Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների Համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին
Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների Համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին՝ առաջնորդութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի յանձնախմբերի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանի:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը, ներկայացնելով հիւրերին, Նորին Սրբութեանը համապարփակ տեղեկութիւններ փոխանցեց խորհրդաժողովի կատարած աշխատանքների մասին:
Ողջունելով հիւրերին՝ Ամենայն Հայոց Հայրապետը կարեւորեց խորհրդաժողովի աշխատանքները՝ ի խնդիր հայրենիքի եւ ազգի զաւակների իրաւունքների պաշտպանութեան: Նորին Սրբութիւնը մասնաւոր անդրադարձ կատարեց հայրենիքի առջեւ ծառացած առկայ խնդիրներին եւ դրանց յաղթահարման ուղղութեամբ ջանքերի մէկտեղման անհրաժեշտութեանը: Յատկապէս կարեւորւեց Հայաստան-Սփիւռք կապերի սերտացումը եւ համազգային ներուժի ծառայեցումը յանուն հայրենիքի զօրացման եւ ապահով կեանքի կերտման:
Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենեակին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ գործադրւող ջանքերի, արցախահայերի արդար իրաւունքների բարձրաձայնման ու հետապնդման եւ հայրենանւէր ու ազգօգուտ այլ իրագործումների համար:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հիւրերի հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին, հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարւող աշխատանքներին եւ միջեկեղեցական յարաբերութիւններին:
Arfd.am