Հայաստան - Արցախ
Տիգրան Թորոսեան. «Ալիեւն էլ գիտի՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի էջը փակւած չէ»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ՀՀ ԱԺ-ի նախկին նախագահ, քաղաքագիտութեան դոկտոր Տիգրան Թորոսեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
- ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը Բրիւսէլում ելոյթ ունենալով՝ ասել է, որ Հայաստանում քննարկւում է արտադաշինքային պետութիւն դառնալու գաղափարը: Ի՞նչ է դա:
- «Արտադաշինքային պետութիւն» նշանակում է՝ կամաւոր պետութիւնը ստանձնում է որեւէ դաշինքի մաս չկազմելու պարտաւորութիւն, ինչպիսին, օրինակ, Շւէյցարիան է։ Բայց դա միշտ չէ, որ հնարաւոր է անել։ Խօսում են, որ թեման քննարկւում է հասարակական կազմակերպութիւնների՝ քաղաքացիական հասարակութեան հետ, բայց չի խօսւում մասնագէտների մասին։ Ցաւօք, այսօր երկրի ճակատագրի վերաբերեալ որոշումներ կայացնում են մարդիկ, ովքեր չունեն գիտելիք ու փորձ։ Արտադաշինքային պետութեան մօտեցում էր ժամանակին որդեգրել նաեւ Թուրքմենբաշին, բայց ելնելով իրենց պետութեան իրողութիւնից։ Այն, ինչ մեր պարագայում է արւում, պարզապէս լուրջ չէ։
- ՌԴ-ն, իհարկէ, շատ սխալներ է արել, բայց դա չի նշանակում՝ պետութիւնների փոխյարաբերութիւններում պէտք է անցնել փողոցի ճղճղացող, իրար վերջին բառերով վիրաւորող կանանց ռեժիմին։ Ռուսաստանի հետ պէտք էր խօսել, հարցեր տալ, բայց դրա համար ձեւեր կան։
- Յետխորհրդային տարածքում Հայաստանը եղել է այն երկիրը, որը փորձել է քիչ թէ շատ հաւասարակշռութիւն պահպանել եւրոպական տարածքում ու ՌԴ-ի հետ յարաբերութիւններում։ Դա իր արդիւնքը տւել է։ Այսօր բոլորովին այլ է իրողութիւնը։
- Աւելի վատ յարաբերութիւններ, քան Հայաստանի հետ, այսօր որեւէ յետխորհրդային պետութեան հետ Ռուսաստանը չունի, անգամ Վրաստանի հետ չունի նման վատ յարաբերութիւններ։
- Ուղղակի սրան-նրան հաճոյանալով՝ երբեք ոչինչ չես ստանում։ Դու պէտք է քաղաքական գործօն լինես։ Մենք այսօր գործօն չենք։ Հայաստանին չեն յարգում, Հայաստանի ուսին երբեմն թփթփացնում են, ուրիշ ոչինչ։
- Երբեք զէնքի գործարքները դեռ աւարտին չհասած՝ դրանց մասին չեն բարձրաձայնում։ Անում են՝ լուսանկարւելու համար, ինչպէս ժամանակին Су-31CM ռազմական օդանաւերի դէպքում եղաւ՝ Փաշինեանը լուսանկարւեց… Կարելի է խօսել ու լուսանկարւել, բայց դա մեր բանակին ոչինչ չի տալու։ Երբ չկայ գիտելիք ու փորձ, նկարւելուց այն կողմ գործն առաջ չի գնում։
- Իհարկէ, Հայաստանը դատապարտւած չէ անընդհատ ՌԴ-ի հետ դաշնակցային յարաբերութիւններ ունենալ, որովհետեւ, ցաւօք սրտի, անգամ ռուսներն այնքան են դրան սովորել, որ օգտագործում են հետեւեալ ձեւակերպումը՝ «Հայաստանն ո՞ւր պիտի փախչի»։ Բայց դաշնակցային յարաբերութիւնները երկար ժամանակ եւ լուրջ աշխատանք են պահանջում։ Այնպէս չի լինում, որ դու որոշեցիր, դուրս եկար մի դաշնակցային յարաբերութիւններից ու արագ մտար միւսի մէջ։ Նման բան հնարաւոր չէ:
- Տարածքային ամբողջականութիւնն ընդամէնը ՄԱԿ-ի անդամ պետութեան համար պարտաւորութիւն է ՄԱԿ-ի անդամ միւս պետութեան նկատմամբ, որ չի յարձակւի նրա վրայ ու տարածքներ չի բռնակցի։ Այս իշխանութիւնները չեն հասկանում՝ ինչ բան է տարածքային ամբողջականութիւնը։
- Պետութիւնը լուրջ բան է, ճղճիմ յարաբերութիւնների մակարդակի իջեցնելու գործիք չէ։ Մենք 32 տարւայ պետութիւն ենք, բայց մեր խօսոյթը նոյնն է, ինչ 1980-ականներին։ Ոչ մի առաջընթաց չկայ։
- Հիմա կարողանում են կեղծել այն ամէնը, ինչ եղել է ընդամէնը մի քանի տարի առաջ։ Բայց փաստեր ու փաստաթղթեր կան, որոնք, ի վերջոյ, մի օր սեղանին են դրւելու։
- Այդ ո՞ր գաղափարախօսութեան հիման վրայ է Հայաստանը փոխում իր արտաքին քաղաքական կուրսը։ Եթէ կայ գաղափար, ներկայացրէք։
- Առանց հասկանալու՝ մէկ դառնում են մոլի եւրոպասէր, մէկ՝ ռուսամէտ։ Որեւէ գիտելիք չունեցող մարդիկ այսօր յայտնւում են բրիւսէլներում, լոնդոններում, փարիզներում, լուրջ դէմքերով լուսանկարւում են…
- 2007 թ․ Մինսկի խմբի համանախագահները մէջտեղ բերեցին ինքնորոշման իրաւունքի սկզբունքը ու դրան տէր էին մինչեւ 2021 թ․յունիսը։ Հիմա ընդհանրապէս ոչ ոք չի խօսում դրա մասին, անգամ Ֆրանսիան։ Ինչպէ՞ս եղաւ, որ 13 տարի շարունակ փաստաթղթեր էին մշակում, ու հիմա ոչ ոքի դա պէտք չէ։
- Այդպէս եղաւ, որովհետեւ տէր չկայ։ Դա Հայաստանի վերաբերմունքի պատասխանն է։ Չկայ սեփական խնդիրներին ու գաղափարներին տէր կանգնելու մօտեցում։ Եթէ Հայաստանը դա չի անում, ինչի՞ պիտի ուրիշներն անեն։ Հայաստանին արհամարհում են, որովհետեւ տէր չկայ, Հայաստանի իշխանութիւնը չի խօսում դրա մասին։
- Բա եթէ Ալմա Աթայի հռչակագիրն այնքան ուժ ունէր, որ չէր թողնում՝ Արցախն ինքնորոշւի, բա ի՞նչ էին անում 2007-ից մինչեւ 2021 թւականները։
- 2020 թ․ պատերազմից յետոյ մենք շատ լաւ հնարաւորութիւն ստացանք՝ Արցախի անկախութիւնը ճանաչելու։ Դրա համար պէտք էր աշխատել միջազգային կազմակերպութիւնների հետ, խօսել Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների մասին, բայց ոչինչ չարւեց։
- Իհարկէ, Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանի հրամանագիրն իրաւական որեւէ ուժ չունի։ Միակ բանը, որ կը լինէր իրական վաւերացում, եթէ Արցախում հանրաքւէ անցկացւէր։ Իսկ դրան, բնականաբար, Ադրբեջանը չէր գնայ:
- Ինչպէս իւրաքանչիւր իշխանութեան, այնպէս էլ այս իշխանութեան ժամանակը սահմանափակ է։ Եւ երբ իշխանութեան գայ հայրենիքի գիտակցում, գիտելիք ու փորձ ունեցող իշխանութիւն, այս հարցերը նորից սեղանին են լինելու։ Խօսքն Արցախի անկախութեան կամ ինքնորոշման իրաւունքի մասին է։ Ոմանք կարող են նոյնիսկ քմծիծաղ տալ, բայց Արցախի ինքնորոշման իրաւունքի էջը փակւած չէ։
- Նա, ով խօսում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու մասին, պէտք է ունենայ նաեւ երկրորդ կէտը՝ Արցախի անկախութեան կամ ինքնորոշման իրաւունքի ճանաչման հարցը։ Հակառակ դէպքում դա կը նշանակի մարդկանց տանել ու նոր աղէտի մէջ գցել։ Թուրքերը լաւ յիշողութիւն ունեն։ Ալիեւը յիշում է, որ քիչ էր մնացել՝ Արցախը ճանաչւէր ու դառնար ՄԱԿ-ի անդամ պետութիւն։ Նա կը փորձի դա թոյլ չտալ ու հարցը հիմա փակել մէկընդմիշտ։
- Ես աւելի քան համոզւած եմ, որ Ալիեւն ու Էրդողանը ոչինչ չեն կարող անել որեւէ մէկի՝ իշխանութեան մնալ-չմնալու համար։ Դա Հայաստանի ժողովրդի ու քաղաքական ուժերի ներքին խնդիրն է։
- Եւ Արցախի, եւ Հայաստանի Հանրապետութեան խնդիրն այժմ կենտրոնացել է Երեւանում։ Չգիտեմ՝ քաղաքական ուժերը կը հասկանա՞ն՝ ինչ է տեղի ունեցել։ Այսօր նոր որակ, գիտելիք ու կարողութիւն է պէտք։
- Մեր իշխանութիւնը ոչ միայն իրեն տիրոջ պէս չի պահում, այլեւ ով ինչ ուզում է, այս իշխանութիւնը նւիրում է։
- Ես վստահ եմ՝ Եւրոպայում 10 մարդ չէք գտնի, ով գիտի Շառլ Միշէլի անունը։ Միակ բանը ֆոն դեր Լայէնի հետ գզւռտոցն էր, թէ ով է աւելի բարձր պաշտօն զբաղեցնում։
- Բոլորն էլ տեսնում են՝ անտէր մի մաս է մնացել, ամէն մէկն ուզում է Հայաստանից փախցնել իրենը։
- Եթէ անգամ ստորագրւի ինչ-որ բան՝ «Խաղաղութեան պայմանագիր», դա չէ կարեւորը։ Աւելի կարեւոր է՝ո՞վ է գալու, ինչպէ՞ս, ինչպէ՞ս է աշխատելու պետական համակարգը։ Մեր խնդիրն այն է՝ ինչպիսի՞ն է լինելու վաղւայ Հայաստանը։ Արդեօք Հայաստանում ձեւաւորւում են քաղաքական ուժեր, ովքեր պատրաստ են այդ ծանր բեռը տանել։
- Այն կուսակցութիւնները, որոնք այսօր չեն արձագանգում Հայաստանի խնդիրներին, իրենք են փակում իրենց։ Հայաստանը լուրջ վերափոխումների կարիք ունի։ Սրա մասին ոչ ոք չի խօսում։
- Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կայ, բայց այն իրաւական ուժ չունի։ Այնտեղ արդէն անելու բան էլ չկայ։ Մնացել է չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը։ Ալիեւն ու Էրդողանն ինչ յայտարարում են, Հայաստանն անում է։ Ինչպէս ողջ այս ընթացքում, հիմա էլ Փաշինեանի քայլերը տրամաբանութիւնից զուրկ են։ Հայաստանի խնդիրը ոչ թէ այդ ճանապարհի բացւել-չբացւել է, այլ այն, որ յայտարարի՝ ոչ թէ ռուսները, այլ իրենք են վերահսկելու ճանապարհը։
- ՀՀ վարչապետի ո՞ր լիազօրութեան հիման վրայ յանձնւեցին Քարվաճառն ու Քաշաթաղը։ Յայտարարւում էր՝ բոլորը կանգնում են իրենց տեղերում։ Ո՞ւր է, կանգնա՞ծ են իրենց տեղերում։ Նոյեմբերի 9–ի յայտարարութեան այն կէտերն են կատարւել, որոնք օգտակար են Ադրբեջանի համար։
- Եւլախում բանակցութիւններ չեն եղել․ մի կողմը գնացել է, որ լսի՝ ինչ է իրեն թելադրում միւս կողմը։ Սամուէլ Շահրամանեանի հրամանագիրը սովորական թղթի կտոր է, որը ոչ մի արժէք չունի։
- Փախստականի կարգավիճակը կարեւոր է Արցախի պետութեան վերականգնման տեսանկիւնից։ Այդ կարգավիճակը պէտք է, որ ասւի՝ այս մարդկանց հայրենիքն այլ տեղ է։ Արցախցիների հետ պէտք է աշխատել։ Հակառակ դէպքում մարդիկ կը վերցնեն իրենց կարգավիճակն ու կը հեռանան այստեղից։ Նրանց պէտք է հասցնել, որ Արցախը հնարաւոր է յետ բերել, ծանր աշխատանքով, շատ աւելի բարդ, քան դա հնարաւոր էր մինչեւ սեպտեմբերի 19-ը, բայց հնարաւոր է։
- Քանի՞ անգամ էք լսել, որ Հայաստանի իշխանութիւնները խօսեն Ադրբեջանից հայ փախստականների մասին, որոնց թիւը մի քանի անգամ աւելի մեծ է, քան ադրբեջանցի փախստականներինը։ Չկա՛յ։ Ո՛չ մի անգամ։ Հէնց սա է ուժ տալիս Ադրբեջանին։
- Ժողովրդին մեղադրել պէտք չէ։ Այդ ժողովրդին գաղափար տւող է պէտք, առաջնորդ, ու նա կը դառնայ այն ժողովուրդը, որը 1990-ականներին էր՝ յաղթանակ կերտող, ազգային գաղափարներով առաջնորդւող։
- Որեւէ նորմալ մարդու համար Արցախի պետականութեան վերականգնումը չի կարող նպատակ չլինել։