Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արամ Մանուկեան. «Փաշինեանը քանդարար է, նա հիւանդագին հոգեբանութեամբ ոչնչացնում է Երրորդ Հանրապետութիւնը»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի «խաղաղութեան ծրագիրը» սուտ է, կեղծիք, եւ դրա տակ շատ ռիսկեր են պարունակւում։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը կոնֆլիկտածին է, ոչ թէ խաղաղութիւն բերող։ Կոպենհագենում Փաշինեանն Ալիեւի հետ քննարկել է «Ադրբեջանի տարածքում ենթակառուցւածքների զարգացումը», դա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։

Մինսկի խմբի համատեղ փակմամբ՝ Փաշինեանն ասում է, որ Արցախի հետ տեղի ունեցածն արդարացւած է, չկայ մշակութային արժէքների ոչնչացում, բռնագաղթ եւ ցեղասպանութիւն տեղի չի ունեցել։ Վաշինգտոնեան փաստաթուղթը Հայաստանի տարածքների եւ իրաւունքների կորստի մասին է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀԱԿ փոխնախագահ, ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամաւոր Արամ Մանուկեանը։

«Փաշինեանը պատրաստ է միակողմանիօրէն տալ ամէն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ։ Ընտրութիւններից առաջ հասարակութիւնը ոտքի կը կանգնի։ Նիկոլ Փաշինեանի խաղաղութեան բլեֆն ամենեւին չի աշխատելու նրա օգտին։

Վիճակը շատ աւելի լուրջ է, քան կարելի է ենթադրել, սա չի լինելու սովորական ընտրութիւն։ Խնդիրը Հայաստանը կեղծ խաղաղութիւնից իրական խաղաղութեան փուլ բերելն է։ Փաշինեանի ասած հանրաքւէն չպէտք է լինի, որովհետեւ դրա երկու ելքի դէպքում էլ արդիւնքն աղէտալի է լինելու Հայաստանի համար։

Եթէ դու մերժում ես հանրաքւէն, Ադրբեջանի ձեռքերն ազատում ես, իսկ եթէ «այո» ես ասում, ստացւում է՝ արտաքին ուժերը քեզ ճնշում են՝ ոչնչացնելու քո Սահմանադրութիւնը եւ Անկախութեան հռչակագիրը»,- ասել է քաղաքական գործիչը։

«Ալիեւը Հայաստանում ներքաղաքական օրակարգ է թելադրում, եւ Նիկոլ Փաշինեանն ուրախութեամբ իրագործում է դա։ Դաւաճանական յայտարարութիւն է այն, երբ ասւում է՝ ես իմ երկիրը, իմ սահմանները չեմ պաշտպանելու, եթէ ինձ վրայ յարձակող լինի։ Փաշինեանը սա ասում է միայն ու միայն Ալիեւի ականջի համար։ Ադրբեջանի հայատեաց եւ ռազմատենչ յայտարարութիւնների ֆոնին մենք յայտարարում ենք մեր բանակը կրճատելու մասին։

Փաշինեանի բոլոր յայտարարութիւնները ցուցմունք են Հայաստանի պետականութեան դէմ։ Նա ոչնչացնում է արցախեան ազատագրական շարժումը, ինքնորոշման գաղափարը»,- նշել է Մանուկեանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս տարւայ օգոստոսի 23-ի իր ուղերձում Փաշինեանը խոստովանել է, որ հէնց ինքն է մերժել բանակցութիւնները․

«Ասում է՝ եթէ մենք Արցախը չտայինք, Հայաստանի անկախութիւնը կորսւելու էր։ Սա հոգեկան հիւանդի յայտարարութիւն է։ Բացառւած չէ, որ նոյն սցենարը կրկնեն Սիւնիքում։ Այս մարդու ամբողջ գործունէութիւնը Հայաստանի դէմ է՝ հակահայկական եւ հակապետական։

Նա ոչ թէ «Չորրորդ Հանրապետութիւն» է ուզում ստեղծել, այլ ոչնչացնում է Երրորդ Հանրապետութիւնը, նա քանդարար է։ Ամէն ինչ ոչնչացնում է մի հիւանդագին հոգեբանութեամբ, իբր իրենից առաջ ոչինչ չի եղել, եւ ինքն ուզում է ինչ-որ բանի հիմնադիր դառնալ:

Ոչ մի միջազգային հանդիպման ժամանակ բառ անգամ չի հնչել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու մասին։ ՄԱԿ-ի ամբիոնից կարող էր խօսել, բայց չի խօսում։ Խաղաղութիւն ես կնքում՝ քո գերիներին Բաքւում պահելո՞վ։ Չի կարող այդպիսի բան լինել։

Ցաւալիօրէն մենք գործ ունենք անլուրջ մարդկանց հետ։ Նրանց մէջ ռազմավարական եւ հեռահար մտածողութեան նշոյլ անգամ չկայ։ Եթէ յանկարծ 2026-ին դա շարունակւի, Հայաստանն ուղղակի փոսի մէջ է յայտնւելու՝ անվերադարձ եւ անշրջելի։ Քաղաքական ուժերը, մտաւորականութիւնը եւ եկեղեցին՝ այս երեք սիւները պէտք է ակտիւանան, որ ապատիկ վիճակում գտնւող հասարակութիւնը ոտքի ելնի եւ Հայաստանի ղեկը վերցնի իր ձեռքը»,- ամփոփել է Արամ Մանուկեանը:

Related Articles

Back to top button