Կանադայի արտգործնախարարը կարեւորել է արցախահայութեան վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքների ապահովումը
Հայ Դատի Կանադայի յանձնախմբի եւ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտօնական շփումների արդիւնքում Հայ Դատի յանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրութիւնը, որտեղ վերջինս առանցքային նշանակութեան շեշտադրումներ է կատարել արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգային խնդիրների վերաբերեալ։
Մասնաւորապէս, Բաքւում հայ ռազմագերիների եւ Արցախի նախկին առաջնորդների շարունակւող կեղծ դատավարութիւնների ֆոնին նախարար Ժոլին խստօրէն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիւ հռետորաբանութիւնը եւ կոչ է անում.
– Ադրբեջանում պահւող բոլոր հայ ռազմագերիների եւ կամայականօրէն կալանաւորւած էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
– Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգանք,
– Հայ խաղաղ բնակիչների անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը իրենց հայրենի հողեր,
– Հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն,
– Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքներին եւ Հարաւային Կովկասում արդար եւ կայուն խաղաղութեան անհրաժեշտութեանը համահունչ՝ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման իրաւունքի շրջանակում։
Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններին։ Յանձնախումբն իր կողմից ճշտւած քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպէս գործադիր, այնպէս էլ օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
30 յունւար 2025 թ․