Յակոբ Բադալեան. «Վրաստանի նախագահի գործողութիւնը մեղմ ասած սադրիչ է»
«ԱԼԻՔ» – «Վրաստանի նախագահն իր ֆէյսբուքեան անձնական էջում տարածել է վրացական տուրգործակալութեան մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի առնչութեամբ կան մեղմ ասած խնդրայարոյց ձեւակերպումներ»: Մեկնաբանելով Զուրաբիշւիլիի կիսած հրապարակումը՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը։
Նա նշել է. «Այն, որ Վրաստանում կայ այդ վերաբերմունքը Լոռու, Լոռու մարզի պատմամշակութային որոշ յուշարձանների հանդէպ, բոլորովին նորութիւն չէ: Նաեւ յայտնի է, որ այդ առնչութեամբ տարիներ շարունակ բաւականին բարդ քննարկումների մէջ են երկու եկեղեցիները՝ Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիները:
Սա չափազանց նուրբ թեմա է, որ Հայաստանն ու Վրաստանը յետխորհրդային աւելի քան երեք տասնամեակում փորձում են կառավարել շատ մեծ ջանքի գնով, թէ՛ եկեղեցիների, թէ՛ կառավարութիւնների մակարդակով:
Ընդորում, այսպէս ասած հանրային մակարդակով այդօրինակ խնդիրներ առկայ են երեւի թէ բոլոր պետութիւնների միջեւ, եւ հետեւաբար հարցը միշտ էլ հէնց այն է, թէ վերնախաւային մակարդակում ինչպէս են կառավարւում այդ նուրբ հարցերը:
Վրաստանի նախագահը, որը կարծես թէ երբեք էլ աչքի չի ընկել առանձնակի նրբանկատութեամբ, իրեն թոյլ է տալիս կիսւել մի նիւթով, որը վերաբերում է հէնց այդ նուրբ թեմաներին:
Եւ, չնայած նա անում է դա իր ոչ թէ պաշտօնական, այլ այսպէս ասած անձնական օգտահաշւով, միեւնոյն է, մեղմ ասած բարդ բան չէ հասկանալը, որ անգամ այդ օգտահաշիւը ասոցացւում է նախագահական կարգավիճակի, հետեւաբար՝ պետական կարգավիճակի հետ:
Ըստ այդմ, Վրաստանի նախագահը թոյլ է տալիս կոպիտ սխալ, եւ չափազանց յայտնի ու նուրբ թեմայի վերաբերեալ նա թոյլ է տալիս այնքան կոպիտ սխալ, որ մեղմ ասած շատ բարդ է պատկերացնել, որ դա արւել է «չհասկանալով»:
Առաւել եւս, որ դա արւում է Վրաստանի համար չափազանց զգայուն մի ժամանակաշրջանում, որը ոչ պակաս զգայուն նշանակութիւն ունի նաեւ Հայաստանի համար:
Հարց է առաջանում, Վրաստանի նախագահը իր անձնական օգտահաշւով այդ ինչքա՞ն յաճախ է տուրգործակալութիւնների գովազդներ տարածում, որ յանկարծ որոշել է անել դա Հայաստանի թեմայով, եւ առաւել եւս այս փուլում: Յատկապէս, որ Վրաստանից դէպի Հայաստան՝ Լոռու մարզ տուրայցերը բոլորովին նոր երեւոյթ չեն:
Ի դէպ, շատ լաւ է, որ այդ այցերը կան: Ինքս տարիներ շարունակ բազմիցս արտայայտւել եմ, որ պէտք է հայ-վրացական զբօսաշրջային կօօպերացիայի խորացում, այդ թւում ոչ միայն Լոռի, նաեւ Շիրակ:
Պաշտօնեաները պէտք է նպաստեն դրան, այլ ոչ թէ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առանց այդ էլ բաւականին նուրբ հարցերի առկայութեան դէպքում ունենան սադրիչ դերակատարում:
Իսկ Վրաստանի նախագահի գործողութիւնը մեղմ ասած սադրիչ է:
Եւ այստեղ էական է մէկ այլ հանգամանք: Անցնող օրերին եղաւ մէկ այլ տեղեկատւական սադրանք հայ-վրացական յարաբերութեան դէմ, իբրեւ թէ Վրաստանը թոյլ չի տալիս ֆրանսիական սպառազինութիւնը գայ Հայաստան:
Գրեթէ չունեմ կասկած, որ Վրաստանի ընտրութեան եւ յետընտրական բարդ իրողութեան ֆոնին կայ նպատակ՝ հրահրել նաեւ հայ-վրացական լարւածութիւն եւ այդ կերպ մեծացնել մթնոլորտային ճնշումը Վրաստանի կառավարութեան նկատմամբ: Այդ նպատակը հետապնդողներին բնականաբար չի յուզում, թէ այդ նոյն ճնշումը ինչպիսի հետեւանք կունենայ նաեւ Հայաստանի համար:
Գնահատականս այն է, որ Հայաստանը պէտք է չտրւի զգայականութեան եւ չարդարացնի այն հնարաւոր հաշւարկը, որ կարող է լինել նաեւ Վրաստանի նախագահի կամայ, թէ ակամայ ներգրաւմամբ:
Հայաստանի ու Վրաստանի յարաբերութիւնը 2024 թւականի փետրւարից ի վեր ամրագրւած է ռազմավարական գործակցութեան հռչակագրով: Յարաբերութիւնը պէտք է գործնական մակարդակում էլ լինի այդ բնոյթին համարժէք, հետեւաբար պէտք է մի կողմից բարձրորակ աշխատունակութիւն նուրբ հարցերը կառավարելու, հետեւաբար նաեւ տարատեսակ սադրանքների չենթարկւելու հարցում:
Միեւնոյն ժամանակ, գուցէ Զուրաբիշւիլուն «զգաստացնելու» հարցում օգտակար լինի նաեւ Ֆրանսիա՞ն, որի ԱԳՆ նախկին աշխատակից է եւ քաղաքացի Վրաստանի դեռեւս նախագահը: Ոնց էլ չլինի, նախկինից կը լինեն պահպանւած կապեր՝ մեղմ ասած: Չեմ կարծում, թէ Ֆրանսիայի համար օգտակար է հայ-վրացական որեւէ լարում, որեւէ կայծ»։
Յիշեցնենք, որ նախօրէին Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին իր ֆէյսբուքեան անձնական էջով կիսւել էր մի տուրիստական ընկերութեան անձնական հրապարակումով, որտեղ նոյեմբերի 10-ին ընկերութիւնը հրաւիրում է զբօսաշրջիկներին այցելել «պատմական Վրաստանի Լոռու մարզ» եւ առաջարկում է զբօսաշրջիկներին «վերյիշել եւ յարգել մշտական, միստիկական Մեծ Վրաստանը»։