ԻրանՔաղաքական

Արաղչին Al Jazeera-ին տւած հարցազրոյցում.  «ԱՄՆ-ում՝ Իրանի արգելափակւած ակտիւների ազատումը կարող է փոխվստահութեանն ուղղւած  առաջին քայլերից մէկը լինել»

«ԱԼԻՔ» – Al Jazeera-ին տւած հարցազրոյցում ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ ԱՄՆ-ի միջեւ վստահութեան գործօնի բացակայութեանը՝ ընդգծել է, որ որոշ երկրներում իրանական ակտիւների ազատումը կարող է լինել Դոնալդ Թրամփի քայլերից մէկը: «Չնայած դա բաւարար չէ անվստահութեան մթնոլորտը մեղմելու համար, սակայն որպէս սկիզբ կարող է դրական ազդակ համարւել»,- նշել է ԱԳ նախարարը՝ հնարաւոր բանակցութիւնների մասին հարցին պատասխանելով:

Իրանի արտաքին գործերի նախարարը, հինգշաբթի՝  յունւարի 30-ին, մեկնել էր Դոհա՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպելու եւ խորհրդակցութիւններ անցկացնելու Կատարի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Արաղչին ընթացքում բացառիկ հարցազրոյց է տւել  Al Jazeera-ին՝ ԱՄՆ-ի հետ հնարաւոր բանակցութիւնների թեման վերլուծելով: Շօշափւել են նաեւ Կատարի մայրաքաղաք կատարած կարճատեւ այցի, ԱՄՆ-ի նոր վարչակազմի եւ Սիրիայում նոր կառավարութեանը վերաբերող Թեհրանի մօտեցումները, ինչպէս նաեւ հոկտեմբերի 7-ից յետոյ տարածաշրջանային զարգացումների ազդեցութեանը Իրանի վրայ, հարցերը:

Արաղչին ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում շարունակում է մնալ հիմնական եւ կարեւոր խաղացողի դիրքում, եւ կը շարունակի իր դերը խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման գործում։

 «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվստահութիւնը մէկ բառով չի վերանայ»,- պատասխանելով ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ բանակցելու Իրանի մօտեցումների մասին հարցին՝ ընդգծել է ԱԳ նախարարը:

Նա յաւելել է. «Ցաւօք, այս պատմութիւնն ուղեկցւում է վատ յիշողութիւններով, բացասական իրադարձութիւնների ու դիրքորոշումների հետ: Այն աստիճան վատ, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ կեցւածքը եղել է թշնամանքն ու չարիքը»: Նա յաւելել է, որ Իսլամական յեղափոխութեան յաղթանակից ցայսօր Իրանը մշտապէս բախւել է ամերիկեան թշնամական գործողութիւններին ու քայլերին։

«ԱՄՆ-ի միջուկային գործարքից դուրս գալը, գեներալ Սոլէյմանիի նահատակութիւնը եւ այլ ահաբեկչական գործողութիւնները թշնամանքով ուղեկցւած պատմութիւններ են, որոնք  առկայ անվստահութեան հիմնական պատճառներից են, եւ այս բոլորը միայն մէկ բառով ու ելոյթով  չի փոխհատուցւելու»-, ընդգծել է Արաղչին։

Հարցին, թէ ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկի ԱՄՆ-ը փոխվստահութիւնը վերականգնելու համար, արտգործնախարարը պատասխանել է. «Համաձայն եմ, որ դա հեշտ չի լինելու, քանի որ այդ անվստահութեան մթնոլորտը կուտակւած պատճառների արդիւնք է:  Շատ քայլեր կան, որ ամերիկեան կողմը կարող է ձեռնարկել: Իրանի ակտիւները, որոնք տարբեր բանկերում սառեցւել են Միացեալ Նահանգների կողմից, թէեւ դրա վերաբերեալ նոյնիսկ պայմանաւորւածութիւն կար, եւ Իրանը կատարել էր  այդ համաձայնագրով իր պարտաւորութիւնները, սակայն ԱՄՆ կառավարութիւնը գործեց իր պարտաւորութիւններին հակառակ: Սրանք օրինակներ են, որոնց սրբագրել է պէտք»:

Al Jazeera ի տւած «քննարկւելիք հնարաւոր հարցերի, այդ թւում՝ միջուկային եւ, հաւանաբար, տարածաշրջանային խնդիրների, ինչպիսին Սիրիան է», հարցին ի պատասխան Սէյէդ Աբբաս Արաղչին նշել է. «Վերջին անգամ, երբ 5+1 ձեւաչափով բանակցել ենք ամերիկացիների եւ եւրոպական երեք երկրների ու Չինաստանի եւ Ռուսաստանի հետ, որոշւած էր, որ բանակցութիւնները սահմանափակւելու են միջուկային հարցի շուրջ։ Այս որոշումը ճիշտ էր, քանի որ որեւէ այլ խնդրի աւելացումն աւելին էր բարդացնելու գործը, կամ կարող էր նւազեցնել բանակցութիւններում յաջողութեան հասնելու հաւանականութիւնը»։

Շարունակելով զրոյցը՝ Al Jazeera-ի թղթակիցը Իրանի արտգործնախարարին հարց ուղղելու փոխարէն փորձել է մեկնաբանել Սիրիայում Իրանի կեցւածքը, եւ նշել. «Դուք, որ «հալալի ու հարամ»-ի հաւատքով երկիր էք, Բաշշար ալ-Ասադի կառավարութեանն օգնելը «հարամ» գործ էր, բայց դա արեցիք»։ Ի պատասխան Իրանի ԱԳ նախարարը հարցրել է. «Դուք կրօնապե՞տ էք, կամ կրօնագէ՞տ, ով ֆեթւա է արձակում թոյլատրելիի եւ անթոյլատրելիի վերաբերեալ: Ինձանից ու երեւի ձեզանից կախւած չէ օրինականն ու անօրինականը տարբերակելը: Մենք չենք կարող այդքան հեշտ դատել: Սիրիայի խնդիրն աւելի երկար պատմութիւն ունի: Սիրիան Սիոնիստական ​​ռեժիմի դէմ «Դիմադրութեան առանցք»-ի կարեւոր մասն էր, եւ այն դաւադրութիւնները, որոնց նա հանդիպեց, Սիոնիստական ​​ռեժիմի կողմից նախագծւած ծրագրի մաս էին: Ես չեմ մտնի այն բանավէճի մէջ, թէ արդեօք Սիրիայի կառավարութիւնն ու Բաշշար Ասադը սխալներ թոյլ տւե՞լ են, թէ՞ ոչ: Կամ եթէ այլ կերպ վարւէին, գուցէ ամէն ինչ այս կերպ աւարտւած չլինէր: Ճի՛շտ է, սիրիացի ժողովուրդը բախւել է բազմաթիւ խնդիրների։ Բայց Սիրիան դիտել միայն իշխանութեան եւ, օրինակ, ժողովրդի միջեւ ներքին խնդրի տեսանկիւնից, պարզեցւած տեսակէտ է: Մեր տեսանկիւնից՝ սիոնիստների միջամտութիւնը, օտար ուժերի միջամտութիւնը, ամերիկացիների միջամտութիւնն էր, որ Սիրիան հասցրեց այս փուլին: Նրանց նպատակը Սիրիան «Դիմադրութեան առանցքից»-ից ու պաղեստինցիներին սատարող ճակատից հեռացնելն էր: Արդարացի պայքար՝ սիոնիստական ​​օկուպացիայի դէմ»:

Related Articles

Back to top button