Բագրատ Սրբազան. «Դադարեցնե՛լ Միքայէլ Սրբազանի հասցէին վիրաւորանքները, ես դա ընդունում եմ որպէս ինձ ուղղւած»
«ԱԼԻՔ» – «Շատ մեծ յարգանքով եմ վերաբերում Միքայէլ Սրբազանին, ինչպէս միշտ ասել եմ, նա իմ ուսուցիչն է, մեծ երախտիքով եմ վերաբերւում։ Գնահատականների իմաստով մեկնաբանութիւն չեմ տայ»: Երէկ՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանրահաւաքից առաջ լրագրողների հետ զրոյցում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի յայտարարութեանը, թէ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անյաջողութեան հիմնական պատճառը երկրորդ եւ երրորդ նախագահների ստւերն է եւ ուրւականը։
Սրբազանը նաեւ նշել է. «Անկախ նրանից՝ կը համաձայնւեն Սրբազանի ասածներին, թէ՝ ոչ, յորդորում եմ դադարեցնել անյարգալից եւ վիրաւորական արտայայտութիւնները բոլոր առումներով, բոլոր տեղերում, Միքայէլ Սրբազանի հասցէին հնչած ցանկացած վիրաւորանք, անարգանք անձնապէս ընդունում եմ որպէս ինձ ուղղւած։
Որքան էլ գաղափարապէս, մարտավարութեամբ տարբեր ընկալումներ, մօտեցումներ լինեն, մենք չենք կարող նմանւել այն մարդկանց, ոհմակին, որոնք այս ամբողջ ժամանակահատւածում վիրաւորել, անարգել, լուտանքներ են թափել որեւէ հոգեւորականի, ի մասնաւոր իմ հասցէին, մենք չենք կարող նմանւել նրանց։
Մայր Աթոռի, մեր եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Միքայէլ Սրբազանի, թէ այլ հոգեւորականների հասցէին արւած որեւէ վիրաւորական արտայայտութիւն ընդունում եմ անձնապէս ինձ ասւած։ Դա դատապարտելի է։
Մենք մի թիրախ ունենք այսօր։
Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատւածում ապրել ենք սխալների տիրոյթում, հիմա ապրում ենք ողբերգութեան տիրոյթում։
Մենք այդ բոլոր ժամանակահատւածում ունեցել ենք Արցախ, գտնւել ենք անվտանգութեան բարձրագոյն աստիճանի վրայ։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները. ոչ մի թշնամական երկիր մեզ ոչ սպառնացել է, ոչ էլ պարտադրել, ոչ թելադրել, չեն ասել գնացէք Սահմանադրութիւնը փոխէք, ծնկաչոք եկէք։ Սա պէտք է ընդունենք։
Ներկայ-նախկին ծուղակն այս իշխանութիւնն է ստեղծել, որ անընդհատ մխրճւենք դրա մէջ ու դուրս չգանք այդ ցանցից։ Գիտենք, որ թիրախն իրենք են ու վերջ»։
Սրբազանը նշել է, որ վերաօծումից յետոյ դեռ չի այցելել Մայր Տաճար։
«Ինձ ոչ ոք չի արգելել Մայր Աթոռ գնալ։ Կայցելեմ, ուղղակի ժամանակային առումով է խնդիր։
Երբ հիւանդանոցում էի, ինձ այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Շնորհակալ եմ։
Եկեղեցու աջակցելու-չաջակցելու խնդիր դրւած չէ։ Եկեղեցին իր ընթացակարգերը, մօտեցումներն ունի։ Ես ասել եմ՝ իմ անձնական որոշումն է եղել այս ամէնը, եկեղեցին արգելք չի հանդիսացել։ Հիմա դա աջակցութիւն կը համարէք, չաջակցութիւն, սուբիեկտիւ մեկնաբանութեան հարց է»,- ասել է նա:
Չէինք գնացել հարցազրոյց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդէս գալ եւ այդ խնդիրն իրականացրել ենք
Բագրատ Սրբազանը պատասխանել է նաեւ նախօրէին Հ1-ի ուղիղ եթերով ունեցած իր ելոյթի հետ կապւած հարցին՝ նշելով. «Մենք խնդիր էինք դրել՝ Հանրային հեռուստաընկերութեան ուղիղ եթերով հանդէս գալու եւ այդ խնդիրն իրականացրել ենք։ Անկախ խոչընդոտներից, ոստիկանական ահռելի շարքերից ու ոստիկանապետի պահւածքից, մենք այդ խնդիրն իրականացրել ենք»:
«Եւ յանկարծ շատ-շատերն այս փոքր քայլերի յաղթանակից յետոյ ակտիւացան եւ սկսեցին խոհափիլիսոփայութիւն անել։ Բոլորի համար բաց է դաշտը, կարող են գործել, անել, խնդիրը մէկն է՝ մենք ուզո՞ւմ ենք հայրենիք ու պետութիւն ունենալ, թէ ոչ։
Մենք, բնականաբար, չէինք գնացել հարցազրոյց տալու, հարցերին պատասխանելու։ Զուտ ձեւաչափը յարգելու համար մնացինք։
Եթէ ինձ հրաւիրած լինէին հարցազրոյցի, հարցեր տային եւ ես չպատասխանէի, մարդկանց դժգոհութիւնն արդար կը լինէր, բայց ես հարցազրոյցի չէի գնացել։ Դրել էինք խնդիր ու կատարել ենք»,- յստակեցրել է նա: