Sepah Pasdaran տելեգրամային ալիք. «Ջոլանիի այցն Ադրբեջան անհնար է վերլուծել Սիւնիքում հնարաւոր իրադարձութիւններից անջատ»

«ԱԼԻՔ» – Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ Շարաայի (ալ Ջոլանի) անսպասելի այցը Բաքու կարող է ունենալ բազմաթիւ թաքնւած ասպեկտներ, որոնց մեծ մասը կրում է ռազմական եւ ռազմավարական բնոյթ: Այս մասին գրում է Sepah Pasdaran տելեգրամեան ալիքը։
«Թրամփի վարչակազմի հետ պայմանաւորւածութիւններ ձեռք բերելուց յետոյ Ջոլանին պարտաւորւել է Սիրիայից վտարել օտարերկրեայ զինեալներից բաղկացած թաքֆիրիստական խմբաւորումներին։ Թէեւ մի մասը, օրինակ՝ Թուրքեստանի իսլամական կուսակցութիւնը (ոյղուրները), ինտեգրւել է սիրիական բանակին, որոշ կովկասեան արմատական խմբաւորումներ մինչ օրս մնում են վտարման ցուցակում։ Սակայն նրանց ծագման պետութիւնները հրաժարւում են նրանց յետ ընդունել, իսկ ինքը՝ Ջոլանին, խուսափում է նրանց հետ ուղիղ հակամարտութիւնից»,- նշում է տելեգրամեան ալիքը։
Այն ընդգծում է, որ մինչեւ վերջերս այդ խմբաւորումների զինեալները կենտրոնացած էին Սիրիա-իրաքեան սահմանի շրջանում։ Այժմ նշաններ կան, որ այդ ուժերի մի մասը կարող է ուղղւել դէպի ադրբեջանա-իրանական սահման։
«Այս համատեքստում տագնապ է առաջացնում Աստարայի (խօսքն ադրբեջանական Աստարայի մասին է-ԽՄԲ.) շրջանի 40 գիւղերից բնակչութեան վտարման եւ այնտեղ ծայրայեղական տարրերի տեղակայման մասին տեղեկատւութիւնը։ Այսպիսով, անհնար է վերլուծել Ջոլանիի այցն Ադրբեջան՝ անջատ Իրանի եւ Իսրայէլի միջեւ ապագայ հակամարտութեան հեռանկարից կամ Հայաստանի հարաւում՝ Սիւնիքի մարզում հնարաւոր իրադարձութիւններից։
Առանձնայատուկ կարեւորութիւն է ստանում այս այցի ռազմավարական ուղղւածութիւնը՝ Իրանի հիւսիս-արեւմուտքում ռազմական ենթակառուցւածքների վրայ Իսրայէլի վերջին հարւածների պայմաններում։ Նման սցենարի իրականացման ռիսկն աճում է։
Բացի այդ, գոյութիւն ունեն երկու լրացուցիչ ապակայունացնող գործօններ։ Առաջինը PKK-ի հնարաւոր պաշտօնական լուծարումն է եւ նրա ռազմական ներուժի վերաբաշխումը յօգուտ ՊԵԺԱԿ-ի (PKK-ի իրանական մասնաճիւղ-ԽՄԲ.)՝ Իրանի արեւմտեան սահմաններն ապակայունացնելու համար։ Երկրորդը՝ թաքֆիրիստական զինեալների տեղաշարժն է Սիրիայի արեւելքից դէպի իրանական սահման՝ ճգնաժամի պայմաններում դիւերսիաներ եւ կարեւոր սահմանամերձ օբիեկտների վրայ յարձակումներ իրականացնելու նպատակով։
Արդիւնքում, աւելի ու աւելի հաւանական է դառնում այն սցենարը, որի դէպքում օդային հարւածները կը համակցւեն ցամաքային զինեալների գործողութիւնների հետ՝ մի քանի ճակատներից Իրանի վրայ ճնշում ստեղծելու նպատակով»,- գրում է Sepah Pasdaran տելեգրամեան ալիքը։