Քեզ հետ եւ քեզ համար
Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետեւ դու նա ես,
ում խաղաղութեան համար զոհւում են առանց կասկածելու,
որովհետեւ դու նա ես.
ում համար կռւի են ելնում առանց հրամանի,
որովհետեւ դու նա ես,
հէնց նա, որին ասում են միակ,
որին կարօտում են հեռւից,
որի համար արտասւում են օտար սրճարաններում
եւ նաւերի վրայ:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետեւ դու նա ես, որին կորցնելուց յետոյ
էլ ոչինչ չենք ունենայ կորցնելու,
որովհետեւ առանց քեզ անձրեւը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սէրը` շքեղութիւն աւելորդ
եւ որդի ծնելը` յանցագործութիւն:
Դժւար է խօսքով ասել այն, ինչ որ սրտում է պահւած,
առաւել եւս դժւար է լռել:
Լուսամուտներից թափւող լոյսերի յորդացումի հետ
իմ մտքի հոսքը պարզւում է ու դառնում յստակ:
Ես որոնում եմ կապը, որն իր հետ
ճշմարտութեան լոյս կը տայ խօսքերիս,
ու շաղախելով ես այս ամէնը
հարազատութեան տաք զգացումին
վերադարձնում եմ ահա նորից քեզ:
Ներիր, որ քո գովքը չեմ գունազարդում
Նոյի տապանի որոնման տենդագին ջանքերով,
որովհետեւ երգը, որ պիտի ուղղւի քեզ
պիտի նոր լինի քո նման,
որովհետեւ դու նոր ես ամէն օր
եւ պիտի լինես այդպէս շարունակ:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետեւ դու նա ես,
ում ձեռքը պէտք է իջնի մեր գլխին օրհնութեան նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…
Իսկ ես ահա չեմ դնում վերջակէտ,
որովհետեւ այս երգը չպէտք է վերջանայ,
որովհետեւ ես ու իմ երգը
միշտ քեզ հետ ենք
եւ միշտ քեզ համար:
Յովհաննէս Գրիգորեան