Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Զուրաբեան. «Փաշինեանը թաքցնում է 2019-ի կարգաւորման առաջարկին ՀՀ պատասխանը, ինչն է՛լ աւելի է ծանրացնում մեր մեղադրանքը»

«ԱԼԻՔ» – «Շնորհաւորում եմ մեր հանրութեանը: 2021 թւականից սկսած մեր պայքարը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման 2019 թւականի յունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապէս բաւարարւած է»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբեանը՝ իր հերթին անդրադառնալով նախօրէին Նիկոլ Փաշինենաի կողմից Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին առնչւող մի շարք փաստաթղթերի հրապարակմանը:

«Մեր հանրութեան, քաղաքական ուժերի ճնշման ներքոյ պարտադրեցինք իշխանութիւններին հրապարակել կարգաւորման չհրապարակւած պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինեանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգաւորման պլանը եւ կուտակել հանրութեան կասկածները իր յանցաւոր որոշումների վերաբերեալ կամ` հրապարակել եւ փորձել մինչեւ ընտրութիւնները ուղեղների լւացմամբ մարսել հրապարակման վնասները: Արդիւնքում, նա ընտրեց երկրորդ ճանապարհը եւ մենք վերջապէս ստացանք 2019 թւականի պլանի բացայայտումը («Կրուտիտները», որ հրապարակումը կապւած է Մինսկի խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետեւ Արցախի հայաթափումից յետոյ սպառւել էր Մինսկի խմբի առաքելութիւնը եւ նրա հովանաւորութեամբ բանակցային գործընթացը, հետեւաբար, եւ խորհրդապահութեան անհրաժեշտութիւնը):

Բոլոր մեր յայտարարութիւնները հաստատւեցին. եթէ հրապարակւած փաստաթուղթը ընդունւէր, մենք կունենայինք խաղաղութիւն, ապաշրջափակում, դէ-ֆակտօ անկախ Արցախ, Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ վերահսկողութիւն եւ միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձւող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:

Հանրութեան ձեռք բերած յաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակւի նաեւ Հայաստանի պաշտօնական պատասխանը 2019 կարգաւորման առաջարկին եւ դա անգամ աւելի կարեւոր պահանջ էր: Փաշինեանն այն չի հրապարակել:

Կայ երկու հնարաւոր բացատրութիւն.

1. Փաշինեանը թաքցնում է ՀՀ պաշտօնական պատասխանը, ինչը է՛լ աւելի է ծանրացնում մեր մեղադրանքը,

2. Պաշտօնական պատասխան չի եղել, ինչն աւելի սարսափելի իրողութիւն է բացայայտում` որ Փաշինեանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը, փաստօրէն, մերժելով բանակցութիւնները եւ բացելով կործանարար պատերազմի դուռը»,- գրել է Զուրաբեանը:

Related Articles

Back to top button