ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների վերջին շրջանի գործունէութեան ամփոփագիր՝ ըստ ուղղութիւնների ապրիլ – օգոստոս 2023 թ.
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների հարց
– Ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների հանրապետական եւ դեմոկրատ շուրջ քսան օրէնսդիրների մասնակցութեամբ, Կոնգրեսում անցկացւել է ապրիլի 24-ին նախորդող՝ Հայոց Ցեղասպանութեանը եւ Արցախին նւիրւած աւանդական միջոցառում։ Այն կազմակերպւել էր Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի կողմից։ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների ելոյթների հիմնական շեշտադրումներն էին ԱՄՆ-Հայաստան ռազմական կապերի հաստատումը, Արցախի ցեղասպանութիւնը վերապրածներին մարդասիրական օգնութեան անհրաժեշտութիւնը, Արցախի եւ Հայաստանի դէմ կատարած յանցագործութիւնների համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու կոնկրետ քայլերի գործադրումը։ Առանձնակի ուշադրութեան կենտրոնում միջազգային պաշտպանութեամբ իրենց հայրենի տներ արժանապատիւ եւ հաւաքական վերադաձի արցախահայութեան իրաւունքի իրացման մեխանիզմների շուրջ քննարկումն էր:
– Հայ Դատի համակարգում գործող Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարութիւն եւ ֆինանսների նախարարութիւն՝ ընդդէմ աւելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեաների։ Թւով 7 դիմումները ներկայացւել են Երեւանում գործող Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի հետ համատեղ աշխատանքի արդիւնքում, ինչպէս նաեւ մի շարք միջազգային կազմապերպութիւնների, այդ թւում, Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրաւմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանգ են արցախեան պատերազմի ժամանակ ռազմական յանցագործութիւններին եւ մարդու իրաւունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակէտն Արցախի ցեղասպանական էթնիկ զտումն էր եւ բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը:
– Հաշւի առնելով ամերիկեան օրէնսդրութեամբ նախատեսւած՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնոյթը եւ իրաւաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկւել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրայ կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղւած գործողութիւններ, որոնք զուգորդւել են այս աշխատանքներում նաեւ ամերիկահայ համայնքի ներգրաւմամբ եւ կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով։
Ըստ այդմ մայիսի սկզբին, շուրջ 20 օրէնսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի եւ Գուս Բիլիրակիսի առաջնորդութեամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառութեան մէջ դրեց ադրբեջանցի նոյն պաշտօնեաների դէմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի նախագիծ։
Առաջարկւող օրինագիծը Բայդէնի վարչակազմին պարտաւորեցնում է Ադրբեջանի հետ յարաբերութիւնների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մէջ մտնելուց յետոյ 180 օրւայ ընթացքում՝ պարզել, թէ արդեօք օրինագծում թւարկւած ադրբեջանցի պաշտօնեաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրէնսդրութեամբ սահմանւած պատժամիջոցների չափանիշերին, այդ թւում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին եւ հարակից այլ իրաւակարգաւորումներին:
Արցախահայութեան վերադարձի իրաւունքի բարձրաձայնում
2024 թ. ապրիլին, ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման նախօրէին, Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբը, համագործակցաբար «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակում ընդգրկւած եւրոպական 15 երկրներում հայ համայնքների ներկայացուցչական մարմինների հետ, դիմել է վերոնշեալ հանդիպման մասնակիցներին եւ ընդհանրապէս ԵՄ եւ ԵՄ անդամ պետութիւնների ղեկավարներին՝ «ֆինանսական միջոցներ յատկացնել Արցախից բռնի տեղահանւած հայ բնակչութեանը Հայաստանի Հանրապետութիւնում բնակարանային արժանապատիւ պայմաններով ապահովման համար՝ մինչեւ պաշտպանութեան միջազգային մեխանիզմների երաշխաւորումը, որոնցով հնարաւոր կը լինի ապահովել նրանց հաւաքական վերադարձն Արցախ»:
Մայիսին, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պատրաստել եւ հայերէն ու անգլերէն լեզուներով հրապարակել է «Վերադարձի իրաւունքը. Վերադարձի իրաւունքի իրաւաքաղաքական հէնքը. վերջին շրջանում արցախցիների վերադարձի իրաւունքի մասին եղած դիրքորոշումները» գրքոյկը (որը պարբերաբար թարմացւելու է)։» Գրքոյկում ներկայացւած է վերադարձի իրաւունքի իրաւաքաղաքական հէնքը, անդարադարձ է կատարւում արցախահայութեան վերադարձի իրաւունքին, քաղաքական գործիչների, միջազգային կազմակերպութիւնների եւ պետութիւնների կողմից արցախահայութեան վերադարձի իրաւունքի կարեւորմանը։
Գրքոյկում նշւած վերադարձի իրաւունքին ի նպաստ յայտարարութիւնների կարեւոր մասը արդիւնք է տւեալ երկրներում եւ համաեւրոպական մակարդակում Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների, որոնց նպատակն է օրակարգի վրայ պահել արցախցիների վերադարձի իրաւունքն ու այդ իրաւունքի իրացումը։
Վերադարձի իրաւունքի իրացման առնչութեամբ Հայ Դատի տարբեր յանձնախմբերի ներկայացուցիչներ հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտօնեաների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ։
Հայաստանում արցախահայութեան սոցիալ տնտեսական օժանդակութիւն
– Արցախահայութեան սոցիալ տնտեսական ապահովութեան ուղղութեամբ 2024 թ. ապրիլին, վերը նշւած Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի դիմումից յետոյ, աշխատանք է տարւում ԵՄ-ից օժանդակութիւն ապահովելու համար։
– Մայիսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նոյն պալատի յատկացումների յանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար յատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնութիւնը Հայաստանին, ամբողջապէս դադարեցնել ռազմական եւ անվտանգային աջակցութիւնը Ադրբեջանին եւ ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական յանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից աջակցւող երկկուսակցական նամակով, որն առաջնորդում էր Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, մասնաւորապէս պահանջւում է.
- 200 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղից տեղահանւած փախստականների համար
- ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրւող ռազմական եւ անվտանգային օգնութեան կասեցում, ադրբեջանական պաշտօնեաների դէմ հնարաւոր պատժամիջոցների կիրառման հարցում պետքարտուղարութեան ուսումնասիրութիւն
- 20 միլիոն դոլար արտաքին ռազմական ֆինանսաւորում եւ 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթութեան եւ ուսուցման համար
- 10 միլիոն դոլար՝ իրաւապահ համակարգի բարեփոխումների համար
- 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։
Յունիսի երկրորդ կէսին որոշ զարգացումներ են գրանցւել ամերիկեան Սենատում, որտեղ Սենատի զինւորական ծառայութիւնների յանձնաժողովի եւ Սենատի բիւջետային յանձնաժողովի նախագահների առաջնորդութեամբ 20 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդէնին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրւող ամերիկեան օժանդակութիւնը, ինչպէս նաեւ միջազգային անվտանգային երաշխաւորութեան պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրաւունքի իրացումը։ Նամակում նաեւ կոչ է արւում պատասխանատւութեան ենթարկել Ադրբեջանին՝ իրականացւած պատերազմական յանցագործութիւնների համար։ Յունիսի 20-ին նախագահ Բայդէնին ուղղւած նամակում սենատորները շեշտել են. «Մենք վերջերս ճանաչեցինք Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը, Միացեալ Նահանգները պէտք է քայլեր ձեռնարկի, որպէսզի էթնիկ հայերի նկատմամբ հալածանքները այլեւս երբեք չկրկնւեն:
Սա ներառում է Հայաստանին յաւելեալ մարդասիրական եւ տնտեսական աջակցութիւն տրամադրելը, հայ-ամերիկեան կապերի ամրապնդումը եւ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելը, այդ թւում՝ պատժամիջոցների հնարաւոր կիրառումը մարդու իրաւունքների ցանկացած խախտման համար»:
Նամակում նաեւ նշւած է. «Հայաստանում ներկայումս բնակւում են աւելի քան 115.000 փախստականներ, այդ թւում՝ 36.000 երեխաներ, որոնք բռնի տեղահանւած են Ադրբեջանի կողմից։ Ենթադրւում է՝ Հայաստանը կարող է պահանջել մինչեւ 2 միլիարդ դոլար յաւելեալ հրատապ մարդասիրական օգնութիւն՝ շարունակական ռեսուրսներ տրամադրելու փախստական բնակչութեանը եւ ապահովելու հիմնական կարիքների բաւարարումը։ Մինչ օրս ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ընդամէնը 15 միլիոն դոլար մարդասիրական օգնութիւն, որից միայն չնչին մասն է ուղղակիօրէն յատկացւել փախստականներին»։ Սենատորները Բայդէնին նաեւ կոչ են արել խրախուսել միջազգային գործընկերներին՝ նոյն կերպ արձագանգելու արցախցիների մարտահրաւէրներին:
Վերը ներկայացւածից զատ, ԱՄՆ Կոնգրեսում քննարկւում է 2025 թ. ֆիսկալ տարւայ ԱՄՆ արտաքին օժանդակութեան ակտը, որտեղ ներկայացւած օրէնսդրական լրացումների երեք նախագծերը վերաբերում են արցախցիներին տրամադրւող օժանդակութեան ծաւալների մեծացմանը, Ադրբեջանին օժանդակութեան բացառմանը եւ ցեղասպանական գործողութիւնների համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելուն։
Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն
– Ապրիլին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամաւոր Ջիմ Շենոն փոխարտգործնախարարին դիմել է հարցումով. «Արդեօ՞ք վերջինս քննարկումներ է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ
(ա) Լեռնային Ղարաբաղում քրիստոնէական կրօնական վայրերի պահպանման,
(բ) կրօնական պրակտիկայի կանոնակարգերի եւ
(գ) այդ երկրում քրիստոնեաներին բռնաճնշումներից եւ այլ բռնութիւններից պաշտպանելու վերաբերեալ»։
Պետական նախարար Նուսրաթ Ղանին պատասխանել է. «Մենք յստակ ենք, որ տարածաշրջանում կրօնական եւ մշակութային վայրերի պահպանումը կարեւոր խնդիր է։ Մեծ Բրիտանիան հաւատարիմ է պաշտպանելու կրօնի կամ հաւատքի ազատութիւնը ամբողջ աշխարհում: Երեւանում եւ Բաքւում Մեծ Բրիտանիայի դեսպանատները Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւններին հետեւողականօրէն եւ ամենաբարձր մակարդակով բարձրացրել են նման վայրերը պաշտպանելու անհրաժեշտութիւնը»:
– ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին ուղղւած նամակում, որին միացել են եւս 47 օրէնսդիրներ, յորդորում է առաջնահերթութիւն տալ Արցախում վտանգւած հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան խնդրին: Յունիսի 24-ի նամակում կոնգրեսական Շիֆը եւ նրա գործընկերները գրում են. «2023 թ. սեպտեմբերին Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական յարձակումից յետոյ, արդէն իսկ կան ապացոյցներ, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակոյթը ջնջելու իր ռազմավարութիւնը նաեւ այս տարածաշրջանում եւ դրա շուրջը»: Օրէնսդիրները ընդգծել են. «Մենք գրում ենք այս նամակը՝ արտայայտելու մեր խորը մտահոգութիւնը. պետքարտուղարութիւնը պէտք է աւելին անի՝ կանխելու Ադրբեջանի գործողութիւնները։ Նոյնիսկ այն ժամանակ, երբ ձեր բարձրաստիճան դիւանագէտները հանդիպում են ադրբեջանցի պաշտօնեաների հետ, անհասկանալի է, արդեօ՞ք այդ մտահոգութիւնները բարձրացւում են, եւ եթէ բարձրացւում են, ապա դա արւում է համապատասխան լրջութեա՞մբ, ինչին արժանի է այս խնդիրը»:
Ադրբեջանական ցեղասպանական էթնիկ զտման քաղաքականութեան որպէս այդպիսին միջազգային ընկալում
– 2024 օգսոտոսին, Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնի (ALC) հովանաւորութեամբ՝ Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը (Երեւան), հրապարակել է մանրամասն զեկոյց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք արմատաւորւած են Ադրբեջանում երկարատեւ հակահայկական խտրական քաղաքականութեան մէջ, ինչը մի շարք մասնագէտներ համարում են ցեղասպանութիւն։ Զեկոյցում ասւում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական յարձակումը եւ դրան յաջորդած բռնի տեղահանումը մեկուսացւած միջադէպեր չեն, այլ հայերի դեմ խորապէս արմատաւորւած ինստիտուցիոնալ քաղաքականութեան գագաթնակէտ:
– ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն եւ Քրիս Սմիթը յունիսի վերջին ներկայացրել են Արցախում իրականացւած էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ յորդորելով Բայդէնի վարչակազմին անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ իր ցեղասպանական ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ։ Ներկայացւած նախագծով Ադրբեջանի կողմից Արցախի աւելի քան 100.000 հայութեան բռնի տեղահանումը ճանաչւում է որպէս էթնիկ զտում։ Ամերիկեան վարչակազմին կոչ է արւում հրապարակային վճռականութիւն ցուցաբերել նոյն նպատակով։ Բացի այդ, բանաձեւը կոչ է անում Միացեալ Նահանգներին նպաստել Հարաւային Կովկասում արդար եւ տեւական խաղաղութեան հաստատմանը, որը կապահովի ապօրինաբար կալանաւորւած բոլոր հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների, այդ թւում՝ Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ինչպէս նաեւ կերաշխաւորւի հայերի իրաւունքը՝ անվտանգութեան համապատասխան երաշխիքներով վերադառնալու իրենց տները։
Բաքւում պահւող հայ գերիների պաշտպանութիւն
Հայ Դատի համակարգում գործող Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) 2021 թւականից հովանաւորել ու համագործակցել է Երեւանում գրանցւած Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի հետ, գլխաւորաբար Բաքւում բանտարկւած հայ գերիների իրաւունքների պաշտպանութեան աշխատանքներում։ Հիմնական ուղղութիւններն եղել են գերեվարւածների հարցերով համապատասխան թղթածրարների պատրաստութիւնն ու դիմումները Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին եւ կամ ՄԱԿ-ի համապատասխան կառոյցներին։ Ներկայումս Բաքւում պահւող 23 գերիների հարցերի կողքին, շարունակւում է իրաւունքների պաշտպանութիւնն այն գերիների, ովքեր վերադարձւել են։
Առհասարակ արտաքին զօրակցութեան ապահովում
– Հայ Դատի կենտրոնական գրասենեակը պահպանում է Արցախի բարեկամների «Արցախ ֆորում» կայքը:
– Ապրիլին, Աւստրալիայի Նոր Հարաւային Վէլս նահանգի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի համանախագահները հանդէս են եկել կոչով՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքւում պահւող հայ գերիներին, ներառեալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
– Մայիսին, Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարին ուղղւած՝ խորհրդարանի պատգամաւոր Ալեքս Սոբելի հարցին պատասխանել է պետական նախարար Նուսրաթ Ղանին. «Մեծ Բրիտանիան ընդունում է ողջ Հարաւային Կովկասի տնտեսական զարգացման կարեւորութիւնը տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութեան համար: Այնուամենայնիւ, ներկայումս կառավարութիւնը չի խրախուսում կամ օգնութիւն չի տրամադրում Միացեալ Թագաւորութեան այն ձեռնարկութիւններին, որոնք մտածում են Լեռնային Ղարաբաղում ներգրաււելու մասին»:
– Յունիսին, Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը, գործակցաբար ոչ հայ այլ համայնքային կազմակերութիւնների հետ, տապալել է Վիկտորիա նահանգի խորհրդարանում Ադրբեջանի հետ խորհրդարանական բարեկամութեան խումբ ձեւաւորելու նախաձեռնութիւնը։
-Յուլիսին, Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը կազմակերպել է վիրտուալ հանդիպում աւստրալիացի «Արցախի բարեկամներ» ցանցի հետ, որին մասնակցել են խմբի անդամներից աւելի քան 35-ը՝ Արցախում հայերի դէմ Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեան մասին թարմացումներ լսելու համար: Զեկոյցներով հանդէս եկան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների մարդու իրաւունքների նախկին պաշտպանները եւ համալսարանական օտարազգի դասախօսներ։
– Օգոստոսի սկզբին պաշտօնական քաղաքական շփումներ են տեղի ունեցել Հայ Դատի Կանադայի յանձնախմբի եւ Կանադայի արաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջեւ։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախարար Ջոլին, մասնաւորապէս, նշել է. «Կանադան կը շարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ բարեխղճօրէն ներգրաււելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտութեան հանգուցալուծմանը՝ յարգելով Հելսինկեան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահւող հայ գերիներին, յարգելով Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ զերծ մնալով ուժի կիրառումից եւ սպառնալից հռետորաբանութիւնից»։
– Օգոստոսին, Հայ Դատի Միացեալ Թագաւորութեան յանձնախումբը պատասխան է ստացել յուլիսին կառավարութեանն ուղղւած իր նամակներին։ Պետական նախարար (Եւրոպա, Հիւսիսային Ամերիկա եւ Անդրծովեան տարածքներ) Սթիւեն Դութինը գրել է. «Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը հետեւողական է եղել՝ կոչ անելով ազատ արձակել հակամարտութիւնից մնացած ռազմագերիներին եւ վերադարձնել հանգուցեալների աճիւնները: Դա կը շարունակի մնալ այս կառավարութեան առաջնահերթութիւնը»: Նոյն հարցով, Լորդերի պալատում, Սաութուորկի լորդ եպիսկոպոսը դիմել է կառավարութեանը եւ օգոստոսին, կառավարութեան անունից պատասխան ստացել Դարլինգթոնի բարոնուհի Չեփմենից. «Մեծ Բրիտանիան հետեւողական է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւններից մնացած բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու եւ մահացածների աճիւնները վերադարձնելու կոչերի հարցում»։
COP 29
Հայ Դատի համակարգը Ադրբեջանում նախատեսւող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնւենցիայի մասնակիցների 29-րդ կոնֆերանսին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներից յետոյ, սկսել է իրականացնել յատուկ ծրագիր՝ քարոզչական եւ քաղաքական ուղղութիւններով։ Այդ աշխատանքների նպատակն է շեշտել արցախցիների վերադարձի իրաւունքը, գերիների ազատ արձակման հրամայականը եւ այլ հարցեր։ Միջազգային կազմակերպութիւնների, առանձին երկրների հասարակական, քաղաքական եւ պետական շրջանակների, ինչպէս նաեւ դիւանագիտական ներկայացուցչութիւնների հետ նպատակադրւած աշխատանք է տարւում նոյեմբերին Բաքւում ի նպաստ մեզ քաղաքական յայտարարութիւնների եւ քայլերի ապահովման համար։ Գործարկւել է ծրագրի կայքէջը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
06.09.2024 թ.