Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կճոյեանի թեմի աշխատակազմի ղեկավարը համակարգում է Վեհափառի եւ Մայր Աթոռի դէմ ստեղծւած կայքի աշխատանքը

«ԱԼԻՔ» – Եւ այսպէս… Մինչ հանրութիւնը քննարկում է բարձրաստիճան 10 հոգեւորականի ստորագրութեամբ բաց նամակների բովանդակութիւնը, վիճարկում դրանց բարոյական կողմը, քաղաքականացւած լինելը, մէկ էլ բոլորիս տեսադաշտում յայտնւում է «Բարենորոգում» անւամբ նորաստեղծ մի կայք, որի հէնց առաջին հրապարակումը, ոչ աւել, ոչ պակաս, նոյն եպիսկոպոսների հերթական յայտարարութիւնն է, որն առաջինը հրապարակել է Նիկոլ Փաշինանեանի ընտանեկան կայքը՝ «Հայկական Ժամանակը»։

Բայց սա դեռ ամէնը չէ։ «Բարենորոգում» նորաստեղծ կայքի հէնց ներքեւում գրւած է Ալմաստ Մուրադեան անուն ազգանունով անձի կոնտակտային տւեալները, ինչից ենթադրելի է, որ այս նորաստեղծ կայքի աշխատանքը համակարգւում է նրա կողմից։ Իսկ, թէ ով է Ալմաստ Մուրադեանը, ուշադրութիւն․ նա, ինչպէս նշեց Yerkir.am-ի հետ հեռախօսազրոյցում, Արարատեան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարն է։ Ամէն դէպքում Ալմաստ Մուրադեանից փորձեցինք պարզել, թէ տւեալ կայքի հետ ի՞նչ առնչութիւն ունի Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը, կայքի ստեղծման գործում անմիջական մասնակցութիւն ունի՞, թէ՞ ոչ։

«Ես չեմ կարող Սրբազանի փոխարէն որեւէ բառ Ձեզ պատասխանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ «Բարենորոգում» կայքը ստեղծւել է բացառապէս բարձրաստիճան այդ հոգեւորականների նամակները, հրապարակումները հանրայնացնելու նպատակով։   Փաստացի՝ Մայր աթոռի կամ Վեհափառ Հայրապետի դէմ հակաքարոզչութիւնը նոր ծաւալ է ստացել՝ արդէն նորաստեղծ կայքի տեսքով։

Եւ, ի վերջոյ, զարմանալին այն է, որ Արցախի կորստից, հայաթափումից յետոյ երբեւէ կարծիք չյայտնած Նաւասարդ Կճոյեանը սկսել է անսովոր ակտիւութիւն ցուցաբերել՝ Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դէմ իշխանութեան այս արշաւում։

Related Articles

Back to top button