՈՒ զօրքերի թւաքանակի:
4. Հայաստանի առանցքային շրջանների, մարզերի եւ քաղաքների բնակեցումը հարիւր հազարաւոր եւ աւելի մեծ թւով ադրբեջանցիների կողմից:
5. Հայաստանի հարաւը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողութեանը յանձնելը՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան անւանական ճանաչմամբ կամ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ով:
6. Հայաստանի Սահմանադրութեան եւ Անկախութեան հռչակագրի փոփոխութիւն՝ տեքստերից հեռացնելով Արցախի Հանրապետութեան, Օսմանեան կայսրութիւնում 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակումները, Արեւմտեան Հայաստան եզրոյթը: Հայաստանի զինանշանի փոփոխութիւն՝ այնտեղից հեռացնելով հայկական ինքնութեան խորհրդանիշ Արարատ լեռը:
Ահա իրականում առասպելական «խաղաղութեան գինը», որը մեզանից պահանջում է Ադրբեջանը։
Անշուշտ, վերը նշւած կէտերից գոնէ մէկի կատարումը հայկական իշխանութեան կողմից երաշխաւորւած կերպով կը յանգեցնի Հայաստանի Հանրապետութեան պետականութեան կորստին եւ Հարաւային Կովկասի տարածաշրջանից հայերի արտագաղթին:
«Խաղաղութեան դարաշրջան»-ի կամ «խաղաղութեան խաչմերուկ»-ի մասին մնացած ապուշ հեքիաթներն ընդամէնը սովորական սուտ է, որը կոչւած է արդարացնելու Հայաստանի իշխանութիւնների՝ երկիրը ոչնչացնելու վերահաս համաձայնութիւնը։
Յ. Գ. – Ի դէպ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթադրւող «խաղաղ պայմանագրի» մէջ վերը նշւած կէտերը, ամենայն հաւանականութեամբ, կը ներկայացւեն գաղտնի արձանագրութիւնների տեսքով, իսկ մեզ կը ներկայացնեն պայմանագրի առաւել լղոզւած, թեթեւ տարբերակը։ Առանց յիշատակելու, թէ իրականում ինչ են ստորագրել Հայաստանի թաւշեայ իշխանութիւնները Ադրբեջանի հետ։
168.am