Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հանրապետութեան անկախութեան օրը Սարդարապատում

Մայիսի 28-ին, Առաջին Հանրապետութեան օրւայ առիթով, Սարդարապատ էին այցելել «Հայաստան» դաշինքի անդամները, ՀՀ երկրորդ նախագահ, Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ:

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, Արթուր Խաչենցի կատարմամբ հնչեց «Գինի լից» երգը:

Ելոյթներ ունեցան ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, Ֆրանսահայ հասարակական գործիչ Մելիք Գարագաւորեանը, Աննա Յարութիւնեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը:

Արմէն Ռուստամեանը Դաշնակցութեան անունից ներկաներին շնորհաւորեց Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրւայ առթիւ:

«Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապւած է նրա հետ, թէ որքանով ենք կարեւորում մեր ինքնութիւնը, անկախութիւնն ու պետականութիւնը»,-իր ելոյթում ասաց Արմէն Ռուստամեանը՝ մէջբերելով մեծանուն բանաստեղծ Պարոյր Սեւակի խօսքը. «Սերունդներ, ձեզ ճանաչէ՛ք Սարդարապատից»։

«1918-ին չկար պետութիւն, բայց կար համախմբւած հայութիւն։ Կար ինքնութիւնը պահպանելուն նւիրւած հայութիւն։ Այդ հաւաքական ուժը՝ պետութիւն չունենալով, կարողացաւ երեք ճակատով կանգնեցնել թշնամուն՝ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում»,- նշեց նա:

«Պատմութիւնը ցոյց տւեց, որ թշնամուն կարելի էր կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթէ ունես պայքարի ոգի ու հասկանում ես, որ գոյութիւնդ անիմաստ է դառնում, եթէ ինքնութիւնից հեռացել ու հրաժարւել ես։ Ինչ ունենք այսօր, ունենք մի վիճակ, երբ մեր աչքի առաջ նորից տեղի ունեցաւ ցեղասպանութիւն. հայաթափւեց Արցախը, կորցրինք մեր հայրենիքի մի մասը եւ տարածքներ ունենք կորցրած արդէն ՀՀ-ից, ու այն պատճառով, որ մեր ուժի աղբիւրներից հեռացանք։ Սա ակնյայտ ցոյց է տալիս, որ ունենալով նոյնիսկ երկու պետութիւն՝ չունէինք այնպիսի ղեկավարութիւն, որ հասկանար ինքնութեան կարեւորութիւնը։ Պետութեան, պետականութեան ու իրական ինքնիշխանութիւն ունենալու կարեւորութիւնը հասկանար։ Մեզ առաջնորդեցին մարդիկ, որոնք մեզ տարան ինքնակործանման ճանապարհով։ Պետականութիւն ունենալու պարագայում առաջին անգամ մեր պատմութեան մէջ տեսանք ցեղասպանութիւն»,- ասաց Արմէն Ռուստամեանը։

«Հայ եւ յաղթանակ բառերը դարձել են այս իշխանութիւնների համար մերժելի, վախենում են դրանից։ Այս մարդիկ ապացուցում են մեզ, որ պարտութիւնը մեզ յաջողութիւն է բերել։ Մեզ ասում են՝ Արցախում պարտւել ենք մտածւած, որ պահպանենք ՀՀ անկախութիւնը։ Սրանից աւել ինքնախոստովանութիւն, որ իսկապէս կապ չունի այս մարդը մեր սերնդի հետ, կապ չունի այս մարդը մեր Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսների հետ, չկայ»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

«Սփիւռքը կը միանայ համընդհանուր այս պայքարին՝ ամէն գնով հեռացնելու թրքամէտ վարչախմբին: Սփիւռքը միանում է այս պայքարին, որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան շարունակութիւնն է: Սփիւռքը հայութեան անբաժանելի մասն է: Սփիւռքը անքակտելի է հայրենիքից »,- յայտարարեց Մելիք Գարագաւորեանը:

Իշխան Սաղաթէլեանն իր ելոյթում նշեց, որ պետութեան հիմքը թշնամու երաշխիքներն ու ողորմածութիւնը չեն, այլ սեփական ուժն ու արժանապատւութիւնը: Նա յիշեցրեց Հայոց պատմութիւնը փոխած փառայեղ յաղթանակների մասին, երբ պատերազմի պայմաններում հայ ժողովուրդը մնաց միայնակ՝ դէմ առ դէմ իրեն ոչնչացնել ցանկացող թշնամու հետ։ Սակայն կար յաղթելու անկոտրում կամք։

«Այսօր մեզ փորձում են համոզել, որ միակ ճանապարհը զիջելն ու ծնկի գալն է, առաջ է մղւում այն կեղծ թէզը, որ թշնամու ցանկութիւնները բաւարարելով՝ կարելի է ապրել խաղաղ ու երջանիկ»,- ասաց նա։

Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը: «Սարդարապատը մեր պատմութեան պարզապէս հերոսական էջը չէ, Սարդարապատը յիշեցնում է՝ ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգւած է պետականութիւնը եւ երբ միասնական են։ 108 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնեց ընտրութեան առաջ եւ ընտրեց պետութիւնն ու պայքարը։ Այսօր իրավիճակն այլ է, բայց վտանգը նոյնքան իրական»,- ասաց նա:

Վերջին տարիներին Հայաստանը թուլացել է, այն թուլացրել են ներսից, պառակտել են. «Մարդիկ հոգնել են ստից, ատելութիւնից, անպատասխանատւութիւնից, յաւերժ խոստումներից, քաոսից, հոգնել են պարտութիւններից, բոլորս ենք հոգնել։ Պետութիւնը չի պահպանւում ինքն իրենով, պետութիւնը պահում են մարդիկ՝ իրենց կամքով ու պատասխանատւութեամբ եւ որոշմամբ։ Յունիսի 7-ին սովորական ու հերթական ընտրութիւն չէ, սա ընտրութիւն է՝ կը կարողանա՞նք նոյն պատասխանատւութեամբ պահպանել մեր պետականութիւնը, թէ՞ թոյլ կը տանք վերջնականապէս քայքայել այն»,- նշեց Դաշինքի առաջնորդը:

«Ոչ ոք ձեզանից զոհաբերութիւններ չի պահանջում, ինչպէս 108 տարի առաջ։ Ընդամէնը սթափ որոշում։ Մենք պարտաւոր ենք ինքներս մեզ հարց տալ՝ ինչպիսի՞ երկրում ենք ուզում ապրել եւ ի՞նչ երկիր ենք թողնելու երեխաներին։ Ուժեղ, հայկական, ինքնիշխա՞ն, թէ՞ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։

Մեր ժողովուրդը 108 տարի առաջ ապացուցեց, որ կարող է պահպանել եւ փրկել պետականութիւնը։ Վստահ եմ՝ կը կարողանայ նաեւ հիմա»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարեանը։

Related Articles

Back to top button