Աննա Մայիլեան. «Մոռանալ պատմական Հայաստանի մասին, նշանակում է՝ չունենալ ապագայ. այստեղ շատ վտանգաւոր բան եմ տեսնում»
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը շարունակում է պայքարը, իր իսկ ձեւակերպմամբ, իրական ու պատմական Հայաստանների դէմ, քանի որ, նրա մեկնաբանութեամբ՝ դրանք համատեղելի չեն։ Դեռեւս այս տարւայ ապրիլին, երբ ԱԺ-ում ներկայացնում էր 2023 թւականի պետական բիւջէի կատարողականը, յայտարարեց, որ «44-օրեայ պատերազմից յետոյ մեկնարկել է պատմական եւ իրական Հայաստանների շուրջ բանավէճը, ու պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ յաճախ հակոտնեայ են միմեանց եւ լրջագոյն սպառնալիքներ են ստեղծում մէկը միւսի համար»։
«Ես եւ կառավարութիւնը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանութեան եւ աւանդոյթի կրող, միայն 2022 թ. արձանագրեցինք, որ ՀՀ անվտանգութեան ապահովման առանցքային գործօնն արհամարհւած է, եւ մեր պետականութեան հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, եւ այդ գործօնը ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած սահմաններն են, Հայաստանի Հանրապետութեան՝ միջազգայնօրէն ճանաչւած տարածքը։
Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը սահմանափակող գործօն է պատմական Հայաստանի համար, եւ նրան դրսեւորւելու հնարաւորութիւն չի տալիս»,- շեշտել էր Նիկոլ Փաշինեանը։
Նա այս թէզը ժամանակ առ ժամանակ կրկնում է՝ յայտարարելով, որ այժմ բոլորն ապրում են իրական Հայաստանում, այլ ոչ թէ պատմական։
168.am-ի հետ զրոյցում ՀՀ վաստակաւոր արտիստ Աննա Մայիլեանը Նիկոլ Փաշինեանի այս թէզը համարում է յատուկ ծրագիր, թելադրանք, որը փորձում է իրականացնել։
«Իւրաքանչիւր երկիր, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, նոյնիսկ Միացեալ Նահանգները, բոլորն իրենց համարում են պատմական երկրներ, ունեն պատմութիւն։ Եթէ, օրինակ, իրենց որեւէ մէկն ասի՝ դուք պէտք է ապրէք իրական Ֆրանսիայում, այլ ոչ թէ պատմական, ապա այդ ասողին պատասխանատւութեան կը կանչեն, բանտ կտանեն կամ այլ բան, կամ առնւազն կը զարմանան ու նման բան ասողին անգրագէտ կը համարեն։
Ամէն երկիր ունի իր պատմութիւնը եւ սեփական պատմութիւնից հրաժարւել՝ նշանակում է հրաժարւել նաեւ ազգի էութիւնից, էթնիկ պատկանելութիւնից»,- իր տեսակէտը հիմնաւորել է Աննա Մայիլեանը։
Նրա մեկնաբանութեամբ՝ այս ծրագրով նպատակ են հետապնդում հայ ազգին կտրել իր արմատներից, մոռացութեան տալ, թէ որտեղից է եկել ու ուր է գնում։
«Եթէ մոռանում ենք պատմական Հայաստանի մասին, ապրում ենք իրական Հայաստանում, նշանակում է՝ այսօր ենք ապրում, վաղը չունենք, այսինքն՝ չունենք ապագայ։
Իմ նման մարդիկ չեն կարող հաշտ ապրել՝ մոռանալով պատմական Հայաստանի մասին։ Ինքս ներկայացնում եմ մի մշակոյթ, որը կապւած է պատմական Հայաստանի հետ, եթէ ինձ պէտք է ստիպեն, որպէսզի չերգեմ Կարինի, Վանի, Ջուղայի երգերը, այդ թւում՝ Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու երգերը, ուրեմն ի՞նչ պէտք է երգեմ։ Ես ներկայացնում եմ ամբողջ պատմական Հայաստանի մշակոյթը, սա իմ արմատի երգերն են, մշակոյթը։ Եթէ հիմա խօսում են միայն պատմութեան մասին, վաղը սա տարածելու են նաեւ մշակոյթի վրայ, ասելու են՝ սա մի երգէք, դրանք «թուրքական են», այստեղ շատ վտանգաւոր բան եմ տեսնում»,- եզրափակել է նա։