Լիլիթ Գալստեան. «Իշխանական պրոպագանդիստների հիստերիկ մանիպուլիացիաները»
Իշխանամերձ պրոպագանդիստները յանձնարարութիւն են ստացել եւ միմեանց հերթ չտալով, գրեթէ նոյն բառապաշարով լրահոս են լցնում՝ աւելի շուտ թունաւորում հանրային բանականութիւնը՝ փորձելով հիմնաւորել, թէ Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախի անկման պատճառը ԱՀ նախագահի ընտրութիւններն էին, աւելի կոնկրետ՝ սեպտեմբերի 9-ից 19-ը ընկած ժամանակահատւածը։
Անմեղսունակ, մտաւոր յետամնաց կամ անթաքոյց ցինիկ պէտք է լինել, չտեսնելու համար, որ Հայաստանի ու Արցախի անկման, մեր ազգային աղէտի մեկնարկը տրւել է 1918-ին։ Գործարկւել է մի ծրագիր, ուր միահիւսւել են գունաւոր յեղափոխութեան տեղական տարբերակը, իշխանութեան եկածների յանձնառութիւնները, նրանց տգիտութիւնը, արկածախնդրութիւնը, ազգային-պետական շահի զրօ գիտակցումը, անձնական ցածր որակները եւ այլն։
Նւազագոյնը բարոյապէս բացակայ ու բովանդակութեամբ կոյր պէտք է լինել՝ շրջանցելու 44-օրեայ պատերազմի դառը պարտութիւնը, հազարաւոր զոհերին, կորսւած Շուշին ու Հադրութը եւ ամենադառը իրականութիւնը՝ Արցախից ձեռքերը լւացած ՀՀ իշխանութեանը։
Դատական տարբեր վճիռներով զրպարտութեան եւ ստախօսութեան մէջ մեղադրւած, Արման Բաբաջանեանը Հ1-ի եթերում՝ ստանձնելով Ալիեւ-Փաշինեանի փաստաբանի առաքելութիւնը, փորձում է փրփրաշուրթ պաթոսով «հիմնաւորել», թէ «Արցախի հարցը թաղել են եւ սեփական ձեռքերով վաճառել այն բանդիտները/նկատի ունի Արցախի ԱԺ պատգամաւորներին/, ովքեր ընտրեցին Շահրամանեանին»։
Մի շարք հայցերով զրպարտութեան մէջ մեղադրւող Արման Բաբաջանեանի համար/որքան յիշում եմ սեփական մօր դէմ էլ էր սա ցուցմունք տւել/ ոչ սեփական խօսքն արժէք գոյութիւն ունի, ոչ՝ պատւախնդրութիւն, ոչ էլ՝ բարոյականութեան կարմիր գիծ։
Նրա եւ ռեժիմի պրոպագանդիստների առջեւ խնդիր է դրւած՝ մեղաւորներ նշանակել, աւարտին հասցնել ստանձնած օրակարգերը, փրկել նիկոլի ու խմբակի կաշին։
Այսքա՜ն մանիպուլիացիա ու ագրեսիւ ցինիզմ, եւ սա տարածւում է հանրայինի եթերով, ըստ էութեան հանրային փողերով թունաւորելով սեփական ժողովրդին, այն էլ այս ծանր պահին․․․
Եւ դուք կարծո՞ւմ էք, թէ ժողովուրդն այդ լկտի սուտը կուլ տալու չափ կոյր է կամ՝ յիմար, Արցախն այդ մէկ շաբաթում ընկա՞ւ․․․։
Հայ ժողովուրդն ամնեզիայով չի տառապում, փաստերն այնքան ակնյայտ են․ 2022-ի հոկտեմբերին Նիկոլն է Պրագայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Արցախը՝ որեւէ կառոյցից կամ երկրից չստանալով Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխիքներ։ Այս հաստատումը նա եւ իր թիմակիցները կատարել են տարբեր միջազգային հարթակներում՝ կանաչ լոյս վառելով ցեղասպանի առջեւ։
Այս անհաւասարակշիռ եւ դաւաճանական յայտարարութիւններին են յաջորդել թէ՛ Արցախի բլոկադան, թէ՛ Ադրբեջանական ագրեսիան ու ցեղասպանական վարքագիծը։
Նիկոլը Արցախի ցեղասպանութեան եւ հայաթափման մեղսակից է, յանցաւոր նաեւ ՀՀ սահմանադրութեամբ եւ Հռչակագրով ՀՀ պարտականութիւններն ու յանձնառութիւնները գիտակցաբար տապալելու համար։
Նիկոլի եւ օտար օրակարգերի սպասարկութեան էքստազի մէջ Բաբաջանեանը գերազանցում է ինքն իրեն՝ պնդելով, թէ կեղեքւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը Բաքւի բանտերում «առաքելութիւն է իրականացնում» եւ Հայաստանում գտնւող Շահրամանեանի ու Արցախի 22 պատգամաւորների հետ դաւադիր ծրագիր են հետապնդում․ վտարանդի ԱԺ կամ Կառավարութիւն ձեւաւորելով, նրանք լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի յարձակումը։
Այս «ճարպիկ», հակապետական բառախաղերի մէջ Ա․ Բաբաջանեանը չի ուզում յիշել, որ շուտով երկրորդ տարին կը լրանայ, ինչ Ադրբեջանական զօրամիաւորումների կողմից օկուպացւած են ՀՀ 120-150 քառ. կմ. սուվերեն տարածքներ, նաեւ գրաււած են ռազմավարական նշանակութեան տասնեակ բարձունքներ։ Իսկ խաղաղութեան մուրացկանն՝ իր միջազգային զրօ հեղինակութեամբ ու վարկանիշով չի կարողանում վերականգնել անգամ ՀՀ սուվերենութիւնը։
Այս «Ճարպիկն» իհարկէ չի խոստովանի, որ նիկոլ անունով մի ուրիշ «ճարպիկ» ԱՄՆ-ԲՐԻՒՍԷԼ-ՄՈՍԿՒԱ «բանակցային» լարախաղացութեամբ ու սեփական «28.000․․, 86․000․․․ քարտէզագիտութեամբ» ու «հրամանատարական» տաղանդով կատարեալ մղձաւանջ ու կործանարար քաոս է ստեղծել Հայաստանում եւ նրա շուրջ։
Ա․ Բաբաջանեանն ու իշխանութեան միւս պրոպագանդիստները հաւանաբար չեն լսել, որ նիկոլը «պատրաստ է զիջել, միայն թէ՝ չգիտի, թէ ինչքան»։
Նա նաեւ չգիտի, որ օրակարգում, այնուամենայնիւ, «Զանգեզուրի միջանցք»-ն է, ու այստեղ մազապուրծ արցախցին ոչ մեղք ունի, ոչ՝ պատասխանատւութիւն։
Ա․ Բաբաջանեանն ու իշխանութեան միւս պրոպագանդիստները հաւանաբար չգիտեն, որ դեռ Արայիկ Յարութիւնեանի նախագահութեան շրջանում էր Ադրբեջանը հակաահաբեկչական ստորաբաժանումներ կուտակել Արցախի ողջ առաջնագծով։
Ա․ Բաբաջանեանը եւ միւս պրոպագանդիստները նաեւ չգիտեն, չեն լսել, որ սեպտեմբերեան ագրեսիայի նախօրեակին նիկոլը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարւածութեան աճի ֆոնին հրատապ հեռախօսազրոյցներ էր վարում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի եւ Վրաստանի բարձր ղեկավարութեան հետ։
Արցախն ու մեր յաղթանակները նւաստացնող Ա․ Բաբաջանեանն ու միւս պրոպագանդիստները հաւանաբար չգիտեն, չեն լսել, որ Շահրամանեանը ընտրւել է Սահմանադրութեան եւ գործող օրէնքների համաձայն, իսկ Արցախի նախագահի պաշտօնին իր թեկնածութիւնն է առաջադրել նաեւ Սամուէլ Բաբայեանը։
Ի դէպ, Հակարիի կամուրջից Հ1-ի տաղաւարում յայտնւած Ս․ Բաբայեանը առիթը բաց չի թողնում չարախօսելու Բաքւում գտնւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան հասցէին ու զուգահեռ իրեն բանակցող կարգելով ու հրապարակային ինքնառաջադրւելով որպէս Հայաստանում կազմակերպւող Արցախահայերի առաջնորդ։
Եւ, այնուամենանիւ, քաղաքականութիւնը ոչ մարտ է առանց կանոնների, ոչ էլ՝ անբարոյականութեան մրցավազք։ Չեմ պատկերացնում, որ տղամարդ կամ մարդ կոչւելու իրաւունք ունի այն հայը կամ առհասարակ մարդը, ով կարող է այս պահին չարախօսել Բաքւի բանտերում կեղեքւող Արցախի խորհրդանիշերի վրայ, մարդկանց վրայ, ովքեր հնարաւոր սայթաքումների կողքին յաղթանակներ ու արժանապատւութիւն են տւել Արցախի հողին, հայութեանը։
Իսկ Ա․ Բաբաջանեանը գերազանցեց ինքն իրեն՝ պնդելով, թէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը կարող էր Հայաստան գալ բժշկական ուղղաթիռով, բայց գերադասեց մերժել․․․
Ասեմ, որ ստի եւ երեսպաշտութեան էս հիստերիային անգամ Պետրոսը չդիմացաւ․ երեք անգամ տրամաբանական հունի մէջ դնելու անյաջող փորձից յետոյ, հաղորդումն աւարտւեց 21-րդ րոպէում։
Իսկ իշխանական պրոպագանդիստները շարունակում են հիստերիկ ստով եւ կեղծիքով, շանտաժով ու ատելութեան խօսքով, երեսուն արծաթով քայքայել ամէն բան, սոդոմացնել ու աճուրդի հանել Երկիրը․․․
Ձեր հիստերիան սեղմւող օղակի նշան է․ հաստատ։
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
«Yerkir.am»