Օգտաշատ մի ժողովածւի մասին
ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆ
«Հայոց Ցեղասպանութեան արտացոլումը 1915 թ. մամուլի էջերում» նախագծի համակարգող,
վերնոշեալ երկհատորեակի գլխաւոր խմբագիր
2015 թւականին մեր համեստ, փոքրիկ աշխատախմբով, մեծագոյն նւիրումով, ստանձնեցինք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի որոշմամբ կեանքի կոչւած Armeniangenocide100.org կայքի «Այսօրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերեւս առաջին անգամ փորձ արւեց մէկտեղել հայալեզու օտար մամուլում 1915 թւականին լոյս տեսած յօդւածները: Հետազօտութիւնն արդէն չարագոյժ՝ 2018 թւականին հրատարակւեց առանձին ժողովածուով, որն էապէս կը հեշտացնի ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան տարբեր հիմնահարցերով զբաղւող հետազօտողների գործը, այնպէս էլ Ցեղասպանութիւնն ուրացողների հետեւորդների պատմականի եւ իրականի պրպտումները։
Ժողովածուն,1915 թւականի մամուլի նիւթերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն էր: Ցեղասպանութիւնից մէկ դար անց, ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դէպքերը եւ վկայութիւնները, հնարաւոր եղաւ ուրւագծել Ցեղասպանութեան ողջ պատկերն ու փուլերը:
Մամուլի այս նիւթերը յիրաւի ունեն սկզբնաղբիւրի նշանակութիւն, եւ դրանցով հնարաւոր է նաեւ վերականգնել Հայոց Ցեղասպանութեան ժամանակագրութիւնը: Այս նիւթերի մի մասը կա՛մ քիչ յայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրւել շրջանառութեան մէջ: Նիւթերը քաղւած են բացառապէս բնագրերից: Ամենօրեայ հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամեանի, Արամի, Անդրանիկի եւ շատ ու շատ ուրիշ երախտաւորների յօդւածներին ու կոչերին, դիտարկումներին, որոնք ոչ միայն ներկայացնում են օրւայ իրավիճակը, այլեւ՝ կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրայ արդէն տեղի ունեցած դէպքերի վերլուծութիւններն են:
Յաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանեան իշխանութիւնների կողմից սպանւած նւիրեալ հայորդիների վերջին յօդւածներին, նաեւ ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբէնի, Զաբէլ Եսայեանի, Սիմոն Վրացեանի, Լիպարիտ Նազարեանցի, Շաւարշ Սիսաքեանի, Վահագն Քրմոյեանի, Ռուբէն Զարդարեանի եւ այլոց թղթակցութիւններին:
Հարկ է նշել, որ աշխատութիւնն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտաւորական փաղանգի մտքի շտեմարան է, եւ ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլեւ՝ լրագրողների եւ խմբագիրների համար: Այն ուսուցողական է իւրաքանչիւր քաղաքացու համար. մէկ դար առաջ հրապարակւած մամուլի էջերից մեզ են փոխանցւում մեր ժողովրդի նւիրեալների գործունէութեան, նւիրաբերումի օրագրութիւնները, նրանք են` Արամ Մանուկեան, Վռամեան, Վանայ Իշխան, Ակնունի…
Հայոց Ցեղասպանութեանը անդրադարձը` թէ՛ վկայութիւնները, թէ՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի աւարտով։ Ցեղասպանութեան գործընթացը եւ Ցեղասպանութեան հետեւանքները շարունակւել են յաջորդող տարիներին, մեր օրերին։
Ցեղասպանութեան հետեւանք էին նաեւ սփիւռքեան գաղութները, հետեւաբար արժէ այդ հանգրւանի մասին վկայութիւններն ու տեղական մամուլի արձագանգը փոխանցել անհայրենիք ՔՊ-ականներին եւ նրանց տէրերին։ Ի վերջոյ, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցեալի պատմութեանը, անմիջականօրէն առնչութիւն ունեն մերօրեայ Հայաստանի հետ ու պայմանաւորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփիւռքաբնակ հատւածների փոխներգործութիւնը։