Լեսլի Դէյւիս
ԳՈՀԱՐ ԽԱՆՈՒՄԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գլխաւոր ֆոնդապահ
Ամերիկացի դիւանագէտ Հայոց Ցեղասպանութեան ականատես Լեսլի Դէյւիսը ծնւել է Նիւ Եօրքի նահանգի Պորտ Ջեֆերսոնում քաղաքում (ԱՄՆ), 1876 թ. ապրիլի 29-ին: Դէյւիսի վաղ պատանեկութեան եւ ընտանիքի մասին քիչ բան է յայտնի: 1898-ին աւարտել է Կոռնուելի համալսարանի փիլիսոփայութեան ֆակուլտետը՝ ստանալով փիլիսոփայութեան բակալաւրի աստիճան: 1904-ին ստացել է իրաւաբանութեան բակալաւրի աստիճան Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրաւաբանութեան ֆակուլտետում: Ուսմանը զուգընթաց նա աշխատել է որպէս լրագրող: Հետագայում լրագորղական փորձը Դէյւիսը հմտօրէն օգտագործել է Օսմանեան կայսրութիւնից Պետդեպարտամենտին ուղարկած զեկուցագրերում՝ դարձնելով դրանք աւելի ազդեցիկ: Տիրապետել է մի քանի լեզուների՝ անգլերէն Ֆրանսերէն, գերմաներէն, ռուսերէն եւ իսպաներէն:
Դիւանագիտական գործունէութիւնը սկսել է 1912-ից: Խոստումնալից երիտասարդ իրաւաբանը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից նշանակւում է Բաթումում (Ռուսական կայսրութիւն) դիւանագիտական ծառայութեան: Ի դէպ, դիւանագիտական ծառայութեան նշանակւելու համար նրա թեկնածութիւնը պաշտպանել են 5 կոնգրեսմէն, երեք սենատոր, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ռեկտորը, ֆեդերալ դատաւորն ու անձամբ նախագահ Վիլսոնը: 1913 թ. իր արձակուրդի ժամանակ Դէյւիսը ոտքով շրջագայեց Ուզբեկստանում ու Կովկասեան լեռներում, բարձրացաւ Արարտ լեռը (1913 թ. սեպտեմբերի 7-ին): Հաշւի առնելով նրա սէրը հետիոտն ճամբորդութիւնների նկատմամբ եւ ամերիկեան դիւանագէտին ոչ այնքան բարեկիրթ պահւածքը, որոշւեց նրան գործուղել «հեռաւոր, ոչ քաղաքակիրթ, նրբավարութիւն չպահանջող» Խարբերդ: Օսմանեան կայսրութեան այս բնակավայրը ամերիկեան 13 հիւպատոսութիւններից ամենահեռաւորն էր: Դէյւիսը չէզոք երկրի միակ դիւանագէտն էր, ով պաշտօնավարեց Արեւմտեան Հայաստանի հէնց կենտրոնում: Նրա մօտակայ գործընկերը Էրզրումում Գերմանիայի հիւպատոս Շոյբներ-Ռիխտեռն էր:
«Խարբերդի հիւպատոսութիւնը աշխարհի ամենահեռաւորներից ու անմատչելիներից մէկն է: Այն գտնւում է ասիական Թուրքիայի խորքում, ցանկացած նաւահանգստից կամ երկաթգծից հեռու: Տեղ հասնելու համար Սեւ ծովի Սամսուն նաւահանգստից, որը ամենայարմարն ու բանուկն է, հարկ եղաւ 13 օր սայլակառքով ճամբորդել, իսկ երբ վերադառնում էի, 18 օր ձիով ճամբայ կտրեցի, որպէսզի հասնեմ Էրեգլիի երկաթուղային կայարանը, որտեղից եւ գնացքով 3 օրում մտանք Կոստանդնուպոլիս»:
Լեսլի Դէյւիս
Դէյւիսը Խարբերդ ժամանեց 1914 թ. մայիսի 31-ին: ճակատագրի բերումով ամերիկացի հիւպատոսը դարձաւ «սպանդի նահագ»-ում իրականացւող հայկական կոտորածների ականատեսը:
««Սպանդի վիլայեթ» արտայայտութիւնը, ինչպէս կոչել էի այս նահանգը նոյն դէպքերի առնչութեամբ գրած իմ վերջին՝ սեպտեմբերի 7-ի հաղորդագրութիւնում, ելնելով այն ամենից, ինչ այդ ժամանակից ի վեր իմացայ եւ տեսայ, լիովին արդարացաւ: Պարզւեց, որ քարաւանի տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, ում յիշատակել եմ այդ զեկուցագրի 15-րդ էջում, այստեղից ոտքով 5 ժամւայ հեռաւորութեան վրայ կոտորել են: Իրօք գրեթէ հաստատ է, որ բացի չնչին բացառութիւնից, յուլիսի առաջին օրերին բռնագաղթածներին, բոլոր նրան, ում տարել են քաղաքից, վիլայեթի սահմաններին չհասած ջարդել են: Բաւական դժւար է ըմբռնել այն այն ծրագրի իմաստը, որն ստիպում է Տրապիզոնի, Օրդուի, Կիրասունի, Զառայի, Էրզրումի, Երզնկայի գաղթականներին հասցնել այստեղ՝ այստեղ կոտորել… Ինքներս մեզ հարց ենք տալիս, թէ ինչու է այս վիլայեթըն ընտրւած որպէս սպանդանոց»:
1915 թ. յունիսին սկսւեցին Խարբերդի հայ տղամարդկանց մասսայական ձերբակալութիւնները: Յունիսի 26-ին մունետիկն գուժեց բռնագաղթի հրամանը: Յուլիսի 1-ին Խարբերդից դուրս եկաւ հայ բռնագաղթեալների առաջին քարաւանը: Դէյւիսը շատ շուտ հասկացաւ, որ տեղահանւած հայերին դաժան ճակատագիր է սպասւում, եւ արդէն տեղահանութեանն հէնց սկզբի օրերին ձեռնմուխ եղաւ հիւպատոսարանի հսկայ շինութեան տարածքում հնարաւորինս շատ հայերի ապաստան տալ:
«Այժմ կարեւորը այդ մարդկանց կենդանի պահել է, յետոյ օգնելը, որ հէնց հնարաւոր լինի, թողնեն երկիրը: Ամէն դէպքում իրազեկ լինելու ոչ մի հնարաւորութիւն չկայ, թէ ինչ է իրականացւելու այստեղ մնացած փոքրաթիւ փրկւածների նկատմամբ, իսկ դժւարութիւն, որ ներկայ պայմաններում կարող է առաջանալ նրանց մարդասպաններից ազատելու համար, անհամեմատ մեծ է, քան ի վիճակի է պատկերացնել աւելի քաղաքակիրթ վայերի բնակիչը: Ինչպէս արդէն բացատրել եմ՝ միակ արդիւնաւէտ միջոցը, որ ես գտել եմ մարդկանց հէնց հիւպատոսարանում պահելն է, սակայն հասկանալի է, այդ կերպ փրկւածների թիւը սահմանափակ է »:
Հիւպատոս Լ. Դէյւիսի դեպան Հ. Մորգենթաուին ուղարկած տեղեկագրից հատւած, 30 դեկտեմբերի, 1915թ.
Լ. Դէյւիսը լուրջ վտանգի ենթարկելով իր կեանքը՝ հիւպատոսրանի շէնքում թաքցրել է շուրջ 80 հայ: Նրանցից մէկը հիւպատոսարանի թարգման եւ Դէյւիսի թիկնապահ Կարապետ Պետրոսեանն է: Նրա հետ Դէյւիսը ուղեւորւել է դէպի Գեոլջուկ լիճ[1](այս վայրը դարձաւ հազարաւոր խարբերդցի հայերի եղբայրական գերեզմանը): 1923 թ. Ցեղասպանութիւնից մազապուրծ Կարապետը պետդեպարտամենի հիւպատոսական ծառայութեան պետ Վիլբուր Կարրին գրում է.
«Մի քանի օր անց արդէն մեզ յայտնի դարձաւ, որ տարագիրներին քաղաքից մի քանի մղոն հեռու սպանել են. հիւպատոս Դէյւիսը դժւարանում էր դրան հաւատալ, այդ պատճառով մենք միասին ձիերով դուրս եկանք Խարբերդից եւ երբ մօտ երեք մղոն հեռացել էինք, ճանապարհի երկու կողմերում դիակներ տեսանք: Տասնհինգ մղոն հեռու հանդիպեցինք հազարաւոր խողխողւած տղամարդկանց, կանանց ու երեխաների, որոնք մեռել ու արդէն քայքայւում էին: Հիւպատոս Դէյւիսը այդպիսով անձամբ համոզւեց, որ կառավարութիւնը որոշել էր երկրում արմատախիլ անել հայ ցեղը, այդ պատճառով էլ սկսեց հնարաւոր ամէն ինչ անել, որպէսզի կենդանի մնացածներին օգնի»:
Պետդեպարտամենտին գրած հաշւէտւութեան մէջ Դէյւիսը հայերին փրկելու իր առաքլեութիւնը այսպէս է բնութագրում.
«Երբ հասայ Խարբերդ, իմ մտքով էլ չանցաւ, որ այդպիսի ողբերգութիւններ պիտի պատահեն եւ ես ականատես միակ արտասահմանեան պաշտօնեան պիտի լինեմ, ու չնայած կանխելու հնարաւորութիւն չեմ ունենալու, ոմանց գոնէ փրկելու եմ միւսների ծանր ճակատագրից»:
Ցեղասպանութեան իրագործման ամենաբուռն շրջանում՝ 1915-16 թթ. հիւպատոս Դէյւիսի սխրանքը արձանագրել է նաեւ ամերիկացի միսիոներ Հենրի Ռիգսը: Պետդեպարտամենտի հիւպատոսական ծառայութեան պետ Վ. Կարրին նա գրում է.
«Պարոն Դէյւիսը հետեւողական էր, համարձակ, շրջահայաց, դրա շնորհիւ էլ կարողացաւ փրկել բազմաթիւ գաղթականների, որոնք հակառակ դէպքում ամենայն հաւանականութեամբ զոհ կը գնային, չնայած տեղական իշխանութիւնները խիստ յամառ էին հիւպատոսի նման՝ «Թուրքիայի ներքին գործերին» միջամտելու իրաւաբանական իրաւունքները ժխտելու ասպարէզում»:
Ռիգսը Վիլբուր Ջ. Կարրին, դեկտեմբերի 3, 1917 թ.
Ամերիկեան հիւպատոսարանում ապաստանած հայերի մի մասը ամերիկահպատակ քաղաքացիներ, կամ նրանց ազգականներ էին: Նրանք տարբեր պատճառներով չէին կարող ապացուցել իրենց ամերիկահպատակ լինելը: Տեղահանութիւնւց մազապուրծ հայերը իրենց դրամը, զարդեղէնը, արժէթղթերը, կեանքի ապահովագրութեան վկայականները յանձնում էին ամերիկեան հիւպատոսին: Երբ իրավիճակը աւելի սրւեց, Մամուէթ-ուլ-Ազիզում օտարերկեայ միսիոներները նոյնպէս իրենց դրամական միջոցները յանձներցին Լ. Դէյւիսին՝ ի պահ:
«Եղաւ շրջան, որ այդ ձեւով իմ մօտ ոսկով 200.000 դոլար գոյացաւ, ու քանի որ ղաւազները մեծ մասամբ բացակայում էին, ինքս ինձ մտածում էի, թէ ինչ կը կատարւէր, եթէ իմ մենակ եղած ժամանակ հիւպատոսարանի վրայ յարձակում գործէին»:
Հայերի ունեցւածքը Դէյւիսը ապահով պահեց մինչեւ 1917 թ.՝ Օսմանեան կայսրութիւնից իր հեռանալը: Նա փաստօրէն ոչ միայն փրկեց մի քանի տասնեակ հայերի կեանքը, այլեւ նրանց ունեցւածքը՝ չնայած վալիի հրամանի՝ պետութեանը յանձնել հիւպատոսարանում պահւող հայերի արժէքաւոր իրերը: Ինչպէս Լ. Դէյւիսն է վկայում իր հաշւէտւութեան մէջ մինչեւ Խարբերդից հեռանալը հիմնական մասը նա վերադարձրեց օրինական տերերին, մի փոքր մաս դանիացի միսիոներուհիներին, իսկ ապահովագրական վկայականները՝ գերմանացի Էհմանին: Գումարի մի որոշ մասը նա տարաւ ԱՄՆ՝ յանձնելու այնտեղ բնակւող հարազատներին:
Ստորեւ ներկայացւում են Լ. Դէյւիսի կողմից փրկւած անձանց տւեալները՝ աղիւսակով[2]
N | Փրկւածի անունը | Ծննդավայր/բնակավայր | Այլ տեղեկութիւններ |
1 | Վարդիթեր Ջորջ | Մորենիկ գյուղ | Ամուսինը՝ ամերիկահապատակ, նա առաջինն էր, ով ապաստանեց հիւպատոսարանում, ունէր 4, երեխայ, որոնցից 3-ը ծնւել էին ԱՄՆ-ում: Հիւպատոսարանում մնաց շուրջ 3 ամիս |
2 | Վարդեր Յարութիւնեան | Քեսրիկ գիւղ | Ամուսինը՝ Բոստում ապրող ամերիկահպատակ է: Վարդերի 2 զաւակներն ծնւել էին ԱՄՆ-ում: Հիւպատոսարանում մնաց 3 ամիս |
3 | Զաւէն Մուշեղեան | ԱՄՆ | Ամերիկահպատակ, այցելութեան էր եկել Խարբերդում բնակւող տատին: Զաւէնը մնաց Դէյւիսի մօտ մինչեւ 1916 թ. փետրւարը: Ապաստարանում դասաւանդում էր Դէյւիսի կողմից խնամակալւող երեխաներին |
4 | Եսթեր Մկրտչեան, «Փոմփիչ» | Խարբերդ | Դիարբեքիրի բրիտանական հիւպատոսարանի փոխհիւպատոսի թարգման պատւելի Թովմաս Մկրտչեանի կինը: Եսթերը 6 երեխաների մայր էր: |
5 | Հայկանուշ Ղազանչեան | Ամուսինը՝ Մարտիրոս Ղազանչեանը՝ ամերիկահպատակ էր, երկու երեխաներից մէկը ծնւել էր ԱՄՆ-ում: Դէյւիսի խնակալաութեան տակ մնաց 2 տարի | |
6 | Պրոֆ. Տոնապետ Լիւլեճեան | Եփրատի կոլէջի դասախօս: Դէյւիսի շնորհիւ փախաւ Դերսիմ եւ առաջինն էր ով անցաւ Խարբերդ-Դերսիմ Փրկութեան ճանապարհով | |
7 | Ադելինա Մազմանեան | Էրզրում | Էրզրումի բողաքական պատւելիի դուստրը: Ապաստանել է հիւպատոսարանում 2 երեխաների, սկեսրոջ եւ տալի հետ |
8 | Գրիգոր Մաղաքեան | Բազմաշէն գիւղ | Հետագայում դարձաւ Դէյւիսի ղաւազը |
9 | Սեդրակ Դանիէլեան | Քեսրիկ գիւղ | Դէյւիսի աջակցութեամբ հաստատւել է Բոստոնում |
10 | Առաքել Մ. Արթինեան | Ամերիկահպատակ, վարսաւիր | |
11 | Յարութիւն Բեքմեզեան | Դէյւիսի քարտուղարը | |
12 | Էթել Մարստոն-Աղազարեան | ամերկուհի | 1916-ին տեղափոխւել է Կ. Պոլիս |
13 | Էլիա Ղասաբեան | Ամերիկահպատակ, կանացի հագուստով ծպտւած փրկւել է, հիւպատոսարանում մնացել է 1.5 տարի | |
14 | Ռուբէն Ճանիկեան | Դէյւիսի մօտ մնացել է մինչեւ 1917 թ | |
15 | Աղաւնի Տէր- Յակոբեան | ||
16 | Ներսէս Տէր-Կարապետեան, 9 տարեկան | Մասաչուսեթս | Ծնողները, քոյրերը եւ եղբայները սպանւել էին, ինքը շուկայի հրապարակում զբաղւում էր մուրացկանութեամբ |
17 | Գոհարիկ (9 տ) եւ Նւարդ (6 տ) | Էրզրում | Որբ քոյրեր, նրանց խնամել Հայկանուշ Ղազանչեանը |
Տեղահանութիւնից փրկւած հայերի համար Դէյւիս օգտագործելով իր կապերն ու անձնական հեղինակութիւնը վալիից վեսիկաներ էր ձեռք բերում եւ ապահովում նրանց տեղափոխումը ԱՄՆ: Մեծ թւով ապաստանած հայերի սննդամթերքի պահովումն իրականացնում էր անձամբ Դէյւիսը: Քանի որ հիւպատոսարանի շէնքը բաւականին մեծ էր եւ պարսպապատ, մօտ 40 հայ ապրում էին այգում: Երեխաներին արգելում էին աղմկել, իսկ տղամարդիկ ցերեկը թաքնւում էին խորդանոցում, գիշերը դուրս գալիս այգի՝ մաքուր օդ շնչելու: Իւրաքանչիւր թաքնւած հայի կեանքին դեռ լուրջ սպառնալիք կար, քանի որ նրանք որակաւորում էին որպէս «ֆուրար»՝ այսինքն՝ դասալիք, մեղասգործ: «Մինչդեռ նրանցից ոչ մէկը յանցանք չէր գործել, պարզապէս փորձել էր նախճիրից փախչելով՝ խոյս տալ: Իսկ ոստիկանութիւնը ամիսներ շարունակ «դասալիքներին» հետապնդում էր, անգթօրէն որսում ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց ու երեխաներին»: Տեղահանութիւնից յետոյ Խարբերդում մնացել էին ամերիկեան հիւպատոսարանում ապաստանած հայերը, Եփրատի կոլէջի սանուհիները, ժամանակաւոր կեցութեան արտօնութիւն ստացած ամերիկեան հիւանդանոցի անձնակազմը, գերմանական ու դանիական որբանոցի սաներն ու դաստիարակները: Ըստ ամերիկեան հիւպատոսի հաշւէտւութեան, 1915 թ. վերջին Խարբերդի նահանգում փրկւած հայերի թիւը հաշււում էր 8000-10000, որնց մէջ հաշււում էին 1000-2000 այլ նահանգներից եկած փախստականներ: Բացի այն, որ Դէյւիսը հիւպատոսարանում ապաստան էր տւել մի քանի տասնեակ հայեր: Նա նաեւ զբաղւում էր նահանգի այլ վայրերում՝ լեռներում, աւերակ գիւղերում, ապաստանած մազապուրծ հայերի նիւթական օգնութեան կազմակեպման հարցերով: Ամերիկեան հիւպատոսը հանդիսանում էր մի իւրօրինակ միջնորդ Խարբերդում գտնւող հայ փախստականների եւ ԱՄՆ-ում ապրող նրանց ազգականների միջեւ. վերջիններս հիւպատոսարանի հասցէով գումար էին ուղարկում Դէյւիսին, իսկ նա էլ իր հերթին այն հասցնում էր թաքստոցներում ապստանած հայերին: Նա Խարբերդի տարբեր բնակավայրերում՝ անգամ Մալաթիայում եւ Արաբկիրում, ունէր հայ ծանօթներ, որոնք տեղեկութիւներ էին տալիս փրկւած հայրենակիցների վերաբերեալ: Դէյւիսը համագործակցում էր նաեւ Դերսիմի քրդերի հետ՝ նրանց միջոցով ապահովելով նամակագրական կապը Դերսիմում ապաստանած հայերի հետ: (Քուրդ նամակատարները նամակների տրցակները յաճախ թաքցնում էին կօշիկների մէջ): Պետդեպարտամենտի միջոցով ամերիկահպատակ հայերը հարցումներ էին ուղարկում Խարբերդ: Դէյւիսը զբաղւում էր նաեւ հարեւան նահանգներում՝ Սեբաստիայում եւ Դիարբեքիրում փրկւած հայերի ճակատագրով: Նա գրում է. «Որպէսզի իմանամ, թէ Սւազի կամ Դիարբեքիրի այն հայերը, որոնցով հետաքրքրւում են, տեղում են, թէ ոչ, դրամատան միջոցով, որն այդ երկու քաղաքներում բաժանմունքներ ունէր, փոքրիկ գումարներ էի փոխանցում: Եթէ նրանք այնտեղ էին լինում, դրամը վերցնում, ընկալագիրն ինձ էին ուղարկում: Հակառակ դէպքում փոխանցումը հետ էր գալիս: Պետդեպարտամենտի հիւպատոսարանի հրահանգներում յիշատակւած հայերի վերաբերեալ բոլոր տւեալները ձեռք բերելուց յետոյ ես ճեպագրով հանգամանօրէն պատասխանում էի»: Սակայն հետագայում պարզւեց, որ այդ ճեպագրերը այդպէս էլ չհասան հասցէատիրոջը՝ գրաքննութեան պատճառով: Փորձառու դիւանագէտը այլ հնարք գտաւ, նա խուսափում է կարճ հաղորդագրութիւններում հայկական անուներ տալուց, երբեմն յիշատակում էր հայկական անւան ագլիական տարբերակը. Օրինակ. «Պետդեպարտամենտի յունիսի 21-ի թիւ 150 հրանհանգ. Խարբերդում բացի ձեզ հետաքրքրող Էլիզաբէթի քրոջ երկու զաւակներից, ոչ ոք չկայ: Դրամի կարիք ունեն»:
Մեծ թւով խարբերդցի հայեր արտագնայ աշխատանքի էին մեկնել ԱՄՆ դեռ նախքան ցեղասպանութիւնը: Ուստի 1917-ին՝ ԱՄՆ պատերազմի մէջ մտնելուց հետ, երբ Լ Դէյւիսը վերադարձաւ հայրենիք, իրենց հարազատների ճակատագրով մտահոգ ծագումով խարբերդցի շատ ամերիկահայեր, դիմում էին նախկին հիւպատոսին՝ հարազատներին գտնելու ակնկալիքով: Պետդեպարտամենտը լիազօրեց Դէյւիսին մեկնել Նիւ Եօրք, Բոստոն, Պորւիդենս եւ այլ քաղաքներ՝ հանդիպելու նրանց հետ:
Իր հետագայ դիւանագիտական գործունէութիւնը Դէյւիսը ծաւալեց մինչեւ 1941 թ.՝ թոշակի անցնելը, Օպորտոյում, Զագրեբում, Պատրասում, Լիսաբոնում եւ Գլազգոյում:
Մահացել է 1960 թ. սեպտեմբերի 27-ին Պիցֆիլդում (ԱՄՆ):
Դէյւիսի մասին առաջին անգամ հրատարակել է ամերիկացի հետազօտող Սիւզան Բլէյերը (Susan K. Bair) 1990 թ.՝ ուսումնասիրելով պետդեպարտամենտի մինչ այդ չուսոմնասիրւած ամերիկեան հիւպատոսի հաշւէտւութիւնները:
[1] Դէյւիսի Գեոլջուկ ուեւորութիւն է կատարել 3 անգամ. 1-ին անգամ թուրք ուղեկցի հետ, 2-րդ անգամ՝ բժիշկ Աթկինսոնի հետ (վերջինս տեսածներից սարսափահար ամիսներ անց մահացաւ) եւ լուսանկարել դաժանաբար սպանւած հայերի քայքայւած դիակներ եւ 3-րդ անգամ՝ Կարապետ Պետրոսեանի հետ:
[2] Տւեալները հանւած են Դեւիսի հաշւէտւութիւնից