
ՀԵՆՐԻԿ ՄԱԼԵԱՆ
Ես աշխարհում համարեայ ոչինչ չգիտեմ:
Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշւի, երկրաչափութեան բարդ հարցերից մինչեւ կենցաղային ամենապարզ հարցերից ես գլուխ չեմ հանում: Այսպէս, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելիեւի աղիւսակից, էլեկտրականութիւնից, Նիւտոնի օրէնքից, ինչպէս նաեւ հայերէնի քերականական շատ ու շատ օրէնքներից, հեռուստացոյցի անտենայից, բողոքականներից ու գրիգորեանականներից, ուղեցոյցից օգտւելու եղանակից, լոգարիթմների աղիւսակից, խակ ու հասուն ձմերուկից եւ այլն, եւ այլն…
Այսքան համեստ նախաբանից յետոյ թոյլ տուր յայտարարել հաւանաբար ամենաանհամեստ իմ համոզմունքը.
Ես գիտեմ մարդուն:
Ես գիտեմ մարդու բոլոր թուլութիւնները եւ նրա ուժը նոյնպէս:
Գիտեմ նրա բոլոր ձգտումները:
Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:
Գիտեմ նրա խօսքն ու խօսքի տակ թաքնւած լռութիւնը:
Գիտեմ նրա լռութիւնը եւ լռութեան տակ թաքնւած խօսքը:
Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:
Գիտեմ, եւ գուցէ, հէնց այդ պատճառով էլ սիրում եմ, յարգում եմ, աստւածացնում եմ նրան եւ խոնարհւում նրա առջեւ:
Ես արւեստում ոչնչով չեմ ուզում զբաղւել, բացի մարդուց:
Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց: