Ստամբուլի հայկական որբանոցի վերակառուցումը դադարեցւել է

«ԱԼԻՔ» – Ստամբուլի Թուզլա շրջանում գտնւող հայկական որբանոցի (Kamp Armen) վերակառուցման աշխատանքները կիսատ են մնացել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու դպրոցի եւ հիմնադրամի հոգեւոր առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն յայտնում է, որ վերակառուցումը կիսատ է մնացել ֆինանսական դժւարութիւնների պատճառով։
Ըստ նրա՝ հիմնական աջակիցներից մէկի՝ ԱՄՆ-ում գործող բարեգործական կազմակերպութեան ղեկավար Զաւէն Հաջըեանի մահից յետոյ ֆինանսական աջակցութիւնը դադարել էր, ինչի հետեւանքով էլ հէնց դադարեցւել էին շինաշխատանքները:
Յիշեցնենք, որ Kamp Armen-ի կառուցման աշխատանքները սկսւել էին 1962-ին եւ տեւել 5 տարի: Դրանցում ներգրաււած են եղել նաեւ 8-12 տարեկան 30 երեխայ: Այդ որբանոցում 6 տարեկանից ի վեր իր մանկութիւնն է անցկացրել նաեւ Թուրքիայում մինչ օրս գործող միակ հայկական շաբաթաթերթի՝ «Ակօս»-ի հիմնադիր եւ խմբագրապէտ Հրանտ Դինքը: Վերջինս այնտեղ անցկացրել է 20 տարի: