Արթուր Մարտիրոսեան. «Փաշինեանը սխալ է հասկացել խաղը»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պատրաստւում է Ալիեւի տնային աշխատանքի կատարմանը՝ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեանը, ողջունել ու իրականացրել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը, Արցախը յանձնել է Ադրբեջանին, իր քաղաքականութեան հետեւանքով բռնի տեղահանւած արցախահայերի վերադարձի հարցը բացառում է, «հրով ու սրով» պայքարում է ազգային արժէքների դէմ, բայց Արարատ Միրզոյեանն այսքանից յետոյ հրապարակաւ խոստովանում է, որ արբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ ու որ իրենք չեն կիսում այդ օրակարգը։
«Խաղաղութեան պայմանագրի տեքստը վերջնականացւել է աւելի վաղ՝ այս տարւայ մարտին, այժմ այն նախաստորագրւած է, եւ մենք պատրաստ ենք հնարաւորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիւ, նոյնիսկ Խաղաղութեան պայմանագրի վերջնական ստորագրման արարողութիւնից առաջ գոյութիւն ունեն գործընթացներ, որոնք արդէն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչեւ ստորագրումը»,- նախօրէին լեհական TVP World հեռուստաալիքին ասել է Միրզոյեանը։
Այս յայտարարութիւնը բազմաթիւ հարցեր է առաջացնում ու թոյլ է տալիս անել եզրահանգում՝ Փաշինեանի իշխանութունը դոզաւորւած է ներկայացնում այն զիջումները, որոնք իր սեղանին դրել ու շարունակում է դնել Ալիեւը։
«Դժւար է ասել, թէ ինչ նկատի ունի Արարատ Միրզոյեանը, բայց պարզ է, որ ինքն ու Փաշինեանը մի շատ կարեւոր բան չեն հասկանում՝ դա բանակցային արւեստում կոչւում է պարտաւորութիւնների կառավարում։ Ադրբեջանը դեռ ոչ մի պարտաւորութիւն չի վերցրել իր վրայ, անգամ այդ նախաստորագրածը, որը ՀՀ իշխանութիւնն արդէն համարում է, թէ խաղաղութիւնն արդէն Հայաստան է հասել, ոչինչ չի նշանակում, որովհետեւ, նոյնիսկ եթէ պայմանագիր լինէր, դա իրագործելը ստեղծւած իրավիճակում բարդ էր լինելու, որովհետեւ դա բիզնես պայմանագիր չէ, որ կարողանաս վիճարկել, տանել դատարան ու ասես՝ պարտաւորութիւնները չի կատարում»,- «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասել է բանակցային գործի մասնագէտ Արթուր Մարտիրոսեանը՝ յաւելելով, որ այս դէպքում միջազգային ատեաններն են, որոնք չեն աշխատում։
Բանակցային գործի մասնագէտն ասել է՝ եթէ իշխանութիւնը կարծում է, որ Ադրբեջանը չի շարունակելու նոր պահանջներ դնել, նշանակում է՝ խաղը սխալ է հասկացել ու չի հասկանում, թէ ինչ է տեղի ունենում։
«Իսկ տեղի է ունենում հետեւեալը՝ Ադրբեջանը հասկանում է, որ կարող է աւելին ստանալ եւ գնում է աւելիի յետեւից եւ գնալով աւելին է պահանջելու։ Իրենց թւում է, որ արդէն շինարարութիւն է սկսւելու, երկու տարի է տեւելու․․․Այս բոլոր յայտարարութիւնները նախընտրական հռետորաբանութիւն են՝ ի՞նչ է նշանակում, թէ մենք յոյս ունենք, որ մենք էլ Ադրբեջանի տարածքից ենք օգտւելու, իսկ Ադրբեջանը Ձեզ ասե՞լ է, որ նման պարտաւորութիւն ունի, ո՛չ։ Այնպէս, որ պարտաւորութիւնը կառավարելու համար կամ դու պէտք է ուժ ունենաս եւ պարտադրես միւս կողմին կամ պէտք է այլ ուժեր լինեն, որոնք դա կանեն»,- նշել է Մարտիրոսեանը։
Հայաստանի համար իրավիճակն այնպիսին է, որ ո՛չ մէկը կայ, ո՛չ՝ միւսը։ Իշխանութիւնը շարունակում է խաբել ժողովրդին՝ ասելով, թէ խաղաղութիւն է հաստատւել։ Թէեւ, ինչպէս մասնագէտն է ասում, մինչեւ 2026 թւականը եւ նոյնիսկ, մինչեւ Թրամփի պաշտօնավարման աւարտը պատերազմի հաւանականութիւնը շատ ցածր է, բայց Ադրբեջանը չի հրաժարւել իր ծրագրերից։ Նրան անգամ պատերազմ հարկաւոր չէ՝ առանց պատերազմի ստանում է այն, ինչ ցանկանում է, իսկ այդ ցանկութիւնների շարքը կարելի է տեսնել ադրբեջանական պետական մամուլում։
«Ես դեռ 2020 թւականին էի ասում՝ այն կողմը, որը ասում է Այբ, Ասելու է նաեւ Ֆէ եւ մինչեւ հասցնելու է։ Զիջումներից սկսած կողմը ի՞նչ է պարտադրելու, հիմա նրան միայն մտահոգում է, որ փաստացի միջանցքը առնւազն մինչեւ ընտրութիւններ միջանցք չկոչւի, որովհետեւ դա խանգարում է իրենց, բայց փաստացի դա միջանցք է, թէ չէ, այս իշխանութիւնները պատրաստ են դա էլ անել ու մի բան էլ՝ աւելի։ Տեսէք, թէ ինչ է ասում Արարատ Միրզոյեանը, հաւանաբար, նկատի ունենալով Կիրանցը, թէ այնտեղ մարդիկ իրենց շատ ապահով են զգում, դպրոցը գործում է, անվտանգութեան հետ կապւած խնդիրներ չկան ու մենք դեռ անելիքներ ունենք, իսկ այդ անելիքներն այն է, ինչ պահանջում է Ադրբեջանը»,-արձանագրել է Արթուր Մարտիրոսեանը։
Ըստ նրա՝ իշխանութիւնը հասկանում է՝ կորցնելու է ամէն բան այս ընտրութիւններում պարտւելու դէպքում ու հէնց այդ պատճառով փորձում է փոքր-ինչ համարձակ խօսել, այնպէս, ինչպէս Փաշինեանն էր ՄԱԿ-ի ամբիոնից խօսել։
«Ինքն այդ համարձակութիւնն իր վրայ վերցրել է, որովհետեւ գիտի, որ այս պահին ադրբեջանական կողմը չի գնալու ուժային լուծման, բայց դա չի նշանակում, որ դէ ֆակտօ դու ամէն ինչ չես տւել։ Հիմա խաղ են խաղում, որ մինչեւ 2026 թւականը իրենց չխանգարեն, բայց կողմը, որը հրաժարւում է անգամ բանակ ունենալ, ի վիճակի չէ միւս կողմին պարտադրել՝ կատարել իր վրայ վերցրած պարտաւորութիւնները, իսկ այդ նախաստորագրւած փաստաթղթում նոյնիսկ այդ պարտաւորութիւնները չկան»,- շարունակել է Մարտիրոսեանը։
Բանակցային գործի մասնագէտը եւս մէկ անգամ շեշտել է՝ Ադրբեջանում հակահայկական քարոզը շարունակւում է, ոչինչ չի փոխւել, իսկ հայ ժողովրդի մի մասի մօտ դեռ գործում է այն առասպելը, թէ եթէ թուղթ է ստորագրւել, ուրեմն խաղաղութիւն է եղել, մինչդեռ այդ խաղաղութիւն ասւածը միայն Ադրբեջանի համար է ու Ադրբեջանի պայմաններում։
«Ադրբեջանն է փորձում կառավարել այն պարտաւորութիւնները, որոնք ՀՀ իշխանութիւնները վերցրել են իրենց վրայ։ Դա վերաբերում է այսպէս կոչւած ադրբեջանցիների վերադարձին, մեր ինքնութեան համար կարեւոր սիւները քանդելուն, եկեղեցու դէմ արշաւին եւ այդպէս շարունակ։ Սա է մեր երկրի համար վտանգը՝ այս իշխանութիւնները պատրաստ են ցանկացած զիջման, բոլորը գիտեն, թէ Ադրբեջանը էլ ինչ պահանջներ է դնում, իրենք պատրաստ չեն այս փուլում այդ պահանջների շուրջ հանրային քննարկումներ սկսել եւ Ադրբեջանին կարող են ասել, որ հանրութիւնը պատրաստ չէ, բայց ես յոյս ունեմ, որ մեր հանրութիւնը երբեւէ պատրաստ չի լինելու այնպիսի խաղաղութեան, երբ քեզ պարտադրում են հրաժարւել քո ինքնութիւնից»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսեանը։
Զրոյցը՝ ՄԱՐԻԱՆԱ ՂԱՀՐԱՄՆԵԱՆԻ