Դաւիթ Սահակեանց. «Սրանք անաստւած են. լկտիութիւն է աղօթքին քմծիծաղով վերաբերւելը. այդ տեսակին պէտք է յաղթել»
«ԱԼԻՔ» – Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դաւիթ Սահակեանցը մասնակցել է Նիկոլ Փաշինեանի իշխանութեան դէմ բոլոր շարժումներին եւ այն կարծիքին է, որ մինչ օրս եղած բոլոր շարժումները հայրենիք ունենալու եւ ինքնութեան համար գլոբալ պայքարի մասնիկներն են:
««Սրբազան շարժումը» շատ լաւ եւ անսպասելի սկսւեց. Ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպէս ուժգին կը լինի: Ինքս հաճելիօրէն զարմացած էի, երբ մայիսի 9-ին այդ քանակի մարդ եկաւ հրապարակ՝ աջակցելու Նիկոլ Փաշինեանի հեռացմանը: Բայց ներքին քաղաքականութեան մէջ ինչ-որ բաներ են կատարւում, գուցէ պայմանաւորւածութիւններ կան արտաքին խաղացողների հետ, որոնք դեռ թոյլ չեն տալիս վերջնական յաղթել: Ես շարունակում եմ վստահել Սրբազանին, ծանօթ եմ իրեն մինչեւ «Սրբազան շարժումը», եւ այն գաղափարները, որոնք կրում է այդ մարդը, ինձ շատ հոգեհարազատ են, եւ կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք այլընտրանք չունենք, քան Բագրատ Սրբազանն է: Ժամանակը ցոյց է տւել, որ ուրիշ որեւէ մէկը հնարաւորութիւն չունի ուղղորդել այդ քանակի մարդկանց, ինչպէս դա արեց Բագրատ Սրբազանը: Մենք սիրում ենք արագ արդիւնք տեսնել, բայց պէտք է զինւել համբերութեամբ եւ հետեւել այն պրոցեսներին, որոնք կատարւում են:
Շատ լուրջ պրոցեսներ են կատարւում, որոնք չեն կարող արձագանգ չունենալ մեր իրավիճակին, մասնաւորապէս, եւրոպական ինստիտուտները, բորելները, մակրոնները եւ բոլոր այն մարդիկ, ովքեր քարտ-բլանշ են տւել Փաշինեանին՝ ամէն ինչ անելու համար: Մենք չենք կարող անտեսել այդ խոշոր խաղացողներին, շատ փոքր մասնիկ ենք այս դաժան ժամանակներում, դրա համար պէտք է դա էլ հաշւի առնել եւ սպասել փոփոխութիւններին: Ես յոյս ունեմ, որ Բագրատ Սրբազանը կը յաջողի, նա այս էտապում գիտի՝ ինչ է անում: Միգուցէ ինչ-որ սխալներ եղել են, բայց այս էտապում կարեւոր են այն հանդիպումները, որոնք մարզերում տեղ են ունենում, մարդիկ իրականում արթնանում են»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
Դաւիթ Սահակեանցի խօսքով՝ գործող իշխանութիւնները վախենում են. «Այս 5 տարիների ընթացքում միակ ուժեղ գործօնը վախն է, բայց կարող եմ իրենց զգուշացնել, որ շատ վտանգաւոր է իրենց համար: Վախը կարող է կործանել իրենց, իսկ նրանք այսօր ուղղորդւում են միմիայն վախով: Բոլոր ֆրոնտներով նրանք այսօր խնդիր ունեն»:
Անդրադառնալով արեւմտեան գնահատականներին՝ Հայաստանում ժողովրդավարութեան, գործող իշխանութեան դէմ կազմակերպւած տարբեր շարժումների ժամանակ ոստիկանների գործողութիւնների վերաբերեալ, նա ընդգծել է. «Հերթական լկտիութիւնն է, երկակի ստանդարտների դրսեւորում է: Առաջին դէպքը չէ: Գեներալ Սամոսան սահմաններն անցած անձնաւորութիւն էր, որին տանիք էր կանգնել ԱՄՆ-ը, եւ նրանք յայտարարեցին՝ «…անառակի զաւակ, բայց սա մեր անառակի զաւակն է». Այսինքն՝ իրենք նոյն ձեւով հասկանում են, որ այսօր Հայաստանում կայ մի «շան որդի», բայց դա իրենց «շան որդին»-ն է, եւ պէտք է ամէն կերպ աջակցեն: Նրանք յայտարարել են, որ՝ այո, դաժան բաներ են կատարւում, բայց աւելի դաժան է, եթէ Հայաստանում յայտնւեն պրոռուսական ուժեր: Դրա մասին Բագրատ Սրբազանն ասաց իր հարցազրոյցներից մէկում: Արեւմուտքի համար մէկ է՝ կը դառնանք Ուկրաինա՞, թէ՞ Պաղեստին, կարեւորը՝ իրենք իրենց պլաններն իրականացնեն»:
Սահակեանցի խօսքով՝ Հայաստանի գործող իշխանութիւններն անաստւած են. «Նրանք Աստւած չունեն, չունեն եկեղեցի, գլոբալիստական աշխարհի մի փոքր մասնիկ են, որտեղ չկայ Աստւած, չկայ հաւատ, չկայ բարոյականութիւն, ամէն ինչ թոյլատրելի է, կարմիր գծեր չկան: Այն յայտարարութիւնը, որ նրանք իզմ-եր չունեն, հէնց դրա մասին է, այսինքն՝ դու չունես որեւէ կարմիր գիծ, որեւէ սահման ինքդ քեզ համար չես սահմանում: Նրանք այսօր իրենց աղանդն են ստեղծել, նոյնիսկ կարող են մրցել ցանկացած կրօնական աղանդի հետ՝ իրենց նիկոլական աղանդով: Իսկ միւս աղանդներն իրենց համար գործիք են: Հէնց պէտք է լինում՝ սեղմում են այդ մարդկանց ցաւոտ կէտերին, որոնք կօգնեն նրանց բերել իրենց կողմ: Բայց այդ մարդիկ վերջնական ապուշ չեն, եւ հիմա շատ դժւար կը լինի իրենց այն քանակը հաւաքել, ինչ հաւաքել էին 2018-ին, երբ շատ մեծ մասնակցութիւն կար հէնց աղանդաւորների կողմից: Դրա համար նրանք իրենց աղանդն են ստեղծել, գումարած՝ իրենց աղանդին ծառայող ոստիկանութիւն, որը պատրաստ է ամէն ինչի, եւ դա նրանք ապացուցեցին»:
Նա ընդգծել է՝ իսկապէս հաւատում է հասարակութեան արթնացմանը. ««Սրբազան պայքարի» յաջողելը գլոբալիզացիայի պարտութեան սկիզբը կարող է լինել ամբողջ աշխարհում: Եթէ աշխարհի մի քանի օջախներում հոգեւորն իսկապէս յաղթի սպառողական մտածելակերպին, մարդկութիւնը շանս կունենայ փրկւելու: Այստեղ խօսքը միայն մեր կամ Բագրատ Սրբազանի մասին չէ, որովհետեւ գուցէ հիմա պայքարը չյաջողի, բայց մի քանի տարի յետոյ այլ մարդիկ գան եւ փորձեն արժեհամակարգային փոփոխութիւն կատարել, այսինքն՝ այն, ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Ես հաւատում եմ, որ հասարակութեան զարթօնքը լինելու է: Սրբազան պայքարի յաղթանակը կարող է շատ լուրջ արձագանգ ունենալ ամբողջ աշխարհում: Արտաքին ուժերը ստիպւած կը լինեն հաշւի նստել դրա հետ: Այլ մարդիկ էլ կը տեսնեն, որ այս դաժան դարում, երբ մարդիկ խեղդւում են մեղքի մէջ, հոգեւորը կարող է փրկել մեզ: Որ մարդիկ աղօթքի ժամանակ չքմծիծաղեն, ինչպէս Ժաննա Անդրէասեանն է իրեն թոյլ տալիս: Դու կարող ես հաւատացեալ չլինել, բայց դա լկտիութիւն է, երբ քմծիծաղով ես վերաբերւում մարդկանց աղօթքին: Այդ որակին պէտք է յաղթել»: