ՄիջազգայինՔաղաքական

Հռոմի Պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղութեան համար աղօթքի օր

«ԱԼԻՔ» – Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղութեան համար աղօթքի եւ ծոմապահութեան օր: Յայտնում է Vatican News-ը՝ յիշեցնելով, որ հոկտեմբերի 7-ին լրանում է Իսրայէլի եւ պաղեստինեան ՀԱՄԱՍ խմբաւորման միջեւ նոր թափով սկսւած ռազմական գործողութիւնների մէկ տարին:

«Մեր պատմութեան այս դրամատիկ ժամին, երբ պատերազմի քամիները եւ բռնութեան կրակները շարունակում են աւերել ամբողջ ժողովուրդներ եւ ազգեր, քրիստոնէական համայնքը յիշեցնում է իր կոչը՝ ծառայել մարդկութեանը», – ասել է պոնտիֆիկոսը:

Հռոմի Պապը ելոյթ է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում:

Vatican News-ը նշել է, որ պատերազմի գօտիների համար ծոմապահութեան եւ աղօթքի օրերը մշտական են եղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հովւապետութեան ամբողջ ընթացքում: Ընտրւելուց ի վեր Հռոմի Պապը հաւատացեալներին կոչ է արել աղօթել եւ ծոմ պահել Սիրիայում, Կորէական թերակղզում, Հարաւային Սուդանում, Լիբանանում, Աֆղանստանում, Ուկրաինայում խաղաղութեան համար:

Related Articles

Back to top button