Գեղամ Մանուկեան. «Այս ոստիկանութեան խեղճութիւնը տեսէք մէկ առանձին՝ Էջմիածին քաղաքի օրինակով»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում տեսանիւթ է հրապարակել, որում երեւում է, թէ Էջմիածնի ոստիկանութեան աշխատակիցներն անհիմն մեղադրանքով, ինչպէս են բերման ենթարկում քաղաքի աւագանու ընդդիմադիր անդամ Սեւակ Խաչատրեանին:
«Այս ոստիկանութեան խեղճութիւնը տեսէք մէկ առանձին՝ Էջմիածին քաղաքի օրինակով։ Նախօրէին այդ համայնքի աւագանու ընդդիմադիր խմբակցութիւնը յայտարարել է, թէ վաղ առաւօտեան մայիսի 11 քաղաքի դպրոցներից մէկն այցելող Նիկոլ Փաշինեանին պատրաստւում են դիմաւորել հաստատութեան բակում։
Ու ի՞նչ պիտի անէր օրէնք պաշտպանող ոստիկանութիւնը. պարզ է, իր պարտականութիւնը կատարէր ու ապահովէր հասարակական կարգը։ Բայց նիկոլի ոստիկանութիւնը վաղ առաւօտեան բերման է ենթարկում հաւանական բոլոր ցուցարարներին ու յայտարարում, թէ դա արել է զէնք-զինամթերք կրելու կասկածանքով։ Իշխանական քարոզչամեքենան էլ շտապ տարածում է այս լուրը։
Երեք ժամւայ ընթացքում բոլոր քաղաքացիները ազատ կարձակւեն, բայց ոստիկանութիւնը յետոյ ինչպէ՞ս է իր ուսադիրների վրայ նստած խարանը մաքրելու։ Չե՞ն ասի՝ քանի գրոշի արժէք ունի այդ ծառայութիւնը, երբ հանրութեան առաջ ձեր անձը դնում էք յիմարագոյն վիճակում, ինչ է թէ Նիկոլը ազատ դպրոց մուտք գործի։ Ձեր ատեստացիան ու մի քանի դրամը ձեր գլխին կպնեն»,- գրել է նա:
Յաւելենք, որ աւելի ուշ բոլոր բերման ենթարկւածներն ազատ են արձակւել: Փաստացի ստացւում է, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի դէմ բողոքի խաղաղ ակցիան կանխելու նպատակով ՀՀ ոստիկանութիւնը կարող է անհիմն մեղադրանքով բերման ենթարկել ցանկացած անձի: