Յաջողութեամբ ուղեծիր են արձակւել «Քոսար» եւ «Հոդհոդ» արբանեակները
«ԱԼԻՔ» – Այսօր՝ վաղ առաւօտեան, ռուսական «Ոստոչնի» հրթիռների արձակման բազայից, «Սոյուզ» հրթիռով ուղեծիր են արձակւել մասնաւոր սեկտորի առաջին արբանեակները՝ «Քոսար»-ը եւ «Հոդհոդ»-ը:
«Քոսար» արբանեակը «Օմիդֆազա» ընկերութեան առաջին տիեզերական արտադրանքն է, որի նախագծումը սկսւել է 2018 թւականի ամռանը: Այս արբանեակը հետեւում է խորանարդ արբանեակների ստանդարտին, ինչը նւազեցնում է արտադրութեան գործընթացի ժամանակն ու արժէքը:
Այն կշռում է 30 կգ եւ նրա ուղեծրային կեանքը գնահատւում է աւելի քան 3 տարի:
«Քոսար»-ը յագեցած է NIR եւ RGB սպեկտրի տեսախցիկներով եւ 3,45 մետր լուծաչափով GSD (Ground Sampling Distance)իրանական առաջին արբանեակն է:
Այն նախատեսւած է գիւղատնտեսական կիրառութիւնների, քարտէզագրման եւ գէօդեզիական աշխատանքների համար, եւ նրա գունային պատկերների տիրոյթը 15 կմ է, իսկ պատկերների արագութիւնը՝ 6 կադր վայրկեանում:
«Հոդհոդ»-ը նոյնպէս հետեւում է խորանարդ արբանեակների ստանդարտին: Նրա առաքելութիւնն է ստեղծել յատուկ հարթակ՝ իրերի ինտերնետի նեղ ցանցի ծառայութիւնների մատուցման համար:
Այն լայնօրէն օգտագործւելու է գիւղատնտեսութեան, տրանսպորտի եւ լոգիստիկայի, ինչպէս նաեւ շրջակայ միջավայրի ոլորտներին ծառայութիւններ մատուցելու համար:
«Հոդհոդ»-ը կշռում է 4 կգ եւ նրա ուղեծրային կեանքը գնահատւում է աւելի քան 4 տարի: