Հայաստան - Արցախ

Արթուր Խաչատրեան. «Փաշինեանը հպարտանում է՝ ինքնիշխանութիւն ենք ձեռք բերել ու մոռանում՝ թշնամին օկուպացրել է տարածքները»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2022 թւականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դէմ իրականացւած ագրեսիային եւ ինքնիշխանութեան մասին ՀՀ գործող վարչապետի յայտարարութիւններին:

«Երկու տարի առաջ…

2 տարի առաջ սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանցիները յարձակւեցին Հայաստանի Հանրապետութեան վրայ՝ Ջերմուկի ուղղութեամբ։ Ունեցանք տասնեակ զոհեր։ Թշնամին զաւթեց մօտ 200 քառակուսի կիլոմետր տարածք, ռազմավարական կարեւորագոյն նշանակութիւն ունեցող բարձունքներ։ Գլխաւոր շտաբի պետն ասում էր, թէ մատակարարման ուղիները կը փակեն, ոսոխը մի քանի օրից պոչը կը քաշի, կը գնայ։

Բայց դրանք դեռ մեր սարերում են, մեր երկրի տարածքում։ Երկու օր առաջ Փաշինեանն Ազգային ժողովում հպարտանում էր, թէ 2020 թւականից յետոյ մենք ինքնիշխանութիւն ենք ձեռք բերել, պետականութիւնն ենք փրկել։ Մոռացաւ յիշեցնել, որ թշնամին դեռ Ջերմուկում է, Սեւ լճի ափերին, Իշխանասարում, Շորժայում ու Ներքին Հանդում։ Թշնամուն են յանձնւել տարածքներ Շուռնուխից ու Կիրանցից։ Արցախը հայաթափւած է ու Ադրբեջանին բռնակցւած։ Հարւածի տակ են յայտնւել դէպի Իրան ու Վրաստան տանող հիմնական ճանապարհները։ Ահա այսպիսի անկախութիւն ու ինքնիշխանութիւն ենք մենք ստացել 2020 թւականից յետոյ…

Այսօր Նիկոլն Իլհամին առաջարկում է կիսատ պռատ համաձայնեցւած տեքստի հիման վրայ խաղաղութեան պայմանագիր կնքել։ Ըստ իրենց իսկ խոստովանութեան, այդ թուղթը չի անդրադառնում ո՛չ մեր տարածքից թուրքերի դուրս գալուն, ոչ Հայաստանի ապաշրջափակմանը, ո՛չ արցախցիների հայրենադարձմանը, ո՛չ մեր ռազմագերիների վերադարձին։ Բա էլ ի՞նչ խաղաղութեան պայմանագիր, եթէ ոչ մի հարց չի կարգաւորւում, խաղաղութիւն չի հաստատւում, իսկ թշնամին ստանում է պատերազմ սանձազերծելու բազմաթիւ առիթներ… Այս դէպքի համար են ասում. «յանգչիր խաղաղութեամբ»։ Սա է իրենց պատկերացրած խաղաղութիւնը»,- գրել է նա:

Related Articles

Back to top button