Էդգար Էլբակեան. «2018-ին պարտւեց ազգային նախագիծը, 2020-ին դա ձեւակերպւեց գետնի վրայ եւ շարունակւում է առայսօր»
«ԱԼԻՔ» – Հայկական պետութեան կազմաքանդման ուղղութեամբ երկար տասնամեակներ մեր թշնամիները ջանքեր են գործադրել։ Թուրքերն են մեղաւոր, նրանք են այդպէս անում։ Տարիներ, գուցէ դարեր կանցնեն, եւ երբ արդէն աշխարհակարգ փոխւի, ու անաչառ պատմիչները սկսեն գրել այս օրերի պատմութիւնը, երեւի թէ նրանք կօգտագործեն նեոգաղութացում արտայայտութիւնը՝ բնորոշելով այն երեւոյթները, որոնց մենք այսօր ականատես ենք։ Մենք գիտենք, որ մարդկային բնոյթը չի փոխւել, եւ ռեալիստական հայեցակէտից նայելով՝ մարդը միշտ ուզում է աւելին ունենալ, ընդարձակւել։ Նոյնն էլ մարդու ստեղծած պետութիւններն են։ Բայց ձեւն է որոշակիօրէն փոխւել, եւ եթէ առաջ կը մտնէին ու կը գրաւէին, թէեւ հիմա էլ են դա անում, բայց հիմա նրբացրել ու փափկացրել են ձեւերը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել քաղաքագէտ, «Հայկական նախագիծ» ՀԿ-ի համահիմնադիր Էդգար Էլբակեանը։
«Մեր թշնամիները երկար տասնամեակներ, հէնց այնքան, որքան Հայաստանի անկախ Հանրապետութիւնը տարիք ունի, ջանք են թափել Հայաստանի ներսում սոցիալական ինժեներիայով զբաղւելու։ Ցաւօք սրտի, մեր թշնամի թուրքերի շահերը եւ նրանց բռնած վեկտորը մեր հանդէպ համընկել է արեւմտեան աշխարհակարգի ընդհանուր քաղաքակրթական վեկտորին։ Այսինքն, եթէ, օրինակ, հեդոնիստական ապրելակերպն Արեւմուտքն առհասարակ քարոզում է՝ որպէս նորմ, եւ դա անում է ուղղակիօրէն՝ ում տեսնում, քարոզում է, ապա թուրքերի դէպքում դա յատուկ շահ էր Հայաստանի հարցում։ Եթէ Հայաստանում մարդիկ որդեգրեն հեդոնիստական կենսակերպ, Հայաստանը կամաց-կամաց կը մարի։ Այսինքն, այստեղ շահերի հետաքրքրական համընկնում է եղել ի վնաս մեզ»,- ասել է քաղաքագէտը։
«Պէտք է յստակօրէն ֆիքսել, որ թշնամի են թուրքերը, իսկ Արեւմուտքի դէպքում այնպէս է ստացւել, որ այն ամէնը, ինչ նրանք քարոզում ու տարածում են, հակառակ է մեր ազգային շահերին։ Այս թեմայով կարելի է երկար խօսել, նոյնիսկ սիմւոլիկ մակարդակում։ Եթէ վերցնենք ու համադրենք 2018-ի հանրահաւաքային ելոյթները, ազգ ու հայրենիք բառերը մի անգամ չէք լսի։ Պետութիւն ու ժողովուրդ կայ, բայց նոյնիսկ սիմւոլիկայի մակարդակում ազգ ու հայրենիք բառերը չկան։ 2018-ին պարտւեց ազգային նախագիծը, 2020-ին դրա ձեւակերպումն արւեց գետնի վրայ, մինչ օրս դա շարունակւում է։ Կառուցւում է մի նախագիծ, որը ոչ թէ ապազգային է, այլ հակաազգային։ Ապազգայինն ուղղակի ազգայինի բացակայութիւնն է, հակաազգայինը պատերազմն է հայկականի դէմ»,- նշել է Էլբակեանը:
Քաղաքագէտի կարծիքով՝ այսօր Հայաստանում թշնամի է հռչակւել հայկականութիւնը, եւ մարդկանց քարոզւում է, որ վատ են ապրում, քանի որ հայկական օրակարգի եւ նախագծի հետեւից են ընկած եղել. «Այս ամէնը, իհարկէ, պատահական չի ստացւել։ Այնպէս չէ, որ արցախեան առաջին յաղթական պատերազմի սերունդը լաւն էր, իսկ ահա այսօր վատ սերունդ է մեծացել։ Նման պատահական բաներ չեն լինում։ Սա թուրքերի եւ նրանց կցորդ ու լծակից Ադրբեջանի հետեւողական սոցիալական ինժեներիայի աշխատանքն է, որը, ցաւօք, 2018-ին տւեց իր պտուղները։ Պէտք է յիշել եւ յիշեցնել, որ ազգայինի պահպանման հարցում ժամանակակից տեխնոլոգիաները մի կողմից լուծում են, միւս կողմից՝ հրաշագործ դեղամիջոց չեն, սրանց արանքում ինչ-որ մի տեղ պիտի հաւասարակշռութիւն գտնւի՝ առաւելագոյնս օգտւելու ընձեռւած հնարաւորութիւններից»:
«Երազային մոլուցք է, որ եթէ համացանց կայ, թւային դարաշրջան է, ինչպէ՞ս կարող է որեւէ բան մոռացւել։ Թւային դարաշրջանում երբեմն որոշ բաներ աւելի լաւ են մոռացւում, եւ այդ խաբկանքը չպէտք է ունենալ։ Բայց միւս կողմից՝ եթէ արդէն իսկ կայ քաղաքական եւ ազգային որոշում՝ յիշելու եւ յիշեցնելու, կան նաեւ դրա տեխնոլոգիական լուծումները, եւ դրանցից պէտք է օգտւել։ Այստեղ խնդիրն ազգային-քաղաքական որոշման մէջ է։ Մեր ընդդիմադիր ազգային դաշտի գործիչներ կան, որոնց համար՝ որպէս սոցիալական կերպար, անցեալի պետական-քաղաքական գործիչ, դժւար է ընդունել այս ախտորոշումը։ Այդ դէպքում կստացւի, որ իրենց ծաղկման շրջանում Հայաստանում տեղի է ունեցել թրքաբուծութիւն»,- ամփոփել է Էդգար Էլբակեանը: