Եթէ կայ ոգի, դատարկ ձեռքերով էլ կարելի է կանգնեցնել թշնամուն
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը Սարդարապատում՝ Առաջին Հանրապետութեան օրւան նւիրւած միջոցառմանը

««Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապւած է նրա հետ, թէ որքանով ենք կարեւորում մեր ինքնութիւնը, անկախութիւնն ու պետականութիւնը»,-յայտարարեց Արմէն Ռուստամեանը՝ մէջբերելով մեծանուն բանաստեղծ Պարոյր Սեւակի խօսքը. «Սերունդներ, ձեզ ճանաչէ՛ք Սարդարապատից»։
«1918-ին չկար պետութիւն, բայց կար համախմբւած հայութիւն։ Կար ինքնութիւնը պահպանելուն նւիրւած հայութիւն։ Այդ հաւաքական ուժը՝ պետութիւն չունենալով, կարողացաւ երեք ճակատով կանգնեցնել թշնամուն՝ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում»,- նշեց նա:
«Պատմութիւնը ցոյց տւեց, որ թշնամուն կարելի էր կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթէ ունես պայքարի ոգի ու հասկանում ես, որ գոյութիւնդ անիմաստ է դառնում, եթէ ինքնութիւնից հեռացել ու հրաժարւել ես։ Ինչ ունենք այսօր, ունենք մի վիճակ, երբ մեր աչքի առաջ նորից տեղի ունեցաւ ցեղասպանութիւն. հայաթափւեց Արցախը, կորցրինք մեր հայրենիքի մի մասը եւ տարածքներ ունենք կորցրած արդէն ՀՀ-ից, ու այն պատճառով, որ մեր ուժի աղբիւրներից հեռացանք։ Սա ակնյայտ ցոյց է տալիս, որ ունենալով նոյնիսկ երկու պետութիւն՝ չունէինք այնպիսի ղեկավարութիւն, որ հասկանար ինքնութեան կարեւորութիւնը։ Պետութեան, պետականութեան ու իրական ինքնիշխանութիւն ունենալու կարեւորութիւնը հասկանար։ Մեզ առաջնորդեցին մարդիկ, որոնք մեզ տարան ինքնակործանման ճանապարհով։ Պետականութիւն ունենալու պարագայում առաջին անգամ մեր պատմութեան մէջ տեսանք ցեղասպանութիւն»,- ասաց Արմէն Ռուստամեանը։
«Հայ եւ յաղթանակ բառերը դարձել են այս իշխանութիւնների համար մերժելի, վախենում են դրանից։ Այս մարդիկ ապացուցում են մեզ, որ պարտութիւնը մեզ յաջողութիւն է բերել։ Մեզ ասում են՝ Արցախում պարտւել ենք մտածւած, որ պահպանենք ՀՀ անկախութիւնը։ Սրանից աւել ինքնախոստովանութիւն, որ իսկապէս կապ չունի այս մարդը մեր սերնդի հետ, կապ չունի այս մարդը մեր Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսների հետ, չկայ»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։
«Եթէ ուզում ենք պահել մեր ինքութիւնը, եթէ ուզում ենք այս պարտութեան էջը փակել, որ յաղթանակի բերկրանքը մեր տուն մտնի՝ պէտք է ազատւենք այս պարտութիւն բերած եւ պարտութիւն քարոզող իշխանութիւններից: Վսատհ եմ, որ դա մենք անելու ենք, որովհետեւ հայի ոգին կենդանի է: Հայ քրիստոնեան մնալու համար պայքարել ենք դարերով, հիմա էլ պէտք է պայքարենք ու այդ կռիւը տանք յունիսի 7-ին՝ արժանապատւօրէն, ցոյց տալով, որ մենք յուսալքւած չենք, յուսախաբւած չենք»,- շեշտեց Արմէն Ռուստամեանը:
Խօսքն ուղղելով դաշնակցական ընկերներին նա ասաց. «Առաջին Հանրապետութեան հիմնադիրները մեր կուսակցական ընկերներն էին: Նրանց հոգիները սաւառնում են երկնքում եւ հետեւում մեզ: Մենք պէտք է մեր հերոս նախնիների արժանի հետեւորդը լինենք, հաւատարիմ մեր երդմանը՝ անգամ կեանքի գնով ծառայել հայրենիքին ու հայութեանը: Այսօր դրա ժամանակն է: Մեզ նոր յաղթանակներ ու յաջողութիւններ եմ մաղթում»:



