ԱՄՆ նախագահական թեկնածուներից որեւէ մէկը չի վաստակել Հայ Դատի ամերիկայի յանձնախմբի աջակցութիւնը
Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը ներկայացնում է ԱՄՆ նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի դիրքորոշումը՝ յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղւած ուղերձի ձեւաչափով։
ԱՄՆ նախագահական թեկնածուներից որեւէ մէկը չի վաստակել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի աջակցութիւնը։
Երկու կողմերն էլ պատասխանատւութիւն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանութիւն իրականացնելու օժանդակելուն եւ Արցախը լքելու համար։ Որեւէ մի կողմ չի հրաժարւել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու եւ ցեղասպանութեանն աջակցող քաղաքականութիւնը:
Մենք շարունակում ենք աշխատել երկու կողմերի հետ էլ եւ ողջունում նրանց զօրակցութեան խօսքերը՝ հայ-ամերիկեան քաղաքականութեան առաջնահերթութիւնների վերաբերեալ։ Գիտակցելով, որ քարոզարշաւի յայտարարութիւններն օգնում են մօտաւոր ուղենիշ սահմանել Վաշինգտոնում մեր խնդիրների ձեւակերպման համար՝ այնուամենայնիւ, հաշւի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնյայտօրէն չի ներկայացւում որեւէ տեսակի պայմանագրային պարտաւորութիւն փաստացի քաղաքականութեան համար, պաշտօնը ստանձնելուց յետոյ:
Այնուամենայնիւ, մենք պէտք է նշենք՝ մեր երկիրը ղեկավարելու ձգտողների կողմից արւած այս յայտարարութիւնները, ըստ էութեան, մեր աշխատանքի, այն դիրքի ու յարգանքի արդիւնքն են, որ մենք վաստակել ենք մեր աշխատանքի արդիւնքում՝ յատկապէս Միչիգանում, Փենսիլւանիայում, Վիսկոնսինում, Ջորջիայում, Հիւսիսային Կարոլինայում, Նեւադայում, Արիզոնայում եւ այլ «ճօճւող» նահանգներում։
Քաղաքական գործիչները ձգտում են վաստակել մեր ձայները, ինչով էլ պէտք է աշխատի մեր ժողովրդավարութիւնը:
Թէեւ մենք ոգեւորւած ենք մեր աջակցութիւնը ստանալու համար առկայ մրցակցութիւնից, հիմնական հարցը մնում է այն, որ խօսքերը բաւարար չեն: Խոշոր կուսակցական թեկնածուներից ոչ մէկը չի ունեցել այն կոնկրետ արդիւնքները, որոնք ի վիճակի են ապահովել մեր աջակցութիւնն ընտրութիւններից առաջ։ Մենք վաղուց թեւակոխել ենք այն օրը, երբ հաւատում էինք քարոզարշաւային շատ յաճախ դատարկ խոստումներին, թէ ինչ են անելու թեկնածուները ընտրւելուց յետոյ:
Այսօր կան գործողութիւններ, որոնք կարող են իրականացւել.
Հանրապետականները. Օրինակ, նախագահ Թրամփը կարող է հրապարակայնօրէն կոչ անել խօսնակ Ջոնսոնին ընդունել 7288 բանաձեւը` կիրառելով 907-րդ յօդւածի սահմանափակումը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրւող օժանդակութեան վերաբերեալ: Ջէյ Դի Վենսը, որպէս ԱՄՆ գործող սենատոր, կարող է հովանաւորել 540 բանաձեւը, որն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի օժանդակութեան օգտագործումը հակահայկական ռազմական յանցագործութիւններ կատարելու համար:
Դեմոկրատները. Փոխնախագահ Հարրիսը կարող է յայտարարել վարչակազմի կողմից 907-րդ բանաձեւի պաշտօնական կիրարկման, Ադրբեջանի դէմ Մագնիցկու պատժամիջոցների կիրառման եւ COP29-ին մասնակցելուց հրաժարւելու մասին, քանի դեռ բոլոր հայ պատանդները ազատ չեն արձակւել:
Այս ամէնն ասելով՝ մենք խորապէս հպարտ եւ ոգեւորւած ենք այս տարւայ ընտրական փուլին մեր համայնքի ակտիւ մասնակցութեամբ եւ ուրախ ենք տեսնելու, որ թեկնածուները մրցում են մեր ձայների համար՝ ձգտելով վաստակել մեր վստահութիւնը: Սա յարգանքի տուրք է հայկական ծագում ունեցող մեր հայրենակից ամերիկացիներին, ովքեր ձեւաւորւել են որպէս առանցքային ընտրական ուժ, որն օգտագործելով մեր հաւաքական ռեսուրսները, կարող է գործել ռազմավարական կարեւորութեամբ՝ ամերիկեան քաղաքական ասպարէզում ուշադրութիւն հրաւիրելով Արցախի գոյատեւման եւ Հայաստանի անվտանգութեան վրայ։
Եթէ դուք հիասթափւած էք, թէ ինչպէս են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արէք ամէն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպէսզի նրանք պատասխանատւութեան ենթարկեն Բաքւին, զսպեն ադրբեջանական նոր ագրեսիան, ապահովեն հայ պատանդների ազատ արձակումը եւ ճանապարհ հարթեն հայերի Արցախ վերադարձի համար։
Գործելով առանց վախի եւ բարեհաճութեան՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը չի իջեցնի մեր համայնքի չափանիշները՝ որեւէ թեկնածուի ընդունելու կամ հաւանութիւն տալու համար, այլ, աւելի շուտ, աւելի մեծ եռանդ եւ նւիրւածութիւն կը հաղորդի թեկնածուներին մեր արդար խնդիրները բարձրացնելու գործում:
Շարունակէ՛ք ճնշումը։ Դա աշխատում է։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
04.11.2024 թ.