Արդէն քանի տարի է, որ Երեւանի կենտրոնից դէպի Ծիծեռնակաբերդ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ է կազմակերպւում ՀՅԴ Երիտ.-ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ։ Ապրիլի 24-ի նախօրեակի ամենամեայ կարգով պահանջատիրական ԵՐԹԻՆ մեծ ոգեւորութեամբ ու ակնառու քանակով մասնակցութիւն են բերում 50-60 հազար հայորդիներ։
Ինչ խօսք՝ յանուն Հայոց Համազգային Պահանջատիրութեան, կարելի է ասել, որ դեռ մասնակիցների քւաքանակը կարող է եւ դեռ աւելին՝ հարկաւոր է գերազանցել նշւած թւաքանակները։
Միւս կողմից, նոյն Երեւանում արդէն շուրջ չորս տարի, դարձեալ յանուն համազգային շահերի պահպանման, մերթընդմերթ կայանում են տարատեսակ բողոք-ցոյցեր՝ ընդդէմ թուրք-ադրբեջանական իրական վտանգի ու այդ վտանգն անտեսող ու դեռեւս նոյն ադրբեջանա-թուրքական անհիմն պահանջներին տուրք տւող իշխանախմբի հեռացման նպատակով։
Եւ՝ ի զարմանս մեզ ու շատ-շատերի, տւեալ բողոք-ցոյցերին գրանցւում է լաւագոյն դէպքում 10-20 հազարը չգերազանցող թւաքանակ, որն առանց այն էլ կոտորակւած ընդդիմութեան համար յուսալի նեցուկ չի կարող լինել, ասենք, սովորական իշխանափոխութեան դէպքում նոյնիսկ…։
Սակայն, յարգելի ընթերցող, այս պարագայում, ինչպէս վերում նշեցինք արդէն, խօսքը ոչ թէ քաղաքական ներքին պայքարի կամ այս ու այն ընտրապայքարում յաղթելու-պարտւելու, այլ համազգային վտանգը երկրից ու ժողովրդից վանել-հեռացնելու մասին է գերազանցապէս…։
Եւ մեր զարմանքն ու տարակուսանքը բխում է հէնց այդ հասարակական-ժողովրդական ոչ մի հիմքով չարդարացւող պասիւութիւն-անտարբերութիւնից, որոնք ցուցաբերւում են իշխանութեան կողմից հայրենի սուրբ հողը հայատեաց թշնամիներին լկտիաբար զիջել-նւիրաբերելու նկատմամբ։
Մեղմ ասած՝ զարմանում ենք երիցս, երբ հասարակական-ժողովրդական որոշ խաւեր տւեալ դէպքում արդարանալու համար, Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած ջահերով երթի եւ մերօրեայ հայրենազրկման դէմ պայքարներին վերաբերւում են ոչ թէ դրանց բովանդակային, այլ ձեւական բնութագրով։
Իսկ զարմանքից ու տարակուսանքից առաւել՝ զաւեշտալին՝ տարբեր խաւերի այն ներկայացուցիչներն են, որոնք կրկին թւացեալ ինքնարդարացման համար օգտագործում են վերջերս մոդայիկ դարձած՝ «Ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում» հնարամտութիւ՜ նը…
Այստեղ, բնականաբար հարց է առաջանում՝ քաղաքականութեամբ չէք ուզում զբաղւել, բայց միթէ՞ զուրկ էք ազգային ու պետական ըմբռնումներից ու առաւել եւս՝ մարդկային արժանապատւութիւնից, երբ անխտիր բոլորիցս խլւում է սրբազնագոյնը՝ հող-հայրենին…։
Գալով հայրենական էլիտար խաւերի բազմազան ներկայացուցիչներին… ամենայն յարգանքով ու նաեւ հեռու լինելով «սփիւռքեան տաք անկիւններից հայրենի ժողովրդին խրատներ յղելու» մտադրութիւնից, հարց ենք ուղղում Ձեզ՝ գիտութիւնների ակադեմիկոսներ, զանազան ԲՈՒՀ-երի պրոֆեսորա-դասախօսական պաշտօնեաներ, տարբեր գիտութիւնների՝ արւեստի ու արհեստի, մշակոյթի, գիր ու գրականութեան բազմավաստակ դափնեկիրներ, ռեժիսոր-դիրիժորներ, դերասան-երաժիշտներ, ճարտարապետ-ճարտարագէտներ ու դեռ …
Հապա՜, ե՞րբ է լինելու Ձեր կողմից արդէն չափից դուրս ուշացրած՝ համընդհանուր դասադուլ-գործադուլների յայտարարութիւն-կոչ-գործողութիւնը…։
Չէ՞ որ Հայրենակործանումից յետոյ յապաղելը նորանոր աղէտներով էր ուղեկցւելու։
Եւ այսպէս՝
-Յապաղեցիք, երբ դեռ ԱՐՑԱԽԸ հայաթափւած չէր.
-Յապաղեցիք կրկնակի, երբ Հայոց արծւաբոյնը նւիրեցին թշնամուն.
-Յապաղեցիք երիցս, երբ այսօր, արդէն Տաւուշեան գիւղերն են յանձնում թուրքին։
Գէթ հիմա մի լռէք, այլապէս՝ վաղը հայաթափելու են Սիւնիքը…։
Որպէս հայրենական էլիտաներ, դուք էք, որ պիտի համախմբէք դժգոհ, բայց ցիրուցան ու բաժան-բաժան դարձւած ժողովրդական լայն խաւերին, որոնք իսկ ատակ են նեցուկ կանգնելու իրական ու համազգային պայքարի ելած ընդդիմութեանը։
Եւ վերջում՝ կոտրէք ժողովրդի մէջ շինծու եւ բարդոյթաւորւած «լիդերի» չհասկացութիւնը…։
Քանզի Լիդերը կայ’ ու կենդանի է ըստ ամենայնի։ Իսկ մենք ենք, որ պէտք է ընդունակ լինենք նշմարել դա։
Ահաւասիկ ազգովի ունենք թէպէտ ոգեղէն, բայց օրինակելի լիդերներ, որոնք աւելի քան 7 ամիս է գտնւում են Բաքւի բանտերում, ու ապացուցում են իրենց իսկ լիդերութիւնը ոչ աւել-ոչ պակաս՝ ՀԱՑԱԴՈՒԼԻ համարձակ քայլին դիմելով…։
Վճռորոշ խօսքը, սակայն, հայրենի ժողովրդինն է, որի կամքի առջեւ ծունկի պէտք է գան ինչպէս ներքին հայրենադաւները,այնպէս էլ՝ արտաքին թշնամիները…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու