Հայ ազգը ունի ապագայ առանց կործանարար զիջումների եւ չունի ապագայ այդպիսի զիջումներով
5957
«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը «Հայաստան–Թուրքիա յարաբերութիւններ. սպառնալիք, թէ՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները վերաբերում են մեր ժողովրդի համար կեսական նշանակութեան հարցերին եւ իրենց բնոյթով դուրս են զուտ երկկողմանի ձեւաչափից, ունեն աւելի լայն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական տարողութիւն:
Սպառնալիք է դա, թէ՞ հնարաւորութիւն՝ կախւած է նրանից, թէ որքանով ենք կարողանում բացառել Հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի շահերը, լինելիութիւնն ու առաջընթացը վտանգող զիջումները եւ պաշտպանել մեր անժամանցելի իրաւունքները:
Ակնյայտ է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռւած է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ, որքան այդ գործընթացը օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բաւարարելու համար:
Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամաբ վարում են էթնիկ ազգակցութեան եւ ուժի կիրառման սպառնալիքի վրայ կառուցւած քաղաքականութիւն՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրւած հակահայկական նպատակներին ու պանթուրանական ծրագրերին համահունչ:
Այս ռազմավարութեան բուն իմաստը «Մեծ Թուրանի» գաղափարով թուրքալեզու երկրների համախմբումն է, իսկ աշխարհաքաղաքական այդ տարածքում գտնւող միւս երկրների թուրքացումն է՝ այսպէս կոչւած «փափուկ ուժի» մարտավարութեան միջոցով:
Հետեւողականօրէն շարժւելով այդ ռազմավարութեամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը արդէն հասցրել է հայաթափել Արցախը եւ պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թուրքացումը:
Թուրքացումը ինչ-որ գեղարւեստական արտայայտութիւն չէ, այլ կոնկրետ նշանակում է Թուրքիայից Հայաստանի քաղաքական անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապէս բազմամակարդակ եւ բազմաբնոյթ կախւածութեան վիճակ: Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդիւնքում վերածւում է իրաւական առումով առերեւոյթ գոյութիւն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախեալ, կցորդ միաւորի՝ շատ բանով նման Աջարիային:
Թուրքացումն իհարկէ մէկ օրում չի կատարւելու, այլ դրսեւորւելու է հանգրւանային կենսական զիջումների, ի յայտ գալով հիմնականում չորս մակարդակներում՝ աշխարհաքաղաքական, իրաւաքաղաքական, տնտեսական եւ հոգեւոր, մշակութային, տեղեկատւական, կրթական:
- Աշխարհաքաղաքականը, երբ ինքնիշխանութեան սահմանափակումների եւ տարածքային զիջումների հետեւանքով Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակութիւնը:
- Իրաւաքաղաքական մակարդակում, երբ չեղարկւեն մեր համազգային իղձերն ու նպատակներն ամրագրող փաստաթղթերը եւ իրաւապայմանագրային հաստատում ստանայ սերունդների իրաւունքներից մեր հրաժարումը:
- Տնտեսական մակարդակում, երբ տեղի ունենայ թուրքական կապիտալի եւ տնտեսութեան ներխուժմամբ Հայաստանի տնտեսութեան մասնակի կամ ամբողջական կլանում:
- Հոգեւոր մշակութային, տեղեկատւական եւ կրթական մակարդակներում, երբ խաթարւի հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական անվտանգութիւնը եւ տեղի ունենայ ազգային ինքնութեան ու արժէհամակարգի աստիճանական արժէզրկում:
Այս պայմաններում, երբ էթնիկ ազգակցութեամբ նոյնացած Թուրքիան եւ Ադրբեջանը հանդէս են գալիս մեզանից կենսական զիջումներ պահանջող վերջնագրերով, պաշտօնական Երեւանի ամէն գնով խաղաղութեան հասնելու ձգտումները միայն մի դէպքում կարող են իրականութիւն դառնալ՝ թուրք-ադրբեջանական պահանջները ամբողջութեամբ բաւարարելու պարագայում:
Եւ բոլորովին պատահական չէ, որ այս իշխանութիւնները ձեռնամուխ են եղել այդ պահանջները հիմնաւորելուն եւ կատարելուն:
Փաստացի այս վարչախումբը լծւել է թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանելու գործին, որովհետեւ այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ:
Սրա ամենավերջին վկայութիւններից մէկը, Փաշինեանի ինքնաբացայայտումն էր, կապւած անկախութեան հռչակագրի վերաբերեալ իր համոզումների հետ:
Ոչ աւել, ոչ պակաս յայտարարում է, որ մեր հիմնարար փաստաթուղթը մեր պետութիւն չունենալու մասին է, քանի որ այն կոնֆլիկտներ է առաջացնում հարեւանների հետ: Իսկ քանի որ հայ ժողովուրդը իր շահերն ու իղձերն է արտացոլել այդ փաստաթղթի մէջ, ուրեմն ըստ այդ անձի մեր շահերը պաշտպանելը սպառնալիք է մեր գոյութեանը, որովհետեւ դրանք կոնֆլիկտածին են:
Ուստի իր ենթադրեալ լուծումը մէկն է՝ հրաժարւել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիր առաջացնող մեր շահերից եւ այդպիսով ազատւել նրանց հետ ունեցած կոնֆլիկտներից:
Սա է իր խաղաղութեան բանաձեւը: Սակայն ինչպէս ասում են «շան գլուխը հէնց այստեղ է թաղւած», որովհետեւ հարցերի հարցն իրականում հետեւեալն է. Կոնֆլիկտը արդեօք միայն մեր շահերը ձեւակերպելու հետ է կապւած, որը դիմացինը փորձում է ներկայացնել որպէս ոտնձգութիւն իր նկատմամբ, թէ հէնց մեր հայկական ինքնութեան, որի պահպանման բնական մղումից ինքնին ծագում են թէ մեր արդար եւ անօտարելի իրաւունքները եւ թէ մեր տեսակի յարատեւութիւնն ապահովող կենսական շահերը:
Պատմութիւնը բազմիցս ցոյց է տւել, որ հէնց մեր ազգային, կրօնական, մշակութային ինքնատիպութիւնն է, որ միշտ անընդունելի եւ վտանգաւոր է համարւել թուրք- ադրբեջանական տանդեմի համար: Եւ այդ կոնֆլիկտի լուծումն էլ նրանք տեսել են հայի ու ամէն հայկականի վերացման միջոցով: Սա է կատարւել Արեւմտեան Հայաստանում եւ կատարւում է հիմա բռնազաւթւած Արցախում, որտեղ հետեւողականօրէն վերացւում է ամէն հայկական հետք:
Հետեւաբար, մեր անժամանցելի իրաւունքներից եւ կենսական շահերից հրաժարւելու՝ թէ դրսից պարտադրւող, թէ ներսից քաջալերւող գործընթացը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մեր ինքնութիւնը ոչնչացնելու դաւադիր ծրագիր:
Միայն թէ այս վարչախմբի ասածը եւ արածը եթէ պատկերաւոր ձեւակերպենք հետեւեալն է՝ եթէ ընդդիմանանք՝ միեւնոյնն է մեր ինքնութիւնը անկարող ենք պահել, աւելի լաւ է դրանից ինքներս ազատւենք աւելի անցաւ եղանակով՝ էֆթանազիայի միջոցով:
Այս տրամաբանութեամբ, թէ դրսից, թէ ներսից տեղի է ունենում մեր արդար իրաւունքների եւ պահանջների նախ չէզոքացում՝ դրանց իբր անիրատեսական եւ դիմացինի կողմից հակադարձելի լինելու հիմնաւորումներով, ապա նաեւ դրանցից իսպառ հրաժարում՝ յանուն կարծեցեալ հաշտեցման:
Այս ամէնը արդէն ընթացքի մէջ է, մասնաւորապէս.
Արցախահայութեան վերադարձին հակադրում են ադրբեջանցիների վերադարձով, Արեւմտեան Հայասատանը համեմատւում եւ նոյնացւում է Արեւմտեան Ադրբեջանի հետ, յաջորդ զուգահեռը չի բացառւում, որ տարւի Հայոց Ցեղասպանութեան եւ Խոջալուի եւ այլ տեղերում իբր ադրբեջանցիների ցեղասպանութեան միջեւ եւ այսպէս շարունակ:
Խորքային իմաստով սա հէնց թուրքացումն է գործողութեան մէջ: Ուստի դժւար չէ կռահել, թէ մօտաւորապէս ինչ այսպէս կոչւած «ռազմավարական գործարք» կարող էր առաջարկել Փաշինեանն Ալիեւին: Ամենայն հաւանականութեամբ դրա վերջնարդիւնքը Հարաւային Կովկասում քիրւայութեան եւ էթնիկ համակեցութեան քողի տակ ձեւաւորւած թուրքական տան մեջ այս տարածաշրջանի երեք պետութիւնների միաւորումն է:
Կասկածից վեր է, որ այս վարչախմբի փառաբանած խաղաղութեան երաշխաւորը Թուրքիան է լինելու: Քանզի հէնց Թուրքիան է այսօր ստեղծւած աշխարհաքաղաքական վերադասաւորումներից օգտւելով յաւակնում դառնալ տարածաշրջանային նոր անվտանգութեան համակարգի գլխաւոր ճարտարապետը:
Ըստ այդմ, նկատի ունենալով, մի կողմից Թուրքիայի ակնկալիքները հասնելու իրենց բնոյթով հակահայկական վերոնշեալ նպատակների իրագործումը, միւս կողմից՝ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու գործընթացում մեր ազգային պետական շահերի գերակայութիւնը, անհրաժեշտ է առաջնորդւել կենսական զիջումները բացառող եւ հայութեան հաւաքական կամքն արտայայտող նպատակադրումներով:
Առ այդ, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպէս մեկնակէտ ընդունելով դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Հետագայ յարաբերութիւնները պէտք է կառուցւեն համաձայն հետեւեալ հիմնարար սկզբունքների.
- Հայաստանի կողմից ձեռնարկւող քայլերը՝ նախատեսւող պարտաւորութիւնների ստանձման եւ դրանց կատարման ուղղութեամբ, անհրաժեշտաբար պէտք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետութեան եւ Սահմանադրական դատարանի 12.01.2010 թ. որոշման մէջ ներկայացւած իրաւական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ամրագրւած սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:
- Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում բացառել որեւէ համաձայնութիւն, որը հարցականի տակ կը դնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանութեան իրողութիւնը, ինչպէս նաեւ հայութեան հոգեւոր մշակութային ժառանգութեան կրողը լինելու նրա իրաւունքը:
- Առաջնորդւել Հայաստանի եւ Սփիւռքի միասնական կամքով՝ Հայոց Ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում:
- Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանաւորւել եւ ծառայեցւել Ադրբեջանի պահանջների բաւարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծաւալապաշտական ու պանթուրանական ծրագրերի իրագործմանը:
- Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի հիման վրայ պէտք է նպաստի Թուրքիայում հայոց լեզւի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը:
Այս կէտերը արձանագրելով միաժամանակ ինչ անելու եւ ինչ չանելու առաջադրանքները, ըստ էութեան սահմանում են այն կարմիր գծերը, որոնք ուրւագծում են մեր կենսական շահերի յստակ շրջանակը:
Կարմիր գծեր, որոնց անտեսումը անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգի, այեւ անհատի՝ որպէս հայի լինելիութեան համար:
Այսպիսով ջրբաժանն այսօր ինչպէս միշտ անցնում է նոյն տեղով՝ ազգային թէ ապազգային է երկրի պետական ուղեգիծը: Իսկ այս երկուսի տարբերութիւնն էլ ի յայտ է գալիս պարզ հարցադրման միջոցով՝ պահւում, թէ չեն պահւում այս կարմիր գծերը:
Ազգայինի համար կարմիր գծերը կոչւած են երաշխաւորելու հայ ազգի տեսակի եւ ինքնութեան յարատեւումը: Իսկ ազգային ինքնութիւնը կորցրած անհատը այլեւս չի ապրում իրեն հարազատ բնական միջավայրում, ոչ էլ մաս է կազմում իր ազգի յաւերժական երթին:
Եւ ուրեմն հայ ազգը ունի ապագայ առանց կործանարար զիջումների եւ չունի ապագայ այդպիսի զիջումներով:
Այստեղ է հիմա իրական ջրբաժանը: