Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրապարակւած բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինեանի են

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Պատահականութիւն էր, թէ ոչ, բայց բանակցային տասնամեակների պատմութիւնը իշխանութիւնները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագոյն յանձնակատար Մարթա Կոսը յայտարարում է, թէ ԵՄ-ն բանակցութիւններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարաւոր մասնակցութեան վերաբերեալ։

Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապէս Հայաստանի տարածքով, ու բանակցութիւններում Հայաստան չկայ։ Ի՞նչ է բանակցում մեր տարածքի մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

Հրապարակւած բանակցային փաստաթղթերում առնւազն երեք պահ չեղարկում է իշխանութեան ինքնաPR-ի փորձը.

1. Բացակայում է Քի Վեսթը, որը ենթադրում էր Արցախի հարցի պատմական շահաւէտ լուծում։ Այդ փաստաթղթով Արցախը դառնում էր Հայաստանի մաս, Լաչինի 40 կիլոմետր լայնութեամբ պաշտպանւած միջանցքով միանում էր Հայաստանին, իսկ Մեղրիով հնարաւոր ճանապարհը, ըստ այդ փաստաթղթի, բոլոր առումներով մեզ աւելի շահեկան էր, քան՝ անհասկանալի հեռանկարով TRIPP-ը։ Այս առումով 2-րդ նախագահի վաստակն անհնար է թերագնահատել։

2. Միւս դրւագը Սերժ Սարգսեանի յայտնի նամակն էր ՌԴ նախագահին։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թէ իշխանութիւնն ինչու է սա հրապարակել։ Իր շահը ո՞րն է։ Աւելի գրագէտ, իրավիճակի բոլոր նրբութիւնները հաշւի առնող, աւելի ճշգրիտ ձեւակերպումներով եւ սեփական պետութեան կարմիր գծերը յստակ ֆիքսող ձեւակերպումներ դժւար է գտնել։

3. Եւ, ի վերջոյ, երրորդը. վերջապէս պաշտօնապէս հրապարակւել է 2019 թւականին համանախագահների առաջարկած բանակցային փաստաթուղթը, ու չի հրապարակւել հայկական կողմի պատասխանը՝ հաստատելով միասնական ընդդիմութեան մեղադրանքն այն մասին, որ Փաշինեանը փաստացի հրաժարւել է այդ փաստաթուղթը քննարկելուց։ Ինչը եւ բերեց այսօրւան։

Մեծ հաշւով, ցանկացած բանակցւած փաստաթուղթ կարող է լինել քննարկման առարկայ, քննադատութեան եւ հարցերի առարկայ, բայց դրանք բոլորը ենթադրում էին հայկական Արցախ, բացառում էին հազարաւոր զոհերը եւ ազգային նւաստացումը։

Իսկ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու «Արցախը Ադրբեջան է ու վերջ» ասելու համար բանակցել պէտք չէր։ Պէտք էր պարզապէս ձախողել բանակցութիւնները, ինչը եւ արւեց՝ մեզ տանելով պատերազմի ու պարտութեան։

Related Articles

Back to top button